Դատաիրավական բարեփոխումների ժամանակն է՝ վեթթինգով կամ առանց վեթթինգի

Դատաիրավական բարեփոխումների ժամանակն է՝ վեթթինգով կամ առանց վեթթինգի

Դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին վերջին շրջանում չի խոսել, ինչպես ասում են, միայն ամենաալարկոտը: Այդ բարեփոխումները, անշուշտ, յուրաքանչյուրն իր ձեւով է պատկերացնում՝ իշխանությունն իր հայեցակարգն է փորձում շրջանառել, ընդդիմությունն այլ բան է առաջարկում, անկախ փորձագետները, իրենց հերթին, մատնացույց են անում բարեփոխումների ամենատարբեր, այդ թվում՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած օրինակներ: 

Բոլորը մի հարցում համակարծիք են՝ բարեփոխումներ պետք են համակարգն ավելի թափանցիկ դարձնելու, դրա նկատմամբ հանրային վաստահության մակարդակը բարձրացնելու համար, առանց որի դժվար է ակնկալել այդքան սպասված արդարադատությունը: Հարցը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, խնդրի լուծման ստրատեգիայի ու կոնկրետ քայլերի առումով պարբերաբար դեմ է առնում շահագրգիռ կողմերի փոխադարձ չհասկացվածության ու անհանդուրժողության պատին:
Փորձենք հիշել, թե այս ճանապարհին ինչեր տեղի ունեցան վերջին ամիսներին:

Նախ շրջանառության մեջ դրվեց «վեթթինգ» իրավական եզրույթը, որի կիրառումը ենթադրում է դատավորների գործունեության մանրազնին ստուգման, անհրաժեշտության դեպքում՝ զտման ընթացակարգ: Վեթթինգի կարեւորության մասին խոսակցությունները հատկապես ակտիվացան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան կալանքից ազատելու դատարանի որոշման կայացումից հետո: Սակայն քիչ ավելի ուշ, երբ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց, այդ խոսակցությունները կարծես նկատելիորեն մարեցին: 

Այնուհետեւ վեթթինգը կրկին «ասպարեզ իջավ» այն բանից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ ակնարկեց, որ Հայաստանի պարագայում վեթթինգի անհրաժեշտություն չկա, եւ խնդիրը կարելի է կարգավորել այլ գործիքակազմի կիրառմամբ: Ու դարձյալ թեժ բանավեճեր, քննարկումներ, ուսումնասիրություններ, եւ, ինչպեսեւ կարելի էր ակնկալել, առայժմ ոչ մի շոշափելի արդյունք: 

Այս իրադարձությունների ծավալման կեսճանապարհին էլ հրաժարական տվեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որի պաշտոնանկության պատճառների անհասկանալի գաղտնիությունը կամ, ավելի ճիշտ՝ չպարզաբանվածությունը, ավելի սրեց դատաիրավական բարեփոխումների ուղիների շուրջ քաղաքական էլիտայում եղած պատկերացումների, մեղմ ասած, անհամատեղելիության տպավորությունը:   

Եվ ահա՝ նախօրեին էլ հայաստանյան դատական բարեփոխումներին է անդրադարձել Երեւանում իր առաքելությունն ավարտող ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ասելով, որ Բրյուսելը պատրաստակամ է աջակցել այդ բարեփոխումներին, սակայն «ամենեւին մտադիր չէ Երեւանին պարտադրել իր օրակարգը»: «Եվրամիությունը վճռական է՝ աջակցել հայկական կողմի ջանքերին՝ ուղղված դատական համակարգը բարեփոխելուն եւ անկախ, մաքուր, արդյունավետ համակարգ ստեղծելուն: Պատրաստակամ ենք ցուցաբերել քաղաքական, տեխնիկական ու ֆինանսական աջակցություն»,- ասել է Սվիտալսկին՝ ակնհայտորեն խուսափելով «վեթթինգ» եզրույթից, այդպիսով, փաստորեն, կարծես թե փորձելով չհակադրվել եվրոպական հայտնի փորձագիտական կառույցի՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրմանը, սակայն, միեւնույն ժամանակ, սեփական ուղիների փնտրտուքի քարտ-բլանշ տրամադրելով Երեւանին:

Այսպիսով, դատաիրավական բարեփոխումների մեկնարկը, առնվազն բանավոր կերպով, կարծես տրված է: Հայտնի չէ, սակայն, թե հատկապես որ ճանապարհով են մտադիր գնալ բարեփոխման պատասխանատուները: Վեթթինգն ու նման օտարահունչ եզրույթների շրջանառումը, անշուշտ, հանրության շրջանում կարող են որոշակի ոգեւորություն առաջացնել, սակայն շատ կարճ ժամանակով: 

Հայաստանի շարքային քաղաքացին, որն այդ բարեփոխումների թիվ մեկ շահառուն է, մեծ հաշվով՝ չի ցանկանում խորանալ անհասկանալի տերմինների մեջ, փորձելով հասկանալ դրանց իմաստն ու միջազգային ասպարեզում կիրառման արդյունքները: Շահառուն ցանկանում է մեկ բան՝ արդար դատական համակարգ: Եթե դրան հնարավոր է հասնել նույն վեթթինգի կիրառման ճանապարհով, ուրեմն հարկ է արդեն իսկ առանց հապաղելու սկսել քայլեր անել այդ ուղղությամբ: Եթե բավարար են եղած միջոցներն ու գործիքակազմը, այդ թվում՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումն ու հսկողության մեխանիզմների կատարելագործումը, ուրեմն պետք է դա անել:

Այսինքն, ակնհայտ է մի բան՝ պետք է հաստատ ինչ-որ մի բան անել, կոնկրետ քայլեր՝ վեթթինգով կամ առանց վեթթինգի: Հայտնի սահմանում է՝ որեւէ երկրի բոլոր համակարգերի ու ոլորտների (տնտեսություն, ժողովրդավարություն, կրթություն, առողջապահություն եւ այլն) բնականոն ու անխափան գործունեության հիմնական ու թերեւս միակ երաշխավորն արդար դատաիրավական համակարգն է: Այսինքն՝ դա հիմքերի հիմքն է: Հետեւաբար, հապաղել չի կարելի, դրանից տուժում է ողջ պետական կառույցը: Թերեւս արդեն հայեցակարգերից կոնկրետ գործի անցնելու ժամանակն է, չնայած տակավին պարզ չէ՝ արդյո՞ք գոնե տեսական հայեցակարգերն արդեն մշակված են: