Ով Նիկոլին հայհոյում է, չկարծեք, թե նիկոլական չէ․․․
Հիմա կասեք էս ի՜նչ անլուրջ բանի մասին ես խոսում, աշխարհն իրար ուտում, դու Սերգեյ Դանիելյանի տիկտոկյան հաղորդումից ես խոսում։ Հավատացնում եմ, որ դա նույն լրջությունն ունի, ինչ Նիկոլ Փաշինյանի, հիմա նաև կնոջ հեծանվավազքը։ Կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ հեծանվավազքը նպատակային է արվում, այլ բան է, որ յուրաքանչյուրը մեկնաբանում է յուրովի։ Ո՞ր մի մարդ կցանկանա, որ ոչ միայն իրեն, այլ կնոջը, ընտանիքին դնել համընդհանուր բացասական քննարկման թիրախի տակ։ Այն մարդը, որ հասարակության, հանրության կարծիքը հաշվի չի առնում, ավելին՝ թքած է ունենում նրա վրա, հաշվի չի առնում նրա վերաբերմունքը, հայհոյանքն անգամ, նման մարդուն գիժ են անվանում։ Բայց դուք հո գիտե՞ք, որ Փաշինյանը գիժ չէ, մի անգամ ինչ որ առիթով նույնիսկ ասաց, որ ի՞նչ է՝ կարծում եք ես արժանապատվությու՞ն չունեմ։ Իսկ ո՞ր մի արժանապատվություն ունեցող մարդ կարող է անել այն, ինչ Փաշինյանն է անում։
Հարցը հեծանիվ վարելը չէ։ Հարցը երկրի տարածքների հանձնման, Արցախ աշխարհի կորստի, հարյուր հազարավոր ճակատագրերի խեղման, ազգի տառապանքի, հուսահատության, ամենօրյա ողբերգությունների ֆոնին իր ու կնոջ վերաբերմունքի մասին է։ Ես հավատում եմ, ինչպես ինքն է ասում, որ արժանապատվություն ունի, բայց այն ծրագիրը, որը պիտի իրագործի, ստվերում է իր արժանապատվությունը։ Ծրագրի իրագործումը նա բարձր է գտնում իր արժանապատվությունից։
Անցնեմ բուն նյութիս՝ մեծ մամեին։ Պատահական աչքովս ընկավ Սերգեյ Դանիելյանի տիկտոկյան հաղորդումը, որտեղ բառիս բուն իմաստով «ցեխն էր կոխում», խայտառակում այս իշխանության քաղաքականությունը, սարկազմի ենթարկում խաղաղության նրա ծրագիրը։ Մտածեցի՝ սա ի՞նչ բան է, սա ե՞րբ ուշքի եկավ։ Բայց երբ լսեցի վերջին խոսքերը, հասկացա նպատակը։ Նիկոլին, իբր սևացնելով, նա ուզում է հանրությանը համոզել, որ ինքը նիկոլական չէ և հանրությունը պարտավոր է հաշվի առնել ոչ նիկոլականի կարծիքը։ Եվ ո՞րն է «ոչ նիկոլականի» ամփոփումը, ասում էր ՝ թող բոլորն էլ, «սիկտիր, ռադ լինեն», ներողություն, իր բառն օգտագործելու համար։ Ու այդ բոլորի մեջ նրա հիմնական ցավը, թիրախը Բագրատ Սրբազանն է։ Նա Բագրատ Սրբազանին «ռադ անելու» կոչ էր հնչեցնում։
Ասելիքս ո՞րն է։ Իշխանությունը ոչ մաքուր ձևով է պայքարում։ Արժանապատվությունը դրել է մի կողմ և ասում է՝ ինչ ուզում եք ասեք, հայհոյեք ինձ, միայն թե մարդիկ հավատան, որ դուք ինձ դեմ եք։ Նրան չի հետաքրքրում, որ ինքը բարոյական տեսանկյունից որպես ղեկավար այլևս պատվանդանի վրա չի։ Կարևորը ֆիզիկական իմաստով պատվանդանին կառչած մնալն է։ Չխորանալով ավելի, ասեմ ձեզ, ով Նիկոլին հայհոյում է, չմտածեք, որ նիկոլական չէ․․․ Լսեք նրա վերջին խոսքը, լսեք նրա ամփոփումը։ Ուշադիր եղեք, որ նա ձեր վստահությունը շահելով, ու՞մ օգտին է ծառայում․․․ Սա պայքարի նոր ձև է, երբ արժանապատվության հաշվին մնում են պատվանդանին գամված։
Կարծիքներ