Հայկական կողմը հնարավորինս շուտ պետք է բարձրաձայնի մեր օկուպացված տարածքների խնդիրը՝ Շահումյան, Գետաշեն, Արծվաշեն

Հայկական կողմը հնարավորինս շուտ պետք է բարձրաձայնի մեր օկուպացված տարածքների խնդիրը՝ Շահումյան, Գետաշեն, Արծվաշեն

«Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ եւ սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» քննարկման ակումբի հերթական նիստում:
«Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այլեւ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաեւ Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք, ընդհանուր առմամբ»,- ասել է Ռուսաստանի նախագահն իր խոսքում:

Խոսելով ղարաբաղյան խնդրի մասին՝ Պուտինը նաեւ ասել է․ «Միեւնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մաս կորսված է, չի կարող հավերժ տեւել։ Երկար տարիների ընթացքում մենք այս ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, որ կայունանա իրավիճակը պատմական տեւական հեռանկարում»։ Այսինքն, խոսքը երկակի ուղղվածություն է ունեցել․ մի մասով՝ ի նպաստ հայերի, մյուսով՝ ադրբեջանական ագրեսիան ինչ-որ տեղ արդարացնող։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք, թե ինչպես պետք է հասկանալ Պուտինի այս հայտարարությունները՝ հատկապես կապված «Ադրբեջանի՝ կորսված զգալի տարածքների հետ»։

«Պետք է հասկանալ շատ պարզ եւ հստակ։ Վլադիմիր Պուտինը, լինելով մեր դաշնակիցը, ամենամոտիկ երկրի ղեկավարը, ինքը, իհարկե, իր ելույթների մեջ միշտ էլ, կոպիտ ասած, փորձում է բալանսավորել իր ելույթները։ Դրա հետ մեկտեղ, ես հայտարարությունը գնահատում եմ այն դրվագների վրա հենվելով, որ առաջին հերթին շատ հստակ մատնանշվեցին հանցագործությունները, առաջին անգամ այդ մակարդակով մատնանշվեց շատ պարզ մի իրողություն, որ Արցախի շուրջ հայերի պայքարն արդարացի է։ Ճիշտ է՝ տառացի նա չասաց, բայց ասաց հետեւյալը․ որ այս ամենի հետեւանքն այն է, որ Ադրբեջանը Սումգայիթում, Բաքվում հակահայկական եւ փաստացի հայերի ոչնչացման քաղաքականություն էր տանում եւ, ըստ էության, այսօր էլ է տանում։ Այն, ինչ կատարվում է, եւ հայերի տեսլականը ոչ միայն հասկանալի է, այլեւ շատ լուրջ հիմնավորված է։ Մենք պետք է սրա վրա սեւեռվենք, դա է շատ կարեւոր, որովհետեւ հստակ մատնանշվեցին հանցագործությունները ու հստակ մատնանշվեցին պատճառահետեւանքային բոլոր դրույթները, որոնք հենքն են բոլոր այն պրոցեսների, որոնք մենք այսօր տեսնում ենք։ Եկեք վերհիշենք նաեւ Պուտինի կտրուկ արձագանքը Թուրքիայի նկատմամբ, որ նա չի կիսում թուրքերի տեսլականն այս ամենի հետ։ Նա կրկին նշեց հայոց ցեղասպանության մասին, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի են ունեցել ահավոր հանցագործություններ։ Հիշեցնեմ, որ 2015 թվականին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման 2 անգամ ընդունել է հայոց ցեղասպանության փաստը, եւ Պուտինը 2015 թվականին՝ ցեղասպանության 100-ամյակին, Հայաստանում էր։ Երբ մենք գլոբալ առումով կապում ենք բոլոր այդ արտահայտությունները, ապա դա հստակ ցույց է տալիս Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ, այո, այս ամենի հիմնական պատճառը հակահայկական, հայատյաց քաղաքականությունն է, որ վարում է Ադրբեջանը»,- պատասխանեց Աբովյանը։
Բայց ի՞նչ նկատի ուներ Պուտինը՝ խոսելով «ադրբեջանական տարածքների» մասին, հնարավո՞ր է, որ խոսքը լավրովյան պլանի մասին է, թե՞ այլ տարածքներ նկատի ուներ, այլ մասշտաբների՝ հարցրինք պատգամավորին։
«Թույլ տվեք՝ ես ենթատեքստեր ման չգամ, ասեմ ավելին՝ ես դիտարկում եմ տարածքները Շահումյանի կոնտեքստում, որ մենք վաղ թե ուշ պետք է բարձրացնենք Շահումյանի շրջանի խնդիրը, որն օկուպացված է թուրք-ադրբեջանական ահաբեկչական զորքերի կողմից, Արծվաշենը, մենք ունենք բազմաթիվ տարածքներ Արցախի Հանրապետության, որոնք փաստացի օկուպացված են, ինչո՞ւ այդ տեսանկյունից չենք նայում։ Պուտինը տվյալ դեպքում մատնանշեց, որ գոյություն ունի խնդիր, իսկ խնդրի ելքը եւ պատճառահետեւանքային խնդիրները պետք է շատ ուշադիր ուսումնասիրել՝ իր ելույթի մեջ մատնանշված բոլոր երանգներով։ Երբ մենք փորձում ենք կոնտեքստից կտրել այս կամ այն արտահայտությունը եւ չենք նայում բուն հայտարարության իմաստին եւ էությանը, մեզ մոտ ստացվում է մի իրավիճակ, որ փաստացի խաբկանքի մեջ ենք դնում մարդկանց։ Պետք է ընդհանուր, գլոբալ առումով նայել այդ ամենին։ Իմ անձնական կարծիքն այն է, եւ ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայկական կողմը ինչքան հնարավոր է՝ շուտ բարձրաձայնի նաեւ մեր օկուպացված տարածքների խնդիրը՝ Շահումյան, Գետաշեն, Արծվաշեն, մենք ինչո՞ւ այդ մասին չենք խոսում»։