Միջանցք տալը բացառվում է

Միջանցք տալը բացառվում է

Հայաստանը շարունակում է հետևել խաղաղության ճանապարհին և նպատակ ունի առաջ մղել այդ գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների մասին։

Սաֆարյանը նշել է, որ խաղաղության օրակարգի հանդեպ Հայաստանի հանձնառությունը ուժեղ է, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ադրբեջանի ներկայացրած որոշ պահանջների մասին հարցին ի պատասխան, նա միանշանակ հայտարարել է, որ Հայաստանը որևէ միջանցք չի տրամադրի։ «Դա բացառվում է։ Մենք արդեն բազմիցս ասել ենք այդ մասին։ Եթե մեր դիրքորոշումը հստակ արտահայտվել է, կրկին հարցնելը իմաստ չունի։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է փոխնախարարը։

Լրագրողի դիտարկմանը, թե նախկինում որոշ դիրքորոշումներ փոխվել են, Սաֆարյանը արձագանքել է, որ ներկայումս այդ հարցում որևէ փոփոխություն չկա։ Նա հավելել է, որ նույն ձևով անփոփոխ է մնում նաև Հայաստանի մոտեցումը տարածաշրջանային կապուղիների բացման հարցում։