Ե՞րբ ենք լրջանալու

Ե՞րբ ենք լրջանալու
թուրքիա

Մի տեղ կարդացի, որ Թուրքիան «փորձում է թույլ չտալ սահմանների վերաձեւում»: Եւ հիշեցի հեղինակի նույն թեմայով նախկին հրապարակումները: Դրանք գրված են պաթոսով, որ Միացյալ Նահանգները, մասնակիցը չլինելով Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքի բաժանմանը, ներկայումս իրականացնում է տարածաշրջանի վերաֆորմատավորման ծրագիր, որը ենթադրում է նաեւ Թուրքիայի մասնատում: Իր այդ մտավարժանքներում նա կրկնում էր հայրենական քաղվերլուծաբաններին, որոնք նույնպես ներշնչված էին քրդական անկախ պետականության շուտափույթ հռչակման հեռանկարով:

Կա՞ր նման նախագիծ, թե ամեն ինչ գոյություն ուներ միայն հայերիս երեւակայությա՞ն մեջ՝ արդեն այնքան էլ կարեւոր չէ: Փաստն այն է, որ Թուրքիան ուժեղ գտնվեց: Ոչ միայն սեփական սահմանները պաշտպանելու, այլեւ Սիրիայում դերակատարության հարցում: Եւ այսօր Միացյալ Նահանգների նախագահն իր զինվորներին Սիրիայից տուն է վերադարձնում՝ վստահ լինելով, որ ԻՊ մնացորդած հետ հարցերը կլուծի Թուրքիան: Սիրիայում իր քայլերն Անկարայի հետ կոորդինացնում են նաեւ Մոսկվան եւ Թեհրանը, իսկ ՌԴ արտգործնախարարն ասում է, որ թուրքական զորախմբի ներկայությունն այնտեղ համաձայնեցված է պաշտոնական Դամասկոսի հետ: Որպես թե՝ գոյություն ունի Էրդողան-Ասադ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն: Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական ներկայությունը կատարված իրողություն է:

Խնդիր է, թե վաղն ի՞նչ համաձայնության են գալու բոլոր ներգրավված կողմերը, բայց փաստ է, որ տարածաշրջանում քրդական պետություն ստեղծելու ծրագիրն այլեւս արդիական չէ: Ոչ ոք չսատարեց Իրաքյան Քրդստանի անկախությանը, այսօր հուսալքության շեմին են Սիրիայի քրդերը: Իսկ Թուրքիայում քրդական հարցը կարելի է համարել փակված: Թուրքիան այսօր ռազմաքաղաքական վերելքի մեջ է, եւ դա ընդունում են ներգրավված բոլոր կողմերը՝ Վաշինգտոնը, Մոսկվան, Թեհրանը, Երուսաղեմը, Դամասկոսը: Իրականությունը բոլորն են սթափ գնահատում եւ իրենց ապահովագրում թուրքական գալիք էքսպանսիաներից՝ որքանով դա հնարավոր է այս պահին: Որովհետեւ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ ընթացք կստանան ռուս-թուրքական, իրանա-թուրքական, իսրայելա-թուրքական հարաբերությունները, որ կառուցվում են ոչ թե զգացմունքների կամ պատմական հիշողության, այլ՝ այս պահի նպատակահարմարության վրա՝ չբացառելով, որ վաղը Սիրիան եւ Թուրքիան կարող են գալ սկզբունքային համաձայնությունների, որ կվավերացնեն Անկարայի ազդեցությունն անվանապես սիրիական կոչվող տարածքներում, որ ընդամենը հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության մաս էին կազմում:

Բոլորը զգաստացած են: Հայերից, հայությունից բացի, որ, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմում, դեռ շարունակում են երազել, որ կգա մի հզոր բանակ, կմասնատի Թուրքիայի տարածքը եւ մեզ կնվիրի Արարատ լեռը՝ Իգդիրով հանդերձ կամ՝ Բագրատունիների փառավոր Անի մայրաքաղաքի ավերակները: Ինչպես նաեւ՝ Կարսը, կմասնատվի նաեւ Կովկասի Թուրքիան՝ արհեստածին Ադրբեջանը, եւ մենք նավատորմիղ կունենանք Կասպից ծովում, մերը կլինի Նախիջեւանը...

Ռուսներն ասում են՝ мечтать не вредно, բայց դա իրենց երազանքի մասին է, որի թիկունքում իմպերիական հիշողություններ եւ, ամենակարեւորը, միջուկային ապահովության վահան կա: Մեր դեպքում, ընդհակառակը, երազանքները վտանգավոր են: Որովհետեւ այդպես կտրվում ենք իրականությունից, կորցնում պահի լրջության գիտակցումը եւ վերածվում անհեռանկար-անղեկ մի գոյության, որի ապագան նույնքան անորոշ է, որքան որ առասպելաբանական է անցյալի նրա գիտակցումը: Ե՞րբ ենք լրջանալու՝ շատ մեղմ է ասվում: Ավելի ճիշտ կլինի ձեւակերպեել այսպես՝ լրջանալու՞ ենք երբեւէ: Մեզ հաշիվ տալու՞ ենք՝ ինչ տարածաշրջանում եւ ո՞ր ռեսուրսների երկիր ու ազգ ենք:

Ի վերջո հասկանալու՞ ենք, որ մեր հնարավորությունների առավելագույնն իրացված է Հայաստանի անկախության վերահաստատումով եւ Լեռնային Ղարաբաղի կնքված հայկականությամբ: Կշռադատելու՞ ենք, որ հարյուր տարի առաջ «քամուց քշվածների» թվաբանական գումար էինք, այսօր՝ տարածաշրջանային գործոն, որի հետ դաշնության հեռանկար են կապում: Այդ թվում՝ նույն Թուրքիան: Որ բաց թողնված հնարավորությունը երբեք այլեւս չի վերադառնում: Որ այսօրվա խուլ անհաշտությունը վաղը կարող է վերածվել բաց թշնամանքի: Որ անթույլատրելի է մեր սուղ հնարավորություններն անվերջ փորձել ի սպաս դնել ինչ-որ հեղհեղուկ գործընթացների: Որ ՆԱՏՕ-ն դեռեւս չի խելագարվել, որպեսզի Թուրքիայի ֆրանգմենտացիայով մերկացնի իր հարավային թեւը, եւ Ռուսաստանն այնքան հիմար չէ՝ ուժ չափի, երբ հնարավոր է հանգիստ պայմանավորվել: Կարո՞ղ ենք լրջանալ...