Կապանի դեպքերով մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել, մյուսները սպասում են

Կապանի դեպքերով մեկ հոգու մեղադրանք է առաջադրվել, մյուսները սպասում են

«Կապանում մայիսի 24-ին ձերբակալված և մեկ օր անց ազատ արձակված երիտասարդներից մեկին՝ Մարատ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել անձի առեւանգման հոդվածով։ Վստահ եմ, որ իմ պաշտպանյալներին եւս մեղադրանք կառաջադրվի։ Մեզ ժամը 14։00-ին հրավիրել է նախաքննության մարմինը։ Ենթադրում եմ՝ մեղադրանք կառաջադրեն կրկին անձի առեւանգման հոդվածով»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Կապանում մայիսի 24-ին ձերբակալված և մեկ օր անց ազատ արձակված երիտասարդներից մի քանիսի պաշտպան Վարդուհի Էլբակյանը։

Նա նաեւ ասաց, որ իրենց գրասենյակն է զբաղվում այս գործով, այդ իսկ պատճառով տեղյակ է, որ Մարատ Ստեփանյանի վերաբերյալ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է վարույթն իրականացնող մարմինը ներկայացնելու դատարան։ 

Հետագա իրենց քայլերի մասին էլ ոչինչ չի կարող ասել փաստաբանը, քանի դեռ դատարանի որոշումն առկա չէ։

Նա նաեւ հայտնեց, որ չորրորդ անձը, որը եւս ձերբակալվել էր, ազատության մեջ է․ «Նա ուրիշ հոդվածով էր,  նրա խափանման միջոցի հարցը քննարկվել է երեկ, եւ Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայայնը քննիչի միջնորդությունը չի բավարարել։ Զուտ տեղեկություն ունեմ, այլ մանրամասներ հայտնի չեն»։

Նշենք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել էին բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում էին Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի էին ենթարկել։ Ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ 

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ մանրամասներ էին ներկայացրել դեպքից։ Ըստ այդ հաղորդագրության՝ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ. Հ.-ն, նրա եղբայրը՝ Լ. Հ.-ն, Խ. Մ.-ն և Մ. Ս.-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ.-ին և Խ.Մ.-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա. Հ.-ի և Գ. Մ.-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ.-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա.Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ.-ի եղբայրը՝ Գ.Մ.-ն և Ա.Փ.-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա.Պ.-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։