Չի կարելի պետականությունն անվերջ կորցնել 

Չի կարելի պետականությունն անվերջ կորցնել 

«Հայաստան» դաշինքին սատարող գիտնականների շարքում է նաեւ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է սատարում «Հայաստան» դաշինքին: «Ես էլ շատ շատերի պես գտնում եմ, որ «Հայաստան» դաշինքը, հատկապես նրա ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանը, թե Արցախի, թե Հայաստանի համար մեծ ծառայություններ է ունեցել։ Անպայմանորեն չմոռանանք նշել նաեւ, որ Վազգեն Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի օժանդակությամբ նա ստեղծեց Արցախի Հանրապետությունը, որը զարգացման ճանապարհի վրա էր։ Քոչարյանի օրոք Հայաստանը գրանցեց բավականին դրական արդյունքներ, առաջ էր գնացել տնտեսության մեջ եւ հիմա՝ ստեղծված ծանր իրավիճակում թե Արցախում, թե Հայաստանում, նա ի վիճակի է կատարելու այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը։ Այս նկատառումներից ելնելով, նաեւ ճանաչելով, տեսնելով նրա կառավարման հաջողությունները, կարծում եմ, որ ի վիճակի է նպաստել երկրի զարգացմանը եւ երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրսբերմանը»։ 

Ակադեմիկոսն ասում է՝ նախընտրական քարոզարշավը պետք է որ ընթանար 21-րդ դարին հարիր մեթոդներով, յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն պետք է ներկայացներ իր ծրագիրը, ասեր ընտրողներին, թե ինչ պետք է անի ընտրվելուց հետո, բայց ականատես եղանք շատ անհարիր քարոզարշավի, անվայելուչ պահվածքի. «Մենք քաղաքակիրթ աշխարհում որոշակի ավանդ ունեցող ժողովուրդ ենք, նվաճումներ ենք ունեցել տարբեր ասպարեզներում, եւ մեզ սազում էր ավելի քաղաքակիրթ քարոզարշավ վարել»։        

Սուվարյանը կարծում է, որ ընտրությունը հնարավորություն է երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար, իսկ հայ ժողովուրդն էլ` բավականին հասուն այն իրականացնելու համար, բայց թե ինչ արդյունքներով՝ դժվար է կանխատեսել. «Ընդամենը կարող եմ ցանկություն հայտնել, որ այնպիսի ընտրություն լինի, որ հաղթահարվի ճգնաժամը, բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակում ընտրությունը միակ քաղաքական ելքն է երկիրը իր հունով զարգացնելու համար, դրան չնպաստող այլ քայլեր ճիշտ չեն լինի եւ չեն նպաստի երկրի զարգացմանը։ Չի կարելի պետականությունն անվերջ կորցնել եւ խարխափել խավարի մեջ»,-ասում է Սուվարյանն ու հույս հայտնում, որ ընտրությունները կկայանան առանց խախտումների եւ կեղծիքների։