Ովքեր են «Հրապարակի» աղբյուրները

Ովքեր են «Հրապարակի» աղբյուրները

Աշխատանքային օր է, ինձ համար խմբագրությունում նստած եմ, մեկ էլ Ֆրանսիայի հյուսիսային կանտոնում ապրող ընկերներիցս մեկն է գրում: 

Մի անուն է տալիս, թե այդ մարդու  մասին նյութը ման եկա «Հրապարակում», չգտա, լինք կտա՞ս:

Մի տեսակ անակնկալի եկա, կարծես թե նման նյութ վաղուց չէինք ունեցել, փորձեցի ճշտել ինչ նյութի մասին է խոսքը: Ընկերս ասաց, որ գիշերը իր՝ Գյումրիում ապրող մորը զանգել է ընկերուհին, ով ասել  է, որ ԱԱԾ-ն մտել է այդ մարդու տուն խուզարկության, մայրն էլ, ցերեկը տղայի հետ խոսելիս այս մասին պատմել է ընկերոջս: 

Ինչ մեղքս թաքցնեմ, նման բարդ ճանապարհով հասած տեղեկությունը, իհարկե փորձեցինք ճշտել մեր օղակներով: Բոլորը միաբերան ասեցին, որ նման տեղեկություն չունեն: 

Քանի որ դեպքի հերոսը չէր պատասխանում, համարյա հույսներս կտրած մտածեցինք, որ աշխարհի կեսը պտտված տեղեկությունն, ըստ երևույթին, ճիշտ չէ: Մի քանի րոպե անց սկսվեցին զանգերը, տարբեր աղբյուրներ միաժամանակ ճշտել էին ու հետ էին զանգում հաստատելու, որ, այո, եղել է խուզարկություն: 

Այս պատմությունը չէի գրի, եթե կարևոր եզրահանգում չլիներ: Ոչ միայն Հայաստանն է փոքր երկիր, այլ աշխարհն է շատ փոքրիկ, և ցանկացած տեղեկություն վաղ թե ուշ հայտնի է դառնում, թեկուզ Ֆրանսիա տղային զանգած մի կնոջ պատճառով:

Սվետա Մարտիրոսյան