Իսկ ո՞վ է ասել, որ Մեհրիբանը պացիֆիստ է

Իսկ ո՞վ է ասել, որ Մեհրիբանը պացիֆիստ է

Բաքվում  սպասվու՞մ է իշխանափոխություն: Ադրբեջանական վտարանդի շրջանակներից տեղեկություն է տարածվել, որ Իլհամ Ալիեւը լուրջ հիվանդություն ունի: Խոսքը քաղցկեղի մասին է: Ակնարկներ կան, որ օգոստոսին նրա վիճակը կտրուկ վատացել է, բժիշկները (հավանաբար՝ իսրայելցի) հազիվ ոտքի են կանգնեցրել, իսկ այդ օրերին շշուկներ էին տարածվել նրա մահվան մասին: Սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, որ բացառված չէ՝ մինչեւ տարեվերջ Մեհրիբան Ալիեւան հռչակվի նախագահի պաշտոնակատար: Որքանո՞վ են արժանահավատ այդ լուրերը՝ ոչ ոք հաստատել կամ հերքել չի կարող: Բայց որ Ադրբեջանում սկսվել է իշխանության «տրանզիտի» գործընթաց, կարծես կասկածից դուրս է: Այդ առթիվ հայրենական մամուլում արդեն իսկ կանխատեսում է արվել, որ Ղարաբաղում  «Ղարաբաղ շիքեսթեսի» լսելու» մասին Մեհրիբան Ալիեւայի վերջերս կատարած գրառումը ,,տողատակով ադրբեջանական ժողովրդին երազելու խորհուրդ է՝ ի տարբերություն ամուսնու պատերազմական կոչերի»: 

Նման մի ոգեւորություն էլ կար 2003թ.-ին, երբ Հեյդար Ալիեւը մահացած կամ մերձիմահ էր, եւ նրան փոխարինելու էր գալիս որդին՝ Իլհամը: Փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում իշխող կարծիք կար, որ Իլհամը խաղամոլ, հարբեցող, հղփացած է, նրա համար Լեռնային Ղարաբաղը ոչ մի նշանակություն չունի, կարելի է հեշտությամբ համաձայնության գալ Արցախի անկախության ճանաչման հարցում: Իրականում Իլհամ Ալիեւը հենց առաջին օրերից որդեգրեց չափազանց կոշտ դիրքորոշում, հրաժարվեց նախկին պայմանավորվածություններից, դրեց բանակցությունները մաքուր էջից սկսելու պայման, եւ հայկական կողմն ստիպված ընդունեց այդ նախապայմանները: Անորոշ է, թե ում հովանու ներքո եւ ինչպես տեղի կունենա ադրբեջանական իշխանափոխությունը: Դատելով զարգացումներից, ապագա խորհրդարանը կձեւավորվի Մեհրիբան Ալիեւայի կանխածրագրով:

Տպավորություն է, թե նա որոշակի պայմանավորվածությունների է գնացել ծագումով Հայաստանից ազդեցիկ դեմքերի հետ եւ փորձում է համատեղել Բաքվի վերնախավի եւ նրանց շահերը՝ ներքաղաքական դասավորությունից դուրս թողնելու նախիջեւանյան թեւը, որը Հեյդար Ալիեւի ժամանակներից իշխանության հենարանն է: Ի՞նչ հանրային աջակցություն ունի Մեհրիբան Ալիեւան՝ նույնպես անորոշ է: Համենայն դեպս, նա պալատական դեմք է եւ հազիվ թե՝ ժողովրդական լայն շրջանակների համար ընդունելի: Քիչ թե շատ աջակցություն ունենալու համար, ըստ տրամաբանության, Մեհրիբան Ալիեւան մի հնարավորություն ունի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի արմատական լինել: Ըստ երեւույթին, այդ նպատակին է ծառայեցվելու սպառազինությունների հարցով ռուս-ադրբեջանական նոր գործարքը, որի մասին հայտարարել է արտգործնախարար Մամեդյարովը: Կարելի է եզրակացնել, որ Մեհրիբան Ալիեւայի պացիֆիզմի մասին հայրենական մամուլի առաջին դիտարկումները, մեղմ ասած, հիմնավոր չեն: