Արա Աբրահամյանը դժգոհ է, որ իրեն անձամբ նամակ չեն ուղարկել. ինտրիգներ Զարեհ Սինանյանի այցի շուրջ

Արա Աբրահամյանը դժգոհ է, որ իրեն անձամբ նամակ չեն ուղարկել. ինտրիգներ Զարեհ Սինանյանի այցի շուրջ

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան ուղեկցվեց տհաճ անակնկալով: «Ռուսաստանի հայերի միության» ղեկավարությունը փորձեց խոչընդոտել այն, կոպիտ արտահայտություններով նամակ ուղարկելով հանձնակատարի գրասենյակ: Սինանյանն, ինչպես հայտնի է, մինչև սեպտեմբերի 17-ը գտնվելու է Ռուսաստանում, հանդիպումներ է ունենում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Սոչիի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարարների, ուսանողների հետ: 

Եւ ահա սեպտեմբերի 12-ին, երբ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում էր, «Ռուսաստանի հայերի միության» Սոչիի մասնաճյուղը գրությամբ դիմում է ՀՀ սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, խնդրելով հետաձգել Սինանյանի այցը Սոչի, պատճառաբանելով այնտեղ ընթացող ՏԻՄ ընտրությունները: «ՌԴ-ում, Սոչի քաղաքում, ինչպես նաև Աբխազիայի հանրապետությունում տեղի ունեցող նախընտրական քարոզարշավի հետ կապված պարոն Զարեհ Սինանյանի այցելությունը համարում ենք ոչ նպատակահարմար և ոչ արդյունավետ: Ուստի խնդրում ենք հետաձգել այցը, ժամկետը նախապես համաձայնեցնելով «Ռուսաստանի հայերի միության» Մոսկվա քաղաքի ղեկավարության հետ», - ասված է գրության մեջ: 

Այն հասցեագրված էր սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանին, և քանի որ Զարեհ Սինանյանը չէր պատասխանում մեր զանգերին, մեկնաբանության համար դիմեցինք պարոն Սիմոնյանին: Նա մեզ հայտնեց, որ Զարեհ Սինանյանը, չնայած այս գրության, այնուամենայնիվ, մեկնել է Սոչի, և այժմ գտնվում է այնտեղ: 

Ինչո՞վ էր խանգարելու Սինանյանի այցը ընտրություններին: 

«Դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ քաղաքային խորհրդի  հայ համայնքի դեպուտատները այս պահին ընտրություններով են զբաղված և բացակայում են քաղաքից: Դուք գիտեք, որ Կրասնոդարի մարզում ու Աբխազիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, և դեպուտատները հիմնականում խառն էին, - պարզաբանում է Երեմ Սիմոնյանը, - ես խոսեցի համայնքի ղեկավարի ու տեղակալի հետ, իրենք ասացին, եթե հնարավոր է՝ մի փոքր հետաձգենք, հիմա ոչ նպատակահարմար ժամանակահատված է, բայց այս պահին պարոն Սինանյանը այնտեղ է: Նա Սանկտ-Պետերբուրգից ժամանել է Սոչի»: Գրության մեջ հորդորում են համաձայնեցնել «Ռուսաստանի հայերի միության ղեկավարի հետ», գուցե, Արա Աբրահամյանը դժգո՞հ էր, որ իր հետ անձամբ չեք համաձայնեցրել: 

Մեր հարցին Երեմ Սիմոնյանը պատասխանեց. «Մենք նախապես համաձայնեցրել ենք բոլորի հետ, գրավոր ենք համաձայնեցրել: Իրենք ասում էին, որ ոչ միայն  հայերի միության տեղական մարմիններին ուղարկենք նամակը, այլ նույնաբովանդակ նամակ ստանա միության Մոսկվայի ղեկավարությունը»: Արդյո՞ք ինտրիգների հոտ չի առնում պարոն Սիմոնյանը: 

«Սկզբում ես էլ նման կերպ ընկալեցի, ճիշտն ասած: Մտածեցի, խնդիրը ո՞րն է, որ ոչ նպատակահարմար են համարում: Հետո, որ խոսեցինք, հասկացա, որ բառը ճիշտ չեն ընտրել, երևի: Այս պահին Սինանյանը Սոչիում է, հյուպատոսը, դեսպանատունը դիմավորել են, հայերի միության նախագահի տեղակալը՝ Գերման Սերգեեվիչ Անանյանցը անձամբ է եկել Մոսկվայից, Արա Աբրահամյանի հանձնարարությամբ: Ամեն ինչ ընթանում է համահունչ», - նշեց «Հրապարակի» հետ զրույցում սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը: