Շառով-շուռով ճանապարհ չեն գնում

Շառով-շուռով ճանապարհ չեն գնում

Մոտ մեկ ամիս առաջ՝ «գողականների» եւ քրեական ենթամշակույթի մասին հայտնի նախագծի քննարկման օրերին, «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը, ով այդ նախագծի հարակից զեկուցողն էր, ահազանգեց ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանի կողմից իրեն սպառնալու մասին։ Ղուկասյանը դրական կարծիք էր հայտնել գողականների մասին եւ ասել, որ նրանք ամենաանշառ մարդիկ են, ու չի կարելի առանց հիմքերի նրանց նեղացնել։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոշտ արձագանքեց քրեական ենթամշակույթի քարոզչությանը եւ սպառնաց Ղուկասյանին՝ ասելով․ «Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա»։ Ճիշտ է՝ անուն չնշվեց, բայց կասկած չկար, որ դա Վարդան Ղուկասյանն է։ Հաջորդ օրն իսկ դատախազությունից հայտնեցին, թե նյութերն ուղարկել են ոստիկանություն՝ ստուգելու։ Ստուգե՞լ են արդյոք, եւ կա՞ հարուցված գործ․ երեկ մեր հարցրինք Նազելի Բաղդասարյանին․ «Ոստիկանությանն ուղարկված նյութերն այս պահին քննվում են, իմ հրապարակային ելույթներն ընդունվել են որպես հիմք, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Հետաքրքրվեցինք՝ եղե՞լ են քննչական գործողություններ, ինքը գնացել-բացատրություն տվե՞լ է ավելի մասնրամասն։ «Ես զրույց ունեցել եմ մեկ-երկու անգամ ոստիկանության հետախուզության բաժնի աշխատակցի հետ, բայց չեմ կարող մանրամասներ հայտնել»։ Փոխանցեցինք Վարդան Ղուկասյանի խոսքերը, որ Բաղդասարյանը ո՛չ իր անունն է տվել իր ցուցմունքում, ո՛չ էլ կալանավայրում գտնվող իր եղբորորդու։ «Ես անուններ տվել եմ, Վարդան Ղուկասյանին փորձել են գտնել, բայց չեն կարողացել»։ Մեր զարմանքին, թե ինչպես չեն գտնում Վարդան Ղուկասյանին․ նա ԱԺ պատգամավոր է, նիստերին էլ գալիս է, Նազելի Բաղդասարյանը հորդորեց քննիչներից պարզել։

Իր հերթին Վարդան Ղուկասյանն էլ «պատիվ է պահանջում» պատգամավորից՝ իրեն զրպարտելու համար․ «Մենք պատիվ ենք պահանջում, այդ մասին շաբաթներ առաջ հայտարարել ենք։ Թե ինչու իրավապահները գործի չեն անցնում, անհասկանալի է։ Ինչպես որ անհասկանալի է, թե ինչու այդ աղջիկն անուններ չի տալիս։ Հավանական է, որ էդ աղջիկն իրեն թաղեց քաղաքականության մեջ, որովհետեւ էդպես շառով-շուռով ճանապարհ չեն գնում»։