Մոսկվայից վերադառնալ ցանկացողները մեկ ինքնաթիռում չեն տեղավորվի /թարմացված/

Մոսկվայից վերադառնալ ցանկացողները մեկ ինքնաթիռում չեն տեղավորվի /թարմացված/

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը այսօր առավոտյան հայտարարեց, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

Սակայն տոմսերը արագ սպառվեցին, և դեսպանատունը ժամը երեքի կողմերը հայտարարեց, որ Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծ քանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։ Մոտ 6000 զանգ է ստացել դեսպանատունը Հայաստան վերադառնալ ցանկացող քաղաքացիներից: Դեսպանատունը խնդրեց հանգստություն պահպանել և հավաստիացրեց, որ իրավիճակը վերահսկելի է: 

Դեսպանատան կայքեջին բազմաթիվ քաղաքացիներ նամակներ են գրում, հարցադրումներ են անում, որոնցից պարզվում է, որ շատերը գումար չունեն Հայաստան վերադառնալու համար: Ոմանք էլ դժգոհում են, որ   Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ Քիչ առաջ, պատասխանելով նրանց, դեսպանատունը հայտնեց. «Նշյալ քաղաքացիների հետ մեկտեղ՝ առաջնահերթություն է տրվում բոլոր այն ՀՀ քաղաքացիներին, որոնց վերադարձը հայրենիք խիստ հրատապ և անհետաձգելի է, նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Նման քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրվում է նաև հայ համայնքային կառույցների կողմից։

Այս օրերին ստեղծված բարդագույն իրավիճակում` հաշվի առնելով նաև նստավայր երկրում սահմանված խստագույն սահմանափակումները, այդ թվում՝ միջազգային օդափոխադրումների ամբողջական դադարեցման պահանջը, դեսպանությունը շարունակում է օգտագործել հնարավորագույն միջոցները ծագած խնդիրների կարգավորման ուղղությամբ»։ Համացանցի տիրույթում ոչ ստույգ և իրականությանը չհամապատասխանող տեղակատվության տարածման հանգամանքը, դեսպանատունը կոչ է անում հետևել միայն պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությանը։

Մեր հայրենակիցներից մեկը, ով «Դոմոդեդովոյում» գիշերել է, մեզ հայտնեց, որ այս պահին օդանավակայանում մոտ 700-800 հոգի է հավաքվել: «Երկուշաբթի թռչող ինքնաթիռը 220 մարդ կարա տանի, մնացածը չգիտեն, ինչ են անելու, էլ չասած, որ Ռուսաստանի ուրիշ քաղաքաներից էլ են մարդիկ գալիս, որ ստեղից թռչեն», - ասաց քաղաքացին, որը Երևանի բնակիչ է: 
Ակնհայտ է, որ ՌԴ-ից ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար առնվազն երեք ինքնաթիռ է պետք: Դրա համար կառավարությունը պետք է միջոցներ տրամադրի, եթե հնարավոր է, նրանց անվճար բերի Հայաստան, քանի որ մեր հայրենակիցներից շատերը ինքնաթիռի տոմսեր չունեն: Ի դեպ, լուրջ հարց է նաև նրանց համար կարանտինային պայմաններ ստեղծելը, քանի որ ՌԴ-ից ժամանածներին պետք է 14 օր պահեն կարանտինի ռեժիմում: