ՀԱՊԿ-ի դուռը բաց է, որ երբ պարոնը ուզի, ներս գա
Պետք չէ Փաշինյանին իրենից դուրս այլ կերպ պատկերացնել։ Նա նույն մարդն է, որը լռում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցանկացած հակահայկական հայտարարության ժամանակ։ Նույն մարդն է, ով հեզ ու հնազանդ նվագում է Ադրբեջանի ու Թուրքիայի երգեցողության նոտաների վրա։
Մինչդեռ Ռուսաստանին երբեմն իր թիմակիցների նվագակցությամբ այնպես «հերոսաբար, համարձակորեն է» պատասխանում, որ մարդիկ զարմանում են՝ սա նույն Փաշինյա՞նն է, որ Ալիևը Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է ասում, ու նա մեծահոգաբար լռում է ու շարունակում Ալիևին սպասել խաղաղության խաչմերուկում։
Սա նույն Փաշինյա՞նն է, որ Ռուսաստանին անվախ մեղադրում է Արցախի ու Հայաստանի նկատմամբ դրսևորած քաղաքականության համար․․․ Այդ ո՞նց է լինում, որ Փաշինյանը Ադրբեջանին ու Թուրքիային թողած՝ Ռուսաստանին է քլնգում։ Հենց այստեղ է թաքնված ողջ գաղտնիքը։ Վստահորեն կարող եմ ասել, որ դա նույն Փաշինյանն է, որը վախենում է իրական թշնամիների «թանին թթու ասել», բայց Ռուսաստանին ասում է այն, ինչ մտքովն անցնում է։
Կարելի՞ է այստեղ մտածել, որ կա ռուսական թույլատրելիության պայմանավորված սահման։ Ու դա իր արդյունքը գրանցում է։ Ռուսական կողմը շատ բարեհոգի է Փաշինյանի նկատմամբ՝ հայտարարություններում և կոնկրետ գործնական քայլերում։
Ընդամենը ափսոսանք է հայտնում ՀԱՊԿ գագաթնաժողովներին կամ այլ միջոցառումներին չմասնակցելու համար, բայց դռները բաց է թողնում, որ երբ պարոնը բարեհաճի, ներս գա։ Պատմության ընթացքում ռուսական նման բարեհոգություն որևէ ղեկավարի նկատմամբ չեմ հանդիպել։
Ռուսաստանի կոշտ քաղաքականությանը խորթ երևույթ է սա, որը շփոթեցնում է ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ շարքային քաղաքացիներին։ Ուրիշ բան չի մնում մտածելու, քան այն, որ դեռևս այս կետում Փաշինյանը պետք է Ռուսաստանին, նրան բաց չի թողնելու։
Հենց դրանով է պայմանավորված քաղաքական դաշտի համրությունը։ Փաշինյանը դեռևս վերջին ռուսական օդապարիկը օդ չի հանել։ Սպասում են։ Բայց կան նաև այլ օդապարիկներ, որոնց արձակմանը սպասում են Թուրքիան, Արևմուտքը․․․ Այդ օդապարիկների օդ հանելուց հետո է, որ ռուսական կողմը ցույց է տալու «իր ատամները» , ու Փաշինյանը տեսնելու է իրական Ռուսաստանին՝ իր ողջ հյուսիսային սառույցի խստությամբ։
Կարծիքներ