Արամյանցի դղյակը վատ վիճակում է. սեփականատերը պարտավորությունները չի կատարում

Արամյանցի դղյակը վատ վիճակում է. սեփականատերը պարտավորությունները չի կատարում

Դեպի Փոքր Այրում տանող ավտոմայրուղու վերին հատվածում վեր է խոյանում Արամյանցի դղյակը` կառուցված 19-րդ դարում: Շվեյցարական ոճով կառուցված այս դղյակը ոչ միայն տեսքով, այլ նաեւ իր պատմությամբ է առանձնանում: Արամյանցի դղյակի մասին տարիներ շարունակ խոսվում է, բայց այսօր այն առավել, քան երբեւէ, վերանորոգման կարիք ունի, եւ կարծես դրանով այլեւս ոչ ոք չի հետաքրքրվում: 

Դղյակը պատկանում է «Լօզէ» ՍՊԸ-ին, տնօրենն է Հայկ Մելիքյանը: 2012 թվականին, մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ, Արամյանցի դղյակն ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցանկում։ 2016 թվականին կառավարությունը որոշել է հուշարձանի պահպանման համար այն ճանաչել հանրային գերակա շահ, սակայն գործընթացն առաջ չի գնում, քանի որ դղյակը 2013 թվականից գրավադրված է եղել «Առէքսիմբանկում», ապա՝ «Արդշինբանկում»։ 

2018թ. իշխանափոխությունից հետո Լոռվա նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ կառավարության նախագիծ է նախապատրաստվում, որով կառավարության պահուստային ֆոնդից գումար կնախատեսվի՝ Արամյանցի դղյակը եւ հարակից տարածքները չափագրելու ու գնահատելու համար, սակայն նախագիծն այդպես էլ մնաց թղթի վրա: Տարածքի սեփականատերերը շահագործում են դղյակը, գումար են աշխատում, իսկ Արամյանցի դղյակի ճակատագրով մտահոգ են միայն գյուղացիները, քանի որ այն հազվագյուտ կառույց է, եւ դրա վերանորոգումն ու պահպանումը կխթանեն համայնքում տուրիզմի զարգացմանը: 

Արամյանցի դղյակի ներկայիս իրավիճակով մտահոգ գյուղացիները նշում են, որ այն պատմամշակութային լուրջ արժեք է` պետք է վերադարձվի պետությանը եւ պահպանվի պետության կողմից։ «Արամյանցի տունը պատմական կառույց է: Տարիներ առաջ սխալ են արել, թույլ չպետք է տային, որ սեփականաշնորհվեր: Սեփականաշնորհվելուց հետո էլ՝ տարիներ շարունակ այն անտեսվել է սեփականատերերի կողմից: Վերջերս տարածքը մի փոքր բարեկարգել են, զբոսաշրջիկների համար պայմաններ են ստեղծել, մուտքը դղյակ վճարովի դարձրել: Մեզ մտահոգում է, որ տունը վերանորոգեն, քանի որ նման ոճով կառուցված դղյակ ամբողջ Հայաստանում 2 հատ կա, մյուսը Վանաձորում է: Դղյակը վթարային վիճակում է։ Տանիքը՝ տեղ-տեղ քայքայված, պատուհանները՝ կոտրված, պատերը՝ ճաքճքած ու պատված բորբոսով, իսկ հատակին խոր փոսեր են։ Այսպես մնալու դեպքում շենքը կփլուզվի»,- մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները: 

Ախթալա համայնքի վարչական ղեկավար Սեւակ Սարգսյանը մեզ ասաց, որ դղյակի հետ կապված՝ շատ անլուծելի հարցեր կան, ընդհուպ՝ իրավաբանական: «Հստակ չեմ կարող ասել, թե ով է սեփականատերը: Որքան գիտեմ, այս պահին Լուսինե Սահակյանն է տնօրինում (խոսքը փաստաբան Լուսինե Սահակյանի մասին է` Ն. Կ.), իսկ համայնքապետարան մուծումներն Արթուրն է կատարում: Դղյակի վերանորոգումը շատ մեծ գումարների հետ է կապված, սեփական տարածք է, շատ ժամանակ մենք չենք կարողանում ինչ-որ բան անել: Համայնքապետարան միայն հարկ են մուծում․ 19 հազար 727 դրամ՝ արտադրական նշանակության հարկն է, 496 հազար դրամ եւ եւս 6 հազար 300 դրամ հողի հարկ են վճարում»: 

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արամյանցի դղյակին․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարության հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բաժնին։ «Արամյանցի դղյակը մեզ չի պատկանում, երկար պատմություն ունի, դղյակը գրավ էին դրել բանկում՝ երկար ժամանակ: Սեփականատերը «Լօզէ» ՍՊԸ-ն է: Սեփականատիրոջ տղան եկավ` գրավից հանեցին: Նրանք պարտավոր են օրենքով գործել, մեր «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության մասին» օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է՝ սեփականատերերը պարտավոր են որոշակի աշխատանքներ իրականացնել, եւ իրենց հետ պահպանական պարտավորագիր պետք է կնքել, քանի որ դրանց նկատմամբ, որպես հուշարձանի, վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը: Մեզ հետ պահպանական պարտավորագիր չեն կնքում, անգամ այս տարի ապրիլին «Լօզէ» ՍՊԸ-ն վարչական դատարան էր դիմել հայցով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կողմից 07.12.2023 թվականին կայացված «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական պարտավորագրի ձեւը հաստատելու մասին» թիվ 145-Ն հրամանն անվավեր ճանաչելու մասով: Բնական է` Վարչական դատարանը մերժեց հայցը, Վերաքննիչ դատարանը եւս Վարչական դատարանի վճիռը թողեց անփոփոխ»,- ասաց Սուրեն Շաքարյանը: 

Նույն հարցն ուղղեցինք նաեւ Արթուրին, որն այս պահին տնօրինում է այդ տարածքը. «Ծրագիր ունենք, նախագծային փուլում ենք, մեր միակ նպատակը դղյակի վերանորոգումն է, եւ Արամյանցի տունը կդառնա թանգարան»: Նախարարության հետ պահպանական պարտավորագիր կնքե՞լ եք։ «Դրա մասին կարող է պատասխանել միայն սեփականատերը, ես իրավասու չեմ պատասխանել, ինչը որ արվում է, արվում է նախարարության հետ համատեղ»: