Ես պրոբլեմատիկ մարդ չեմ, ոչ էլ սիրում եմ կոնֆլիկտներ

Ես պրոբլեմատիկ մարդ չեմ, ոչ էլ սիրում եմ կոնֆլիկտներ

Հուլիսի 3-ին նախատեսված Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չէր կայացել, քանի որ մշակույթի նախարարությունը չէր ընդունել երկրորդ հայտատուի փաստաթղթերը եւ չեղարկել էր այն, իսկ տնօրենի պաշտոնի համար դիմած 2-րդ թեկնածուն թատրոնի երկարամյա դերասան, տնօրենի ԺՊ Յուրի Իգիթխանյանն էր, որը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի խոսքերով, տնտեսական մեծ ցուցանիշներ է ապահովել։ Բայց նախարարությունը նախընտրել է չերկարացնել ԺՊ-ի կարգավիճակում նրա պաշտոնավարումը եւ նախօրեին ռուսական թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին։

Թատրոնի տնօրենը, գեղղեկավարը, այդ թվում՝ արտիստներից շատերը նախօրեին հանդիպեցին լրագրողների հետ եւ իրենց դժգոհությունը հայտնեցին նախարարության նշանակման առիթով։  
Մարիաննա Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ ասուլիսը հրավիրվել է մեկ օր առաջ եւ իր նշանակման հետ կապված չէր, հատկապես որ ասուլիսից 5 րոպե առաջ են տեղեկացել իր նշանակման մասին:

Մխիթարյանի համար անսպասելի է եղել Արա Խզմալյանի կողմից արված այս առաջարկը, բայց քանի որ ռուսական թատրոնը վաղուց գիտի, մեծացել է այս թատրոնում, ուստի համաձայնել է։
Մշակույթի նախարարությունից Սամվել Մուրադյանը եւ Արմենուհի Ղազարյանը նախօրեին իրեն ներկայացրել են թե՛ թատրոնի գեղղեկավար Կարեն Ներսիսյանին, թե՛ տնօրենի նախկին ԺՊ Յուրի Իգիթխանյանին։ Ասում է՝ երկուսին էլ շատ հարգանքով է վերաբերվում, իսկ ինքն ու Յ․ Իգիթխանյանը նույնիսկ ամուսինների դերեր են խաղացել ներկայացումներից մեկում։ «Մենք բավականին երկար խոսեցինք, շփվեցինք»,- ասում է նա ու հավելում, որ հանդիպել է նաեւ թատրոնի փոխտնօրենի, գլխավոր հաշվապահի, գրական մասի վարիչի հետ, որոնց բոլորի հետ ջերմ հարաբերություններ ունի։  

Թատրոնի կոլեկտիվի ընդվզումը, անհամաձայնությունն իր անձո՞վ է պայմանավորված, թե՞ նախարարության որոշումով։ Մխիթարյանն ասաց, որ չի կարծում, թե դա իր անձով է պայմանավորված, որովհետեւ Ֆեյսբուքում իր հասցեին ոչ մի վիրավորական խոսք, անգամ «թարս լայք» չի տեսել․ «Ցանկացած կոլեկտիվ հազվադեպ է միահամուռ լինում, տարբեր կարծիքներ են լինում, բայց ես պրոբլեմատիկ մարդ չեմ, ոչ էլ սիրում եմ կոնֆլիկտներ եւ աշխատում եմ ցանկացած կոնֆլիկտ մարել, այլ ոչ թե թեժացնել։ Միգուցե այդ պատճառով մշակույթի նախարարությունն այդ ծանր փուլում ինձ նշանակեց»։ Նոր կայանալիք մրցույթին հայտ ներկայացնելու է, թե ոչ՝ դեռ չի կողմնորոշվել, որովհետեւ անսպասելի էր այս նշանակումը։  

«Պետք է նաեւ ասեմ, որ Յուրայի աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, նա իսկապես ֆանտաստիկ փիառ մենեջեր է, նա կարողացավ այս 6 ամիսների ընթացքում «Ռոմեո եւ Ջուլիետի» գովազդային եւ փիառ արշավը կազմակերպել, եւ դա շատ հիանալի էր արված։ Եվ այն, ինչ անում է իմ շատ սիրելի Յուրա Իգիթխանյանը, շատ լավ է ու հետաքրքիր։ Բայց քանի որ մրցույթ էր նշանակված, եւ այնտեղ ալտերնատիվ թեկնածություն չկար, եւ որպեսզի թատրոնը չմնա առանց տնօրենի, նշանակվեցի ես, մինչեւ նոր մրցույթ լինի»,- ասում է Մ․ Մխիթարյանը։