Տխուր եք ապրում, պարոնայք

Տխուր եք ապրում, պարոնայք

«Սամվել Բաբայանի գրասենյակ» ինքնանվանվող սուբյեկտը պատասխանել է իմ  «Պահանջում եմ պարզաբանում» հրապարակմանը:

Պարզվում է, լինելով բանակային «Մարտիկ» թերթի խմբագիր, թույլ եմ տվել կոպտագույն սխալ՝ «թերթի շապիկի վրա փակցնելով վերևում ՊԲ հրամանատարի նկարը, իսկ ներքևում գործող նախագահի նկարը»։  Սույն «բացատրության»  հեղինակը մոռանում է, որ բանակային թերթը 1996թ.-ին ենթարկվում էր երկու՝ Լրատվության եւ մամուլի դեպարտամենտի եւ ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների  բաժնի գրաքննությանը, եւ ազդանմուշային օրինակը տպարանում  բազմացվում էր միայն գրաքննիչների ստորագրության առկայության դեպքում:

Եւ եթե ինչ-որ մեկը, ինչպես «մեկնաբանության» հեղինական է ասում, «օճառելու» ցանկություն է ունեցել, ապա դա հաստատ ես չէի, եւ ես չէ, որ ցանկացել եմ հաճոյանալ Սաամվել Բաբայանին: Հակառակ դեպքում համապատասխան պաշտոնյայից դիտողության չէի արժանանա, թե առանձնասենյակի պատից՝ իմ գլխավերեւում ինչու՞ կախված չէ ՊԲ հրամանատարի լուսանկարը: «Ցանկացած մեկը, ով ծանոթ է զինվորական կանոնադրությանը շատ լավ գիտի այս արարքի պատիժը»- ասված է «մեկնաբանության» մեջ եւ ավելացված, որ դրա համար եմ ենթարկվել տասնօրյա կալանքի եւ  ուղարկվել պատժավայր-զորամաս։

Կրկնում եւ երրորդում եմ՝ բանակային թերթի խմբագրի պաշտոնից ազատվել եմ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ կարգավորման հեռանկարի մասին հարցի պատճառով: ՊԲ հրամանատարի բանավոր կարգադրությունը հնչել է չորս հարյուր սպայի ներկայությամբ: Այդ մարդիկ կարող  են վկայել, իսկ տասնօրյա կալանքն անցկացրել եմ 1997թ. մարտի 16-26-ը: Այնուհետեւ «մեկնաբանության» հեղինակն ասում է,  որ ես, լինելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակից, «շուկայի մոտ երկրի համար պայթունավտանգ այդ  օրերին հարցազրույցներ կազմակերպելով, հանրությանը փորձում եմ սնել ստահոդ կարծիքներով ու եթերը լցնել հակապետական սուտ լուրերով, և հարցը այստեղ ամենևին էլ Արկադի Ղուկասյանի հարցազրույցը չէր»։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը շուկայի մարդկանց մակարդակին չէր կարող իջնել: Դա «մեկնաբանության» հեղինակին է հարիր, որը շարունակում է, թե Վահրամ Աթանեսյանը «դրա համար արժանանում է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի զայրույթին և ասեմ ավելին, մի հատ էլ ստանում մռութին, որի համար չի զղջում հրամանատարը, այլ զղջում է նրա համար, որ հակապետական այս անձին պետք էր ավելի ուժեղ թափ տալ»։ Ինչպես տեսնում ենք՝ մարդը չի փոխել էությունը եւ հպարտանում է, որ չորս ամրակուռ թիկնապահով շրջապատված՝ իր առանձնասենյակի  ընդունարոնում քաջություն է ունեցել ձեռք բարձրացնել մի անպաշտպան լրագրողի վրա եւ դեռ ափսոսում է, որ «ավելի ուժեղ թափ չի տվել»:

Այսինքն պիտի տար թինկապահների ձեռքը՝ ջարդուփշուր անեի՞ն, թե պիտի հրամայեր, որ մի անկյունից կրակեին-սպանեի՞ն: Տխուր եք ապրում, պարոնայք, դրսում 2019թվականն է:  Ինչ վերաբերում է ինձ հիշողության կորուստի մեջ մեղադրելուն, ապա ասեմ, որ ամնեզիայով տառապում է «մեկնաբանության» հեղինակը, երբ իր ասածի ճշմարտացիությունը հիմնավորելու համար հղում է Սերժ Առուշանյանին: Թարմացնեմ ձեր հիշողությունը, պարոնայք. 1996թ. նոյեմբերին Սերժ Առուշանյանը ՊԲ հրամանատարի տեղակալ չէր, նշանակված էր սոցապ նախարար, նրան փոխարինում էր Բենիկ Հարությունյանը:  Եւ վերջում՝ ինձնից բացի 1990-ականներին ,,մսաղացով,, անցել է արցախցի եւս առնվազն երեք լրագրող: Նրանց անունները ես չեմ հրապարակում՝ հարգելով անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը:Եթե նպատակահարմար գտնեն՝ կպատմեն իրենք:

Հ. Գ. Իրականում ՊԲ նախկին հրամանատարի զայրույթին արժանացել եմ Ասկոլկա-Աշոտ Ղուլյանի հուշարձանի բացման արարողությանն իմ ելույթի պատճառով, երբ նրան անվանել եմ Արցախյան պատերազմի լեգենդ եւ խորհրդանշան: