Ամեն մարդ անում է այն, ինչ ինքը հարմար է գտնում, հարմար՝ իրեն ու իր մտածելակերպին 

Ամեն մարդ անում է այն, ինչ ինքը հարմար է գտնում, հարմար՝ իրեն ու իր մտածելակերպին 

Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հակամարտությունը մտավ վճռական փուլ՝ մարզպետի կողմից քաղաքապետարանի առաջ դրված երկաթ-բետոնե կոնստրուկցիաների պատճառով։ Սրանից առաջ Լոռու ՔՊ-ական մարզպետը հարցազրույց էր տվել եւ հանրապետության երրորդ քաղաքի ղեկավարին մեղադրել անորակ ասֆալտ անելու, վատ աղբահանության, սուբվենցիոն ծրագրերը չկատարելու եւ 2019-ից 2020 տեղափոխելու, քաղաքի ճարտարապետական դեմքն աղավաղելու, անօրինական կառույցների թույլտվություններ տալու ու էժան ռեյտինգ ձեռք բերելու մեջ։ Անդրեյ Ղուկասյանի մեղադրանքների շուրջ զրուցեցինք Մամիկոն Ասլանյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր դեմ մարզպետի ակցիան։

- Շատ վատ։

- Մարզպետ Ղուկասյանը հայտարարեց, որ Դուք փորձում եք քաղաքացիների հարցերը լուծել, չմերժել՝ լավամարդ լինել եւ էժան դիվիդենտներ հավաքել, որպեսզի Ձեր լեգիտիմության պակասը դրանով լրացնեք։ Խոսքը, մասնավորապես, ապօրինի կառույցների թույլտվությունների մասին է։

- Էս քաղաքն էնքան փոքր է՝ լավամարդ ու վատամարդ դուրս գալու խնդիր չկա։ Մեր խնդիրն էն է, որը որ օրինականացման ենթակա է, միշտ էլ էդպես է եղել, տարիներով՝ Երեւան, Վանաձոր, Գյումրի քաղաքներում, որ եթե մի հողի նշանակությունը համապատասխանել է կառուցված շինությանը, ճարտարապետական տեսքը չի վնասվել, բոլոր ապօրինի կառույցներն օրինականացվել են, ըստ էության։ Նույնիսկ օրենք կա, բայց որն օրենքից դուրս է, մենք ո՞նց կարանք օրինականացնենք։ «Օրինականացում» բառը հենց նշանակում է օրենքի սահմաններում։ Հետեւաբար, եթե օրենք չենք խախտել, ու դա մեր բացառիկ լիազորությունների մեջ է մտնում՝ օրինականացնելը կամ տույժ-տուգանքի ենթարկելը, քանդելը եւ այլն, եւ այլն, ստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Իսկ լավամարդ-վատամարդ լինելը․․․ ո՞վ ա ուզում վատամարդ լինի։ Եթե մեր լիազորության մեջ է, մենք չենք նայում՝ լավամարդ ենք լինում, թե վատամարդ։

- Ասում է՝ բոլորին համատարած թույլ եք տալիս։

- Ոչ, անցյալ տարի մոտ 80 նմանատիպ տաղավարներ են ապամոնտաժվել ու քանդվել։ 53 հատը մենակ իմ մասնակցությամբ է ջարդվել, հանվել, տեղափոխվել։ Ուզում եմ ասել՝ նմանատիպ որեւէ կաշկանդվածություն չունենք, եւ որը որ օրենքից դուրս է, որը որ տհաճ է, կապ չունի։ Նույնիսկ եթե օրինական է, բայց կառույցը մեր սրտով չէ, փոխել ենք տալիս, քանդել ենք տալիս։ 

- Մեկ այլ մեղադրանք․ 2019-ին 760 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագրեր պետք է իրականացվեին Վանաձորում, բայց մեծ մասը չի ավարտվել, տեղափոխվել են 2020 թվական, Դուք էլ, չնայած Ղուկասյանը Ձեզ խորհուրդ էր տվել, չեք փոխել աշխատանքները տապալած շինարարին։

- Մենք մեր բոլոր սուբվենցիոն ծրագրերն ավարտել ենք, ասֆալտն էլ 4-5 օրից ավարտում ենք, որեւէ կիսատ թողած բան չունենք, որ նոր շինարար հրավիրենք։

- Բայց ասաց՝ 2019-ին պետք է աշխատանքներն իրականացվեին։

- 2019-ի դեկտեմբերին կառավարության որոշում է դուրս եկել՝ 6 ամսով երկարացրել են՝ մինչեւ օգոստոսի 1-ը (2020-ի), վերջինն ասֆալտն է, մի քանի օր ուշացրել են, օգոստոսի 1-ից ընկել են տուգանքի տակ, ի՞նչ կարիք կար նորից մրցույթ հայտարարելու, նորից 45 օր սպասելու եւ այլն։ Մենք մեր բոլոր սուբվենցիոն ծրագրերն ավարտել ենք եւ ասֆալտն էլ ավարտում ենք արդեն։ Իսկ մնացածը 100 տոկոսով ավարտել ենք։ Ասֆալտն էլ՝ մի քանի փողոց է մնացել։

- Ասֆալտապատման որակն ավանդաբար վատն է մնում, այդ ավանդույթները շարունակվո՞ւմ են։

- Ավանդաբար․․․ վատն է, թե լավը, որոշում են տեխնիկական վերահսկողություն իարկանացնող մարմինները եւ լաբորատորիաները։ Իսկ աչքով միգուցե իրականում լավն է, բայց վատ է կամ, հակառակը՝ լավն է, լաբորատոր փորձաքննությունը տալիս է, որ լավն է։ Էս փուլում մինչեւ իրենք չեն ներկայացնում դրական եզրակացությամբ փորձաքննություն ու տեխնիկական վերահսկողություն, մենք վճարում չենք կատարում։ Եվ այն փողոցները, որոնք ունեցել են բացասական կամ դեռեւս չպարզաբանված փորձաքննություն, այդ փողոցների գումարը չենք վճարել։

- Ասաց՝ էնպիսի մեծությամբ փոսեր են, որ վարորդներն իրենք են խիճ ու ավազ բերում-լցնում։

- Մենք չգիտենք, թե ինքը որտեղ է նման բան տեսել, Վանաձորում այսօր նման փողոց չկա։ Բնականաբար, կան փողոցներ, որ երկար տարիներ չեն ասֆալտապատվել, հիմա ասել՝ իդեալական է, որեւէ մեկը չի կարող, սուտ կլինի։ Մենք էս տարիների ընթացքում մոտ 20-30 փողոց ենք հիմնանորոգել, ու դրանք շարունակվում են։

- Ծանրամարտի դպրոցի շինարարությունը էլ, ըստ Ղուկասյանի, չսկսվեց։

- Ծանրամարտի դպրոցի մրցույթը եղել է անցյալ տարվա նոյեմբերին։ Կառավարությունում էլ տեղյակ են․․․ ոչ թե տեղյակ են, այլ դա այս տարի էլ նախատեսված է եղել։

- Մարզպետն ասաց նաեւ, որ Ձեր պաշտոնավարման ավարտին 1 տարի է մնացել, իսկ Դուք Ձեր խոստումների 3 տոկոսն եք կատարել։

- Ես իմ բոլոր խոստումները կատարել եմ։ Ինչ խոստում որ իմ կողմից հնչել է, լրիվ կատարել եմ, դեռ մի բան էլ ավելի։ Եվ ես իմ աշխատանքներն իրականացնելիս չեմ մտածում ընտրությունների մասին։ Ես կատարում եմ մեր ամենօրյա սովորական աշխատանքները։

- Լոռու մարզպետի խոսքով՝ այս գործելաոճը շարունակելու դեպքում Մամիկոն Ասլանյանը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»։

- Ես չեմ ուզում նման բաները մեկնաբանել։ Ես քաղաքապետարանի շենք մտնելուց հետո քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ քաղաքի տնտեսական զարգացմամբ։ Իսկ թե ով որտեղ է պատկերացնում իրեն կամ ով որտեղից է դուրս եկել, ես էդ ձեւի բաները չեմ մեկնաբանում։ Ես երբեւէ որեւէ տեղ հայտնվելու հեռանկար ինձ համար չեմ տեսել։

- Իսկ առաջադրվելո՞ւ եք քաղաքապետի թեկնածու։

- Էս պահին որեւէ հստակ որոշում չկա, բայց ցանկություն կա էդ գործը շարունակելու։

- Եվ վերջում․ ասում են՝ Լոռու մարզպետն ամբողջ օրը տարբեր քննչական մարմինների է ուղարկում համայնքապատկան տարբեր կառույցների վրա։

- Եթե մարդը գտնում է, կասկածներ ունի, կամ ինչ-որ առերեւույթ թերություններ են, իրավական խնդիրներ են, թող լուծվեն, իր խնդիրն է, իր որոշելիքն է։ Ես իրեն ուղղություն տալու նպատակ կամ որեւէ բան չունեմ։ Ամեն մարդ անում է էն, ինչն ինքը հարմար է գտնում՝ հարմար իրեն ու իր մտածելակերպին։