Այդ գործողությունները առաջին դեմքի հրամանով են կատարվել, էլ ի՞նչը պարզեն․ Գագիկ Համբարձումյան

Այդ գործողությունները առաջին դեմքի հրամանով են կատարվել, էլ ի՞նչը պարզեն․ Գագիկ Համբարձումյան

Երեկ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները հերթական «մասկի- շուն» բեմադրեցին․ մեկը մեկի հետևից ասֆալտին փռելով ու պատերին ծեփելով` բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին և «Ադեկվադ» միաբանության ևս 2 անդամների։ Ըստ ոստիկանության պարզաբանումների՝ վերջիններս բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք, թմրանյութ պահելու կասկածաքով, սակայն ոստիկանությունն անձնական խուզարկությամբ բերման ենթարկվածների մոտ որևէ ապօրինի կամ նույնիսկ օրինական զենք չհայտնաբերեց։

Ոստիկանության գործողությունների վերաբերյալ «Հրապարակը» կարծիք խնդրեց նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբաձումյանից: «Դրա վերաբերյալ երեկ այնքան բան ասացին, ամենևին մասնագետ պետք չէ լինել՝ գնահատական տալու համար, երեկ ամեն ինչն էլ մեկնաբանվել է, ամեն ինչն էլ զավեշտ էր, այլ բան չունեմ ասելու», - մեզ հետ զրույցում ասաց Համբարձումյանը։

Հարցրինք, թե, իր գնահատմամբ, որքանով էին ոստիկանների գործողությունները համաչափ, և որ պարագայում է ոստիկանությունը նման բիրտ ուժ կիրառում: «Նման գործողությունները ընդունված են շատ լուրջ և շատ վտանգավոր հանցագործներին վնասազերծելու ժամանակ»։

Իսկ երկրի ղեկավարը սովորաբար տեղյա՞կ է լինում, երբ, օրինակ, նման մեթոդներով լրատվամիջոցների ղեկավարներ կամ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող անձինք են բերման ենթարկվում: «Ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինի, կարող էր և տեղյակ չլինել»,- պատասխանեց Համբարձումյանը։

Նախկին փոխոստիկանապետին հարցրինք նաև, թե պե՞տք է արդյոք ոստիկանությունը ծառայողական քննություն սկսի՝ պարզելու, թե որքանով էին իրավաչափ ոստիկանների այդ գործողությունները: «Պետք է, որ ծառայողական քննություն անցկացնեն, պարզեն, բայց քանի որ այդ բոլոր գործողություններն առաջին դեմքի հրամանով են կատարվել, էլ ի՞նչը պարզեն, խեղճուկրակ շարքային սպաների վրա բարդելո՞ւ հետ կապված, ի՞նչ պարզեն։ «Քաղաքական ճնշումներ» ձևակերպումից ես զերծ կմնամ, բայց ոստիկանությանը պատիվ չի բերում նման գործողությունը։ Քանի որ օգտագործվել են ոստիկանության հատուկ ստորաբաժանման ուժեր, ապա դա կարող էին անել միայն ոստիկանապետի հրամանով, հետևաբար ծառայողական քննություն անցկացնել և շարքային սպաներին մեղավոր նշանակել, դա անխելքություն է։ Խնդիրն այլ է․ այդ հարցը քննարկման առարկա պետք է դառնա Ազգային ժողովի Պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովում, եթե, իհարկե, համարձակությունները կհերիքի, և  ոչ միայն դա պետք է դառնա քննարկման առարկա, այլևս մեկ ամիս առաջ համալսարանի ուսանողական խորհրդի նախaգահի դեպքը, երբ այդ երիտասարդին կանդալած և ստորացնելով ոստիկանությունը բերման ենթարկեց, նա նույնիսկ վկա էլ չէր։ Այդ 2 հարցը պետք է քննարկման առարկա դառնա այնտեղ »,- պատասխանեց Համբարձումյանը։