3,5 միլիոն գերմանացի էլ Չեխոսլովակիայի Սուդեթական մարզից վտարվեց
«Հիմա մեր գլխավոր բարոյական (նաեւ՝ քաղաքական) խնդիրն է՝ ամեն կերպ թույլ չտալ, որ հայը վարկաբեկվի հայի կողմից: Թույլ չտալ, որ «պոլիցայի ֆենոմենը» բուն դնի մեր կյանքում եւ հոգիների մեջ: Այս երեւույթի դալուկ առկայծումներն արդեն նկատելի են առանձին դեպքերում»։ Սա ԱՄՆ-ում ապրող հայտնի հայ հոգեբան, գրող, հրապարակախոս Վարդգես Դավթյանի ախտորոշում-ձեւակերպումն է, որը հավասարապես վերաբերելի է թե՛ հայաստանյան ներքաղաքական առճակատումներին, թե՛ Արցախի շուրջ ստեղծված վերջին զարգացումներին եւ մանավանդ՝ բռնի տեղահանված արցախցիների՝ Հայաստան տեղափոխվելու համապատկերում։
Հայության ծանր ճակատագրի, բարոյահոգեբանական վիճակի, դրա առանձնահատկությունների, համընդհանուր սթրեսի հաղթահարման մասին զրուցել ենք հոգեբան Վարդգես Դավթյանի հետ։
- Որպես սրտացավ հայ, մտավորական ու նաեւ ակտիվ օգտատեր՝ հայոց ճակատագրին վերաբերող հարցերի մասին հաճախ եք գրառումներ անում, տեսակետ հայտնում։ Նշում եք՝ չպետք է թույլ տալ, որ հայը վարկաբեկվի հայի կողմից։ Օրերս Սուրենավան համայնքի ղեկավարը, որ իշխող կուսակցությունից է, կոչ է արել՝ Երեւանում ընդդիմության ցույցի մասնակից արցախցիներին զրկել որեւէ օգնությունից ու աջակցությունից։ Վարկաբեկում չէ՞, եթե չասենք՝ ատելության քարոզ է։
- Կորուսյալ Արցախի մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ինչպես մյուսները, հետեւապես, պետք է լիարժեք մասնակցություն ունենան Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում: Այլ հարց է, որ ցանկալի է, որ չներքաշվեն ինչ-որ քաղաքական ավանտյուրաների կամ լուսանցքային պրոցեսների մեջ: Հիմա նրանց մեծամասնությունը գտնվում է սթրեսային եւ դյուրաբեկ հոգեվիճակում. նրանց պետք է ամրանալ, կազդուրվել, ոտքի կանգնել:
- Արցախի գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար հոգի, շուրջ մեկ տարի շրջափակման մեջ տաժանակիր օրեր ապրած մանուկներ, ծերեր, հաշմանդամներ, երեք պատերազմ, մահ ու կորուստ տեսած մեր բյուրավոր հայրենակիցները դարձան տարագիր, փախստական՝ հասնելով Հայաստան։ Արցախի իշխանությունն էլ հայտարարեց, որ 2024 թ․ հունվարի 1-ից ԼՂՀ-ն դադարում է գոյություն ունենալ։ Ի՞նչ խոհեր ու տագնապներ ունեք այս ամենի շուրջ։
- Այս երեւույթը որոշակի նմանություն ունի Չեխոսլովակիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սուդեթական մարզի գերմանացիների ճակատագրի հետ: 2-րդ աշխարհամարտից հետո չեխերը Կարմիր բանակի աջակցությամբ եւ Անգլիայի ու ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ այդ մարզից վտարեցին 3.5 միլիոն գերմանացիների, որոնք 800 տարուց ավելի ապրել, արարել, ծաղկեցրել էին Սուդեթական մարզը: Երեքուկես միլիոնը թողեց իր ծննդավայրը, տեղափոխվեցին եւ սփռվեցին պատերազմից կիսաքանդ եղած Գերմանիայով մեկ: Աննկարագրելի տառապանք տեսան, սակայն գերմանական աշխատասիրության եւ կարգապահության շնորհիվ արագորեն ինտեգրվեցին նոր պայմաններում: Տեսակետ կա, որ գերմանական տնտեսական հրաշքի կերտման մեջ մեծ դեր են խաղացել նաեւ սուդեթական նորագաղթ գերմանացիները: Ես կասկած չունեմ, որ մեր հայրենակիցները նույնպես կարեւոր դերակատարություն են ունենալու հզոր Հայաստանի կերտման գործում:
- Արցախցիների տեղահանությունն ու մեր հանրապետությունում ապաստանելը, նյութաֆինանսական, կենցաղային եւ այլ անհրաժեշտ աջակցությունից բացի, նաեւ հոգեբանական ահռելի օժանդակություն է ենթադրում։ Անմարդկային զրկանքներ կրած մարդիկ լքել են իրենց հայրենիքն ու տունը, մնացել անօթեւան, առանց ոչնչի։ Որպես մասնագետ՝ կհուշե՞ք, թե ինչ է պետք անել՝ նրանց հոգեվիճակը մեղմելու, նրանց քաջալերելու եւ կյանք վերադարձնելու համար։
- Այո, առջեւում սոցիալ-հոգեբանական եւ հոգեթերապիական աշխատանքի հսկայածավալ անելիք կա: Վերջերս հեռուստատեսությամբ մի հարգարժան հոգեբան մի փոքր հուսահատ ասում էր․ «Ախր, ես ի՞նչ խոսք կամ մխիթարանքի պատգամ պիտի ասեմ այդ մարդկանց, երբ նրանց սոցիալական պրոբլեմները լուծված չեն» եւ այլն: Սակայն անհատական հոգեթերապիայից բացի եւ դրանից առավել՝ հիմա պետք է զանգվածային խմբային հոգեբանական աշխատանք տանել: Ձեւավորել տիպային խմբեր եւ այլն, օրինակ՝ որդեկորույս ծնողների խմբեր, ունեզրկված երիտասարդ ընտանիքների խմբեր, եւ համակարգված, հետեւողական աշխատանք տանել նրանց հետ՝ ներգրավելով նաեւ սոցիալական աշխատողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների եւ այլն: Դրական արդյունքները կլինեն երաշխավորված: Եվ մի բան էլ: Հանրային հարթակներից եւ ԶԼՄ-ներից պիտի հնարավորինս դուրս մղել հառաչական, սուգ ու շիվանի մոտիվները: Դրանք լավ տեղ չեն տանում:
- Լայն իմաստով, հայ հասարակությունն էլ մեծ դեպրեսիայի մեջ է, պատերազմի, շղթայական պարտությունների եւ կորուստների հետեւանքով սթրեսներ, անվտանգային սպառնալիքներ, թուրք-ադրբեջանական տանդեմից նորանոր սպառնալիքներ, վերջնագրեր, Ադրբեջանի կողմից հայ գործիչների առեւանգումներ, կալանավորումներ եւ այլն։ Կա՞, արդյոք, մասնագիտական հավաքական գնահատական այս ամենին, եւ ո՞րն է դեղատոմսը։
- Այս զրույցի մեջ «մասնագիտական հավաքական գնահատական» տալու կարիքը չկա: Բոլոր այն աղբյուրները, որոնք ի վիճակի են ներգործելու հանրային գիտակցության եւ հոգեվիճակի վրա, պետք է քարոզեն սեր, հանդուրժողականություն, կարեկցանք, մերձավորի ցավը զգալու եւ նրան օգնելու պատրաստակամություն: Չէ՞ որ Աստվածաշնչում է գրված՝ մարդը կարողացավ հաղթել տառապանքին, որովհետեւ կարողացավ հասկանալ ուրիշի տառապանքը:
Արա Ալոյան
Կարծիքներ