Մտահոգություններ ունենք Փաշինյանի առաջարկած ֆորմատի արդյունավետության վերաբերյալ․ Խաժակյան

Մտահոգություններ ունենք Փաշինյանի առաջարկած ֆորմատի արդյունավետության վերաբերյալ․ Խաժակյան

Հունիսի 9-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինայնը հանդիպել էր (պաշտոնական հաղորդագրության ձևակերպմամբ) արտախորհրդարանական «շուրջ մեկ տասնյակ» քաղաքական ուժերի ղեկավարների հետ՝ նախկինում այսպիսի ուժերի մասնակցությամբ ձևաչափ կազմելու համար։

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել էին «Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:

Այդ հանդիպմանը Փաշինյանն ասել էր, որ «ևս մի քանի կուսակցությունների հետ նախապես կար պայմանավորվածություն, պարզապես «Հանրապետություն» կուսակցության ղեկավար պարոն [Արամ] Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրապետությունում չեն»:

Չնայած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը չկար այս հանդիպմանը, Շիրինյանի հետ դաշինքով էր մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին և մի քանի անգամ ասել է, թե արդյունավետ չի համարում այսպիսի ձևաչափը, այնուամենայնիվ բազմաթիվ հարցերում աջակցում է իմքայլականներին։

«Հրապարակը» ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավանգանու անդամ Դավիթ Խաժակյանից հետաքրքրվեց, թե իրենց քաղաքական ուժն ի՞նչ դիրքորոշում ունի այն ձևաչափի հետ կապված, որ Փաշինյանը փորձում է ստեղծել արտախորհրդարանական ուժերի հետ։

«Մենք ողջունել ենք, որ փնտրվում են ֆորմատներ արտախորհրդարանական ուժերին ներգրավելու համար, բայց նաև որոշակի մտահոգություններ ունենք այդ ֆորմատի արդյունավետության վերաբերյալ։ Որովհետև այդ ձևաչափով երբ իրար հետ թե՛ գաղափարական, թե՛ անցած ճանապարհի իմաստով աղերս չունեցող ուժեր են նստում մի սեղանի շուրջ, ինչպիսի՞ քննարկում կարող է ծավալվել, դժվարանում եմ ասել», - ասաց Խաժակյանը։
Հարցին՝ իսկ «Լուսավոր Հայաստանն» առանձին ինչ-որ կուսակցությունների առաջարկե՞լ է ինչ-որ ձևաչափ ստեղծել կամ համագործակցության եզրեր գտնել, ԼՀԿ գործիչը պատասխանեց, որ այս պահին դրա մասին խոսելը «դեռ վաղ է»։ 

«Որոշակի, կարծում եմ, հետընտրական հանդարտություն կլինի այս շրջանում, որից հետո մեր անելիքները վերանայենք», - հավելեց քաղաքական գործիչը։ 

Իսկ նույնպիսի շփումները հնարավոր կլինե՞ն խորհրդարան անցած «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների հետ, Խաժակյանն ասաց․ «Ես նորից եմ կրկնում, դրա մասին խոսելը վաղ է, և հատկապես այս ծանր ընտրական շրջանից հետո մենք շատ հարցերում վերագնահատում իրականացնելու անհրաժեշտություն ունենք»։