Ձերբակալվել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ

Ձերբակալվել են ՀՀ ոստիկանության ՃՈ տեսուչներ

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» տեսուչներ Ն. Թ.-ն, Ռ. Ն.-ն և Գ. Ե.-ն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված՝ երկու տասնյակից ավելի վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափերի՝ 5000-20000 ՀՀ դրամ գումար:

19.01.2023 թ.-ին ՃՈ տեսուչներ Գ. Ե.-ն և Ռ. Ն.-ն կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: 20.01.2023 թ.-ին նույն կասկածանքով ձերբակալվել է նաև ՃՈ տեսուչ Ն. Թ.-ն:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: