Հայաստան-Ռուսաստան օրակարգում առկա մի քանի «տարբեր ընկալումների» մասին

Հայաստան-Ռուսաստան օրակարգում առկա մի քանի «տարբեր ընկալումների» մասին


Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ օրակարգի հարցերի շուրջ կարող են տարբեր ընկալումներ ունենալ, որը բնական է, եւ երկու դաշնակիցների միջեւ այդ հարցերի քննարկումը որեւէ խնդիր չի առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նպատակով է Ռուսաստանի դեսպանն օրերս հրավիրվել արտգործնախարարություն: Վերջինս, հիշեցնենք, ավելի վաղ հանդիպում էր ունեցել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ըստ էության, կարելի է արձանագրել, որ Հայաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ձեւակերպումներում սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել՝ նախկինում դժվար թե այս մակարդակով լսած լինեինք երկու երկրների «տարբեր ընկալումների» մասին: Առավել հաճախ լսում էինք «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բոլոր հարցերի շուրջ առկա լիակատար փոխըմբռնման» մասին: Ի՞նչ է պատահել, գուցե այս հարցո՞ւմ էլ «իրավիճակ է փոխվել»:

Նախ փորձենք հասկանալ՝ երկու երկրների հարաբերությունների օրակարգում կա՞ն արդյոք կարեւոր հարցեր, որոնց շուրջ ընկալումները նույնն են: Տնտեսական հարաբերություններում, անշուշտ, ամենաէականն էներգետիկ բաղադրիչն է, մասնավորապես՝ ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Ըստ անցյալ տարվա դեկտեմբերին «Գազպրոմի» եւ «Գազպրոմ Արմենիայի» միջեւ ստորագրված համաձայնագրի, Հայաստանին մատակարարվող գազի գինն այս տարվա հունվարի 1-ից կազմել է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար։ Մինչ այդ ՀՀ ներմուծվող 1000 խմ գազի գինը 150 դոլար էր: Սակայն խնդիրը դա չէ:
Առաջին հայացքից թվում է, թե 165 դոլարը եւս վատ թիվ չէ, եւ Հայաստանը եվրոպական համատեքստում շարունակում է գազ ստանալ բավականաչափ էժան գնով: Սակայն ամբողջ հարցն այն է, որ «Գազպրոմը» գազը սահմանի վրա վաճառում է ոչ թե Հայաստանին (թեեւ, ինչպես ասում են, փաստաթղթերով հենց այդպես է), այլ իր սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիային», իսկ մինչեւ այդ «էժան» գազը հասնում է հայաստանյան սպառողին, գրեթե կրկնակի թանկանում է: Այս մասին այնքան է խոսվել, որ լրացուցիչ քննարկումների կարիք հաստատ չկա: Պարզապես արձանագրենք, որ գազի գնի հարցում Ռուսաստանի եւ առնվազն հայաստանցի սպառողների ընկալումները, մեղմ ասած, նույնը լինել չեն կարող: 
Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ անհեթեթ պատճառաբանություններով փակում է ԵԱՏՄ շրջանակներում իր դաշնակից Հայաստանից ներկրվող այս կամ այն ապրանքատեսակի շուկան: Մերթընդմերթ նման սահմանափակումների տակ են հայտնվում հայաստանյան ձկնամթերքը, պտուղ-բանջարեղենի որոշ տեսակներ, խմիչքները եւ այլն: Ինչ վերաբերում է տխրահռչակ Լարսի անցակետին, որով Ռուսաստան են ներմուծվում Հայաստանում արտադրված՝ հիմնականում շուտ փչացող ապրանքներ, ապա նույնիսկ ռուս-վրացական հարաբերությունների որոշակիորեն հանդարտ շրջանում այդ անցակետը հայկական բեռնատարների համար փակվում էր առավելապես ռուսական կողմից՝ հիմնականում անհամոզիչ պատճառաբանություններով: Ինչպես տեսնում ենք, այս պարագայում եւս ավելորդ է խոսել նույն ընկալումների մասին: 

Անվտանգություն եւ ղարաբաղյան խնդիր: Ասել, որ երկկողմ օրակարգի կարեւորագույն բաղադրիչները հանդիսացող այս հարցերի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի ընկալումները նույնը չեն, նշանակում է ոչինչ չասել: Հնարավոր չէ նույն ընկալումն ունենալ մի երկրի հետ, որը հարձակողական հզոր զենք է վաճառում Ղարաբաղում ու Հայաստանում տեղակայված մարտական դիրքերն ու անգամ հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծող հակառակորդին: Մինչդեռ նման ընկալումներ գտնել փորձողներ, այնուամենայնիվ, գտնվում են. հնչում են մոտավորապես հետեւյալ անհեթեթ պատճառաբանությունները․ «միեւնույն է՝ Ադրբեջանը Ռուսաստանից զենք չգնի, ուրիշից կգնի, շատ փող ունի, ուրեմն ավելի լավ է ռուսական զենք գնի, ինչը գոնե վերահսկելի է», «Ռուսաստանը մեզ էլ է զենք վաճառում, բայց անհամեմատ էժան գնով» եւ այլն: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման, այսպես կոչված, լավրովյան (նույնն է թե՝ ռուսական) ծրագրին, ապա անվտանգության գոտուց հայկական զինուժի դուրսբերում եւ այնտեղ ռուսական խաղաղապահների տեղակայում ենթադրող այդ ծրագրի շուրջ արդեն հաստատ «նույն ընկալումներ» կրողներ գտնելն անհնար է: 

Վերադառնալով Հայաստանի ներքին գործերին Մոսկվայի միջամտության զանազան փորձերին, նկատենք՝ հենց դրանք պատճառ դարձան, որպեսզի Հայաստանն ի վերջո պաշտոնապես խոստովանի երկկողմ օրակարգի հարցերի շուրջ եղած «տարբեր ընկալումների» մասին: Հարց է ծագում՝ իսկ մի՞թե չկան հարցեր, որոնց շուրջ երկու երկրների ընկալումները, այնուամենայնիվ, նույնն են: Թերեւս կան, բայց դրանք կա՛մ հստակ ձեւակերպված չեն, կա՛մ չունեն խիստ կենսական նշանակություն: