Քվեարկում է հանձնաժողովը, վավերացնում՝ նախագահը

Քվեարկում է հանձնաժողովը, վավերացնում՝ նախագահը

ՀՀ նախագահի մրցանակի նախաձեռնող եւ հովանավոր «Պողոսյան հիմնադրամն» ու մրցանակաբաշխության կազմակերպիչ «Հայաստան» համահայկական հիմնադրամն օրերս տեղեկացրին, որ համավարակի հետեւանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ առնվազն մինչեւ 2020 թվականի սեպտեմբերը հետաձգվում է 2020 թվականի մրցանակակիրներին հայտարարելու գործընթացը, ինչպես նաեւ՝ ՀՀ նախագահի նստավայրում մրցանակաբաշխության հանդիսությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան հիմնադրամը»: Որպես մրցանակ՝ հաղթողին շնորհվում է մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ եւ աշխատանքներ կատարած, ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին, 7 բնագավառում։ Այս տարի ամենաշատ հայտերն ընդունվել են արվեստի, ապա՝ գրականության բնագավառում, համապատասխանաբար՝ 17 եւ 14 հայտով, իսկ ամենաքիչը՝ ֆիզիկայի բնագավառում՝ 2 հայտ։

Գրականության բնագավառում հայտատուների շարքում են Վահրամ Մարտիրոսյանը՝ «Բամբակե պատեր» վեպով, Անուշ Սարգսյանը՝ «Սադի տակի շենքը» վեպ-էսսեով, Հակոբ Սողոմոնյանը՝ «Լոշտակ հրեշտակը» վիպակով, Գեւորգ Տեր-Գաբրիելյանը՝ «Հրանտ» վեպով, Էդուարդ Հարենցը՝ «Ելման կոյնե» բանաստեղծությունների ժողովածուով, Արշակ Սեմիրջյանը՝ «Դու էիր պակաս» պիեսների ժողովածուով, եւ այլք։

Մեզ հայտնի դարձավ, որ ընտրող հանձնաժողովը նախապատվությունը տվել է Արամ Թոփչյանի եւ Գոհար Մուրադյանի «ՎԵՐԳԻԼԻՈՒՍ «ԷՆԵԱԿԱՆ»»՝ լատիներենից արված թարգմանական գործին։ Գիրքն ընդգրկում է անտիկ գրականության գլուխգործոցներից մեկի՝ Հոմերոսի «Իլիական»-ի ու «Ոդիսական»-ի հետ «մեծ եռյակ» կազմող գրական երրորդ կոթողի՝ Պուբլիուս Վերգիլիուս Մարոյի (մ.թ.ա. 70-19) «Էնեական»-ի՝ լատիներեն բնագրից արեւելահայերեն առաջին ամբողջական թարգմանությանը՝ ընդարձակ առաջաբանով եւ ծանոթագրություններով:

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ի պաշտոնե չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել լուրը, քանի որ արդյունքները մինչեւ մրցանակաբաշխությունը չեն կարող հանրայնացնել։ «Կա նաեւ մեկ այլ խնդիր․ մենք քվեարկում ենք մի քանի անգամ, արդյունքը լինում է, բայց վավերացնում է նախագահը։ Այսինքն՝ պաշտոնապես իրե՛նք իրավունք ունեն հայտարարել։ Մի տարի ես Արվեստի հանձնաժողովի մեջ էի, հանձնաժողովը քվեարկեց «ԱկԱկ»-ի օգտին, բայց նախագահը չվավերացրեց»,-ասում է Արզումանյանն ու հավելում, որ չնայած հայտերի քանակին, մրցակցությունն առանձնապես թեժ չի եղել։ «Մենք, անկեղծ ասած, առաջին հերթին հակված ենք լինում մեր հայ գրողներին առաջնահերթություն տալ, հետո՝ թարգմանությանը, եւ սովորաբար թարգմանություններին տալիս ենք այն դեպքերում, երբ հայ գրողները ձայն չեն հավաքում»,- եզրափակում է Լ․ Արզումանյանը։