Քոչարյանի թիմում կոնսուլտացիաներ են

Քոչարյանի թիմում կոնսուլտացիաներ են
Ռոբերտ Քոչարյան

Աշնանը հաշված օրեր են մնացել։ Իսկ մեզանում աշունն ասոցացվում է թեժ քաղաքական պրոցեսների հետ։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի թիմում փորձում են կյանքի կոչել քաղաքական դաշտի եւ հետագա զարգացումների վերաբերյալ քոչարյանական ծրագիրը։ Երկրորդ նախագահը, հիշեցնենք, իր հարցազրույցներից մեկում խոսել էր «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարի իրագործման եւ աշնանը սպասվող քաղաքական զարգացումների մասին՝ ասելով․ «Կարծում եմ՝ քաղաքական դաշտում «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարն արդեն իսկ ձեւավորվել է։ Բոլորն են տեսնում, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից։

Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է։ Սակայն չեմ կարծում, որ միանգամից եւեթ կձեւավորվի համախմբման մեկ կենտրոն։ Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջեւ կստեղծվի ակտիվ փոխգործակցություն։ Ընդ որում, հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ եւ ինտելեկտուալ մասը։ Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է հարկավոր։ Այդ գործընթացը կհանգեցնի նաեւ խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ պարագայում այն կկորցնի իր ընտրազանգվածին։ Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձեւավորումը կավարտվի, եւ քաղաքական պայքարը կստանա համակարգային եւ մասշտաբային բնույթ»։

Քոչարյանը, ըստ էության, ներկայացրել է ընդդիմության ձեւավորման ցանցային մեխանիզմի մասին իր մոտեցումը, որը վերջին օրերին փորձում է կյանքի կոչել իր թիմը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին է քաղաքական ուժերի հետ հանդիպումներ եւ կոնսուլտացիաներ ունենում, որոշ տեղեկություններով՝ նա էլ հեռուն գնացող պլաններ ունի եւ քաղաքական հենարան է ստեղծում, որին կանդրադառնանք մեկ ուրիշ նյութում։

Երեկ մենք փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում քոչարյանականների ճակատում, քանի որ պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ երկրորդ նախագահի թիմում վերջին շաբաթներին եռուզեռ է, քոչարյանականները շտաբ են ձեւավորել, հանդիպումներ, կոնսուլտացիաներ են ունենում, իսկ այդ աշխատանքները համակարգում է քաղաքական դաշտում բազմափորձ Անդրանիկ Թեւանյանը, ով ժամանակին Սամվել Բաբայանի թիմում էր, ապա Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան թիմի ՕՐՕ դաշինքում, այժմ Ռոբերտ Քոչարյանին է աջակցում։ Մենք տեղեկացանք, որ բանակցություններ են ընթանում հակաիշխանական ուժերի ու անհատների հետ՝ Ռուբիկ Հակոբյան, Վազգեն Մանուկյան, Արամ Հարությունյան, հեռահար բանակցությունների մեջ են ՀՅԴ-ի հետ, փորձում են եզրեր գտնել «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ եւ այլն։ Մի խոսքով՝ բոլոր հնարավոր եւ անհնարին վերսիաներով քոչարյանականները փորձում են կոնսենսուս ձեւավորել։ Այդ հավաքներին երբեմն մասնակցում են նաեւ հանրապետականներից ոմանք։

Անդրանիկ Թեւանյանը, սակայն, առայժմ չցանկացավ խոսել իրենց անելիքների եւ գործողությունների մասին, ասաց, որ դեռ կոնսուլտացիաների փուլն է, ու հստակ պայմանավորվածություններ չկան, իսկ այդ պարագայում ճիշտ չէ պարզապես հայտարարել՝ ում հետ են հանդիպում, ով է համաձայն կամ ով է մերժում։

Ռ․ Քոչարյանի մոլի աջակից Գառնիկ Իսագուլյանն էլ հայտնեց, որ տեւական ժամանակ բացակայում է երկրից՝ թոռ է ունեցել արտերկրում, մոտ օրերս կվերադառնա ու կփորձի հասկանալ, ինչպես ինքն է ասում՝ «բացել» «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւի իմաստը, դրանից հետո միայն կկայացնի որոշում՝ լինե՞լ կոնսենսուսի մեջ, թե՞ ոչ․ «Պետք է իսկապես հասկանալ՝ ինչ ուժեր են փորձում միավորվել, որն է հստակ նպատակը։ Այդ բանաձեւն ամբողջությամբ բացահայտված չէ, եթե մինուս մեկն իշխանությունն է, ապա իշխանությունն ինքն էլ միաշերտ չէ, դրա մեջ են «Լուսավորը», «Բարգավաճը»։ Ուզենք, թե ոչ՝ իրենք ԱԺ-ում են եւ դեռեւս որպես ընդդիմություն քայլեր չեն արել։ Հիմա «կոնսենսուս մինուս մեկի» մեջ Արմեն Սարգսյանը մտնո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինքը մինուս մեկի՞ մեջ է, թե՞ կոնսենսուսի, հիմա ինքը շատ ակտիվ է, շատ կուսակցությունների հետ նույնիսկ պայմանավորվածություններ է ձեռք բերում, մի խոսքով՝ կվերադառնամ, կխոսենք, բայց կարծում եմ՝ այս ընդհանուր բանաձեւը հանրության համար պետք է որոշակի դարձնել եւ պարզ ասել՝ կոնսենսուսն ով է, մինուս մեկը՝ ով»։

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը նույնպես փակագծեր չբացեց՝ որ ուժերի ու անհատների հետ են հանդիպում, ասաց, թե բոլորի  հրապարակային գործունեությունից արդեն իսկ պարզ է՝ ով որ ճամբարում է։ Իր համար պարզ է՝ «մինուս մեկը» Նիկոլ Փաշինյանն է ու բոլոր այն ուժերը, որոնք բացահայտ կամ «տակից» աջակցում են նրան, իսկ կոնսենսուսը, ըստ Հարությունյանի, աներկբայորեն պետք է առաջնորդի Ռոբերտ Քոչարյանը․ «Ես հիմա չեմ ուզում խոհանոցային հարցերը հրապարակել, երբ ժամանակը գա, այդ ուժերն իրենք կհրապարակեն։ Ես կարող եմ ասել, որ լիդերի հարցն է լուծված, եւ դա երկրորդ նախագահն է»։ Արամ Հարությունյանը նման պնդում անելու համար մի շարք «հիմնավորումներ» թվարկեց, սկսած նրանից, որ իր պաշտոնավարման ընթացքում «բոլոր ոլորտներում առաջխաղացում է եղել», իսկ 2018-ին Քոչարյանին չեն «մերժել», բացի դրանից՝ նա 2008-2018թթ․ առանցքային հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել՝ դեմ էր սահմանադրական փոփոխություններին, քննադատում էր հայ- թուրքական արձանագրությունները եւ այլն։ Իսկ Մարտի 1-ը․․․ արդյոք այդ փաստը հաշվի առնելով՝ «մինուս մեկը» հենց ժողովուրդը չի՞ լինելու։

«Իշխանություններին՝ հանձին Քոչարյանի, երբեք պետք չէր զոհ լիներ, իսկ զոհերը եղել են սադրանքների արդյունքում, եւ դա ձեռնտու էր Տեր-Պետրոսյանի թիմին։ Եվ հետո՝ մի մոռացեք Կարեն Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախադեպերը։ Առաջինին սուլելով ճանապարհեցին, իսկ երկրորդն էլ գնացել՝ 10 տարի լռել էր։ Եթե Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը չցանկացավ նախկինին գնահատական տալ, հետ նայել... Հենց մենակ Վանո Սիրադեղյանի հետ կապված տասնյակ սպանությունների փաստեր կան, դատավճիռներ, Վանոյի փախուստն էլ դա էր նշանակում, եթե նրանք եկան, ու ժողովուրդն իրենց ընդունեց, Ռոբերտ Քոչարյանի դեպքում որքան էլ փորձեն Մարտի 1-ը փաթաթել վզին, չի ստացվի»։ Արամ Հարությունյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենք պետք է շահագրգռված լինեն Քոչարյանի լիդերությամբ կոնսենսուսի մեջ հայտնվել, որովհետեւ ընտրություններից առաջ երկրորդ նախագահն ինքն է ընտրելու՝ ով լինի, ով՝ ոչ։

Հայ կառուցողական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը հակադարձում է՝ գործող իշխանությունների դեմ անհնազանդության շարժում սկսելու լուրջ հիմքեր չկան ու մոտ ապագայում չեն լինի, իսկ եթե կա «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ, ապա կոնսենսուսը միայն Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցում է, «մինուս մեկն» էլ՝ Քոչարյանը․ «Ես չեմ հավատում Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներին, թե ուժերի համախմբում կա, թեժ աշուն պետք է լինի, դա քաղաքագիտորեն հնարավոր չէ։ Մենք ունենք լեգիտիմ ընտրված իշխանություն եւ չունենք հիմքեր քաղաքացիական անհնազանդություն սկսելու։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա ես վստահ եմ, որ բողոքի ակցիաները շարունակվելու են, իսկ Ամուլսարը չի գործելու, որովհետեւ մեկ եղանակ կա հանքը շահագործելու՝ ուժ գործադրել ցուցարարների վրա, իսկ ես չեմ կարծում, որ Փաշինյանը նման քայլի կգնա»։