Ով մեղավոր է, թող առաջինը ծափ տա

Ով մեղավոր է, թող առաջինը ծափ տա

Ստալինյան ժամանակներ հիշեցրին Ազգային ժողովում իմքայլականների ծափողջույնները՝ ուղղված Նիկոլին: Պատվիրակներն այդպես ընդմիջարկում էին Ստալինի ելույթը` ընդգծված հավանություն տալով առավել վերամբարձ հատվածներին: Մենք այդ տեսել ենք մեր ծնվելուց առաջ արված հազվադեպ տեսագրություններից, իսկ հիմա նույնը տեսնում ենք մեր ԱԺ-ում ուղիղ միացումով: Երկու դեպքում էլ հպատակներն իրենց վախն ու խոնարհումն են հավաստում առաջնորդին: 

Բայց Ստալինը աշխարհամարտ հաղթած գեներալիսիմուս էր, աշխարհի զգալի մասը հպատակեցրած առաջնորդ: Կարելի է ասել` աշխարհն էր դողում նրա ահուսարսափից: 
Իսկ ո՞վ է Նիկոլը: Դուրս եկեք փողոց եւ, ինչպես Պանիկովսկին էր առաջարկում, հարցրեք` ո՞վ էր Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից առաջ եւ ո՞վ է հեղափոխությունից հետո: Պանիկովսկին պատասխանում է իր իսկ հարցին, որ կույր էր: Իսկ Նիկոլի դեպքում կույրը մենք էինք եւ ենք:    
Նիկոլը պատերազմում խայտառակ պարտություն կրածն է, որի հետեւանքով ունենք շուրջ հինգ հազար զոհ, տասը հազար վիրավոր ու հաշմանդամ, անհատ կորածներ եւ ռազմագերիներ: Նիկոլն Արցախի 75 տոկոսը թշնամուն հանձնածն է, Արցախի կապիտուլյացիան ստորագրածը: Նիկոլը Լաչինից ու Քարվաճառից հայերի տեղահանության փաստաթղթի տակ ստորագրածն է: Նիկոլը Սյունիքում պաշտպանական դիրքերը, ճանապարհներ ու բնակավայրեր թշնամուն հանձնածն է: Ազգային ժողովը, ավելի կոնկրետ` իմքայլական պատգամավորները ծափահարում են այդպիսի մեկին` երկու անգամ, հոտնկայս: 

Նիկոլն ասում է, որ Հայաստանը եւ Արցախը ապագա ունեն` բնականաբար իրենով, որը խորտակել է Հայաստանի ու Արցախի ե՛ւ անցյալը, ե՛ւ ապագան: Նիկոլին ասում են` կապիտուլյանտ, դավաճան, հիվանդ ստախոս, իսկ ինքն ասում է, որ կապիտուլյանտն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք: Ասում է, որ պատերազմը պարտվել են նախկինները, ոչ թե ինքը, որ Արցախի կապիտուլյացիան ստորագրել են նախկինները, ոչ թե ինքը, որ դավաճանը նախկիններն են, ոչ թե ինքը: Ասում է, որ մեղավոր են բոլորը, իրենից առաջ եղածները, իրենից մի քայլ հեռու եղողները, բոլորը, բայց ոչ ինքը: Ինքը միակ անմեղն է եւ Հայաստանի ու Արցախի ապագան է:    

Այդպես ասում էր հեղափոխությունից առաջ, որ նախկինները բոբո են, այդպես ասում է հեղափոխությունից հետո, որ ինքը հրեշտակ է. այդ առումով բան չի փոխվել: Մենք կույր էինք եւ մասամբ կույր ենք նաեւ այսօր: Երանի լինենք խուլ ու համր, որ չլսենք այն ամենը, ինչ ասում է այս հեղափոխականը, որ ընտրվել է այդպես ասելով եւ պատրաստվում է վերընտրվել` ասելով նույնը: Բայց կուրությունը չփրկեց, խլությունը նույնպես չի փրկելու:

Ազգային ժողովը ծափահարում է, երբ մեր զոհերի աճյուններն ենք որոնում, երբ մեր ռազմագերիներին տուն բերել չենք կարողանում, երբ անհայտ կորածներից լուր չունենք: Ծափահարում է, երբ Արցախ ենք կորցրել, երբ Սյունիք ենք կորցնում, երբ թշնամին Երեւանին է սպառնում, եւ պաշտպանելու երաշխիք չունենք: Ծափահարում է, երբ Բաքվում մեր զինվորների նմանությամբ խրտվիլակներ են ցուցադրում, խայտառակում ու ստորացնում անմարդկային արարքով, նաեւ՝ նույն ծափ տվողների մեղքով:

Հուսիկ Արա