Քվե որսացողները

Քվե որսացողները

Մի քանի օրից` կիրակի օրը, մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Իշխանությունը որոշել է ոչ թե նախկինների` ՀՀՇ-ի կամ ՀՀԿ-ի բացած արահետով գնալ, այլ ավելի հեռավոր ժամանակների մոդելը ստեղծել` վերադառնալով սովետական շրջանների համակարգին: Ոմանք ասում են, որ շրջաններով կառավարումն ամենաճիշտն էր, եւ վատ բան չկա նրանում, որ վերադառնում ենք սովետական տարածքային կառավարման մոդելին: Առհասարակ` հնից եկող բոլոր լավ բաները պետք է յուրացնել եւ ընդօրինակել: Միայն հիմարներն են մերժում անցյալն ու սեւացնում նախկինում եղած ամեն բան: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին ատող-մերժող ՔՊ-ականները մեծ սիրով վերակենդանացնում- վերանշանակում են նրանց բոլոր կադրերին: Ընդ որում` ոչ լավագույններին, այլ միայն իրենց իշխանությանը հավատարմորեն ծառայող, մի քանի երես եւ անմաքուր անցյալ ունեցող անձանց:

ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ն մարզերում իր ցուցակները կազմել է գրեթե բացառապես վերը նշված անձանցից` չխուսափելով անգամ կրիմինալ անցյալ ունեցողներից եւ նախկին ընտրակեղծարարներից: Բայց անգամ ցուցակներն էլ չեն խնդիրը, այլ նախընտրական ողջ թոհուբոհը: Մի ուժ, որը 24-ժամյա ռեժիմով խոսում է արդար ընտրությունների, ընտրական պրոցեսների նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու մասին եւ երդում-պատառ է ուտում, թե` ձեռքս կկտրեմ, ընտրություն չեմ կեղծի, ողջ վարչական ռեսուրսը, ձայնահավաքման նախկին ինստիտուտը, շանտաժի, սպառնալիքների, քրեական հետապնդումների ողջ արսենալը կիրառում է, որ մարզերում ՔՊ-ից բացի որեւէ մեկը հանկարծ չհաղթի: Բա եթե այդքան ազնիվ ու մաքուր եք, թողեք՝ մարդիկ առանց տեռորի ընտրություն անեն, եւ հաղթի նա, ով ուժեղ է: