Ռուսաստանի հայերը հաշվետվություն են պահանջում

Ռուսաստանի հայերը հաշվետվություն են պահանջում

Պատերազմի օրերին ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները, որ հաշիվ չէին տալիս, թե ում միջոցով եւ ինչպես էին Հայաստան ու Արցախ ուղարկում հանգանակությունները, սկսել են սթափվել: Նրանք, հատկապես՝ մոսկվաբնակները, հաշվետվություն են պահանջում ՀՀ կառավարությունից ու այն անհատներից, որոնք միջնորդի դեր էին ստանձնել իրենց եւ հայրենիքի միջեւ: Իսկ կառավարությունն ու անհատները՝ տեղ չհասած, գումարների ու մարդասիրական օգնության համար պատասխանատվությունն այսօր իրար վրա են գցում: 

Օրերս «Հայեր, միացեք» նախաձեռնության ղեկավար Բադալ Պարյանը, որը պատերազմից առաջ համանուն կոչով դիմել էր մոսկվաբնակ հայրենակիցներին ու նրանցից գումարի առատ հանգանակություններ էր ստացել՝ մոտ 22 տոննա հագուստի ու այլ պարագաների տեսքով, Երեւանում հրավիրած ասուլիսի ժամանակ կառավարությանն ու պատգամավոր Հայկ Սարգսյանին մեղադրեց իրեն ստացականներ չտրամադրելու, հումանիտար բեռները տեղ չհասցնելու համար: «Մոտավորապես 4 բեռնատար ապրանք է լինում, ամեն բեռնատարը՝ մոտ 21 տոննա։ Եղել է ամեն ինչ՝ հագուստ, սնունդ։ Ստացական չեն տվել, ասացի՝ այդպես ո՞նց կլինի՝ 3 հազար 700 մարդու պետք է պատասխան տամ։ Ամբողջ ընթացքում մոտ 1200 տոննա հումանիտար բեռ ենք ուղարկել ՀՀ»,- ասաց նա։ Ըստ Պարյանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդն է իրեն խորհուրդ տվել՝ Հայկ Սարգսյանի անունով ուղարկել ապրանքը: 

Սրան հետեւեցին դեսպանատան ու Հայկ Սարգսյանի հերքումները: ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հատարարեց, որ պատերազմի օրերին ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է կազմակերպել հումանիտար օգնություն ուղարկելու հարցերով, որոնց Բադալ Պարյանը եւս ներկա է գտնվել, ու որ նրա բեռները, ի թիվս այլոց, դեսպանատունը բազմիցս ուղարկել է Հայաստան՝ օդով ու ցամաքային ճանապարհով: Իսկ որպես հումանիտար բեռներ ստացողներ, ըստ դեսպանության, հանդես են եկել եւ ձեւակերպված են ԱԻՆ-ը ու ԱԳՆ-ն: Դեսպանատունը պատրաստակամություն հայտնեց բոլոր փաստաթղթերը տրամադրել ԶԼՄ-ներին:

Հայկ Սարգսյանն էլ իր էջում մանրամասն պարզաբանում ներկայացրեց՝ վստահեցնելով, որ ռուսաստանցիներն իրենք են խնդրել, որ օգնի՝ իր անունով ստանա բեռները, որ ազատվեն հարկերից, եւ ինքը հաճույքով արել է ու նույնիսկ կապվել է ՊԵԿ աշխատակիցների հետ, եւ մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձեւակերպել են ու հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ «Բեռի տնօրինումը եւ բաշխումն իրականացրել է ԱԻՆ-ը, ես որեւէ կապ բեռի տնօրինման հետ չեմ ունեցել»,- գրել է Հայկ Սարգսյանը: 

Սրանով, կարծես, ավարտվեց Բադալ Պարյանի բարձրացրած ալեկոծումը, բայց ՌԴ-ում այն դեռ շարունակվում է: Մասնավորապես, հայ համայնքի մեր աղբյուրները հայտնում են, որ Բադալ Պարյանին ռուսաստանաբնակ հայերը մեղադրել են իրենց գումարները յուրացնելու մեջ, նրանից են պահանջում փողերը: Նա էլ մամուլի ասուլիսում փորձել է սլաքներն ուղղել դեպի «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայկ Սարգսյան եւ այլոց ուղղությամբ:

«Տելեգրամ» հարթակի «Ապրիկոտ» ալիքը, որը բացահայտումների շարք է սկսել՝ հումանիտար օգնության շուրջ, օրերս իրավապահների ուշադրությունն է հրավիրել Բադալ Պարյանի գործունեության վրա: «Օգտվելով ստեղծված դրությունից եւ հայրենակիցների էմոցիոնալ վիճակից՝ նա կարողացավ լուծել իր ֆինանսական խնդիրները: Իսկ սեփական մեղքը թաքցնելու նպատակով որոշեց ում ասես մեղադրել, միայն թե արդարության ծարավի իմիտացիա ստեղծի... Բադալին, իհարկե, հաջողվել է մեկ-երկու ֆուռ բանջարեղեն ուղարկել, որը նրան հայերն են տվել, բայց փողերը նա գրպանել է: Ինչպես նա խոստովանում է պրեսկոնֆերանսի ժամանակ, ունեցել է խնդիրներ իր կողմից վարձակալվող օբյեկտների հետ կապված... Բադալի նմանները գումարներ էին հավաքում հայրենիքի համար, որոնց միջոցով իրենց պարտքերն էին վճարում ու պահում էին վարձակալած տարածքները»,- մեղադրում է «Տելեգրամը»: 

Բադալ Պարյանին զանգահարեցինք՝ պարզելու, թե նրան ինչ գումարի օգնություն է հաջողվել հավաքել: Նա թիվ չհայտնեց, ասաց, որ դա իրենց ներքին խոհանոցն է, եւ ինքը չի ցանկանում գումարների ընդհանուր թիվ հրապարակել։ «Մենք բոլորս իրար հետ՝ ընկերներով ենք հավաքել, սա հրապարակային չի, մենք ահռելի գումարների օգնություն ենք ուղարկել, ու ես ուզում եմ մի հատ էլ ավելի հասկանալի ձեւով ասուլիս տալ, որ քաղաքական շահարկումներ չլինեն»,- պատասխանեց նա: Ասաց, որ եղել են «ոսկի մարդիկ», որոնց հետ ինքն ամեն օր աշխատել է, որոնց հասցեին միայն լավը կարող է ասել՝ դեսպան Տողանյանը, Արտակը՝ МЧС-ից: Սակայն ավելի մանրամասն չցանկացավ խոսել:

«Կրկին ասուլիսի եմ պատրաստվում: Մենակ ասեմ, որ ես էլ կուզեի, որ Հայաստանի պետական կառույցներում լինի գոնե մեկ պաշտոնյա, որը պատասխաներ, թե որքան օգնություն է եկել, որը ում է հասել ու երբ»: Ճի՞շտ է արդյոք, որ նրանից ռուսաստանցի հայերը հաշվետվություն են պահանջում՝ մեղադրելով յուրացումների մեջ: Պարյանն ասաց. «Սխալ ինֆորմացիա է, ինձանից գումարներ չեն պահանջել: Մենք գումարները մի հաշվի վրա ենք հավաքել ու բոլորս միասին, ընկերներով առել ենք ապրանքները: Ինձ կոնկրետ ոչ ոք ոչ մի կոպեկ չի փոխանցել», - ասաց Պարյանը:

Բայց Ռուսաստանում պատերազմից 4 ամիս անց դեռ կասկածները չեն փարատվում: «Մարդիկ շատերին զանգում էին, հարցնում՝ ինչպես կարող են այս կամ այն բեռը Հայաստան ուղարկել: Ինձ էլ էին շատերը զանգում, ասենք՝ խալաթներ ունեին կամ ինչ-որ այլ ապրանք, ու այդ մարդիկ կարող էին վստահել ում ասես: Բայց ավելի ուշ հանկարծ տեսնում ենք, որ մարդիկ կան, որոնք հացի փող չունեին, իսկ հետո սկսեցին, չգիտես ինչպես, ռեստորաններում ճաշել»,- պատմում է Մոսկվայի բնակիչ Հ․-ն, որը հայ համայնքի ակտիվիստներից է: