Նիկոլը  եկավ, չեկավ, մի լավ օր չտեսանք

Նիկոլը  եկավ, չեկավ, մի լավ օր չտեսանք

Նիկոլ Փաշինյանը եկավ, չեկավ, մի լավ օր չտեսանք։ Կորոնավիրուսային դժոխքը մի կողմից, թորոսյանական մահվան սարսափը մյուս կողմից, երկիրը մի բուռ դարձավ։ Հետո 44-օրյա պատերազմը՝ ոսկորներ, դիակներ, հաշմվածներ, խեղվածներ, տնեզուրկներ․․․ 

Երկիրը լռեց, կուչ եկավ։ Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնվեց, թուրքը մտավ Հայաստանի սուվերեն տարածք ու «թազնեց»։ Բայց առավել սարսափելին այն էր, որ քրեորեն հետապնդելի դարձան այն մարդիկ,  ովքեր ուզում էին իշխանությանն ասել այն ամենը, ինչին արժանի էին, ինչին հասցրել էին։ Փակվեց ջրի բերանը։ Չմտածեցին, որ այդ ջուրը սելավ է դառնալու, որ չասված խոսքերը հեղեղի նման մի օր թափվելու են պատասխանատուի գլխին ու իրենց հողն են ուզելու, իրենց զավակներին են ուզելու, իրենց հայրենիքն են ուզելու։ 

Պատմության մեջ երևի նման դեպք չկա, երբ մարդը չուզի, որ իր երկիրը տան թշնամուն, այդ մարդուն ձերբակալեն։ Հիմա այդ շրջանն է։ Ձերբակալվում են  բոլոր նրանք, ովքեր դեռ չեն կոտրվել թշնամուց ու չեն ուզում իրենց հողերը հանձնել թշնամուն։ Ազգի ոգին, դիմադրողականությունը, ուժը, զորությունը այդ մարդիկ են։ Կոտրել ազգային ոգին՝ կարող է անել միայն թշնամին։ Սա ի՞նչ խելահեղություն է։ Ցանկացած ազգ կարող է նախանձել հայ ազգին՝ ուժով, միասնականությամբ, հավասարակշռվածությամբ, սթափությամբ։ Երթերի ժամանակ ոչ մի անզգույշ քայլ, ոչ մի սխալ։

Նայեք ուրիշ երկրների երթերին ու տեսեք, թե ինչեր են անում, ինչ վնասներ են հասցնում։ Այդքանը տեսնում է նաև իշխանությունն ու այլ ելք չունենալով, սադրում է մարդկանց։ Նման բան չի կարելի՜, ժողովուրդը դուրս է գալիս թմբիրից, իր վիրավոր թաթը լիզելով հեռացնել է ուզում իրեն հոշոտողին։ Դա պետք է ընդունել որպես ինքնապաշտպանություն ու հեռանալ։ Հեռանալ, որովհետև գազանների օրենքները գործում են միայն խուլ անտառներում։