Ովքեր են «հյուսիսկորեական» վերնագրեր արտադրող ալիքների տերերը

Ովքեր են «հյուսիսկորեական» վերնագրեր արտադրող ալիքների տերերը

Մի քանի անգամ առիթ ենք ունեցել տեղեկացնելու, որ Հայաստանում գործարանային հոսքագծի պարբերականությամբ համացանց ու Youtube են նետվում խայտառակ որակի պրոիշխանական, հակալրագրողական նյութեր։ Նախորդ անգամ էլ ներկայացրել էինք տասնյակ և  հարյուր հազարավոր դիտումներ ունեցող պրոպագանդիստական այս բութ գործիքների վերնագրերը՝ առանց մեկնաբանության։

Ի դեպ, ուղղագրությունն էլ այնպես է, ինչ տեսքով ու տառասխալներով, որոնցով իրենց արտաթորանքը նետել են Youtube։ Մասնավորապես․ «Նիկոլը էս ոնց շշմեցրեց ողջ Գերմանիան․Մերկելը հիացած է», «Պուտինը Խոնարhվեց Նիկոլի առջև... Այն ինչ արեց մեր հզոր Նիկոլը պիտի տեսնեն բոլորը. Nikol & Putin», «Նիկոլը փոթորիկ արեց ԱԺ-ում. Համացանցը սա է պայթեցնում», «Սա հիմա պիտի տեսնի ողջ ազգը. Նիկոլին բանտում քնած ժամանակ ծեծել են.Վա՜յ ես ձեր...» , «Դարի ձերբակալումը... ԱԱԾ-ն ոչնչացրեց. Սենց բան չեք տեսել», «Դեռ Նիկոլը սենց դաժան չեր եղել. բյուջե լափածները թքին Հրատապ Սենսացիա», «Քիմի շքեղ նվերը Նիկոլին.․ «Սա պայթեցրեց երկրագնդի ողջ մամուլը Հզոր Տեսանյութ»,«Դարի Թալանը. դեռ սենց անասնական բան չեինք իմացել. Խայտառակ Սենսացիա», (182․717 դիտում), «Հենց հիմա, առավոտ շուտ Նիկոլին սարսափելի բան զեկուցեցին. ԱԱԾ-ն նոր զոհեր ունի» (180 հազար դիտում), «ՎԵՐՋ Շմայսը խոսեց. կցնցվեք երբ լսեք սա․ Սենսացիոն Լուր»  (161․351 դիտում), «Քարդաշյանն ասաց՝ կողքդ եմ, Նիկոլ», «Նիկոլ գալիս եմ հայաստան կողքտ կանգնեմ...», «Մարիամ Փաշինյանի սարսափելի ապտակը Վանեցյանին․ համացանցը ցնցված է», «Աննան անսպասելի կոտրեց Ռիտայի մեջքը. Խայտառակ Դեպք Բոլորի Համար» և այլն։

Antifake.am կայքը, որի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը նշել էր, թե այս լուրերը Հյուսիսային Կորեային բնորոշ նյութեր են, պարզել է, թե ովքեր են ֆինանսավորում այդ ալիքները։ Բոլորը Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պաշտպաններ են։ Antifake.am կայքը ներկայացրել է յութուբյան այդ ալիքները՝

Nvideo Only 1 (NVO1) (75.5 հազար բաժանորդ)
8rd.am (63.1 հազար բաժանորդ)
8rd news (88.6 հազար բաժանորդ)
365news TV (9.92 հազար բաժանորդ)
SHD ARM TV  (30.1 հազար բաժանորդ)
ArmTube TV  (24.7 հազար բաժանորդ)
սրանց հետ փոխկապակցված այլ ալիքներ
Perfect TV (245 հազար բաժանորդ)
 
Այսպես, 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվում է Շավարշ Սարուխանյանը։

Շավարշ Սարուխանյանը հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև Nvideo Only1-ի հիմնադիրն ու սեփականատերը, որը նույնական է NVO1 յութուբյան ալիքի հետ։

Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին  Փաշինյանի հետ Հանրային ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկը, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։

8-rd.am, NVO1 և սրանց հետ փոխկապակցված յութուբյան ալիքների հետ  մրցակցության մեջ գտնվող PerfectTV-ն համակարգում է Վիգեն Սուքիասյանը։

Ըստ կայքի՝ յութուբյան ալիքների ստեղծման ժամանակահատվածը, դրանց բովանդակությունն ու ռեսուրսները խոսում են բավականին մեծ ֆինանսական միջոցներ ունենալու մասին, որը, մեր ունեցած տեղեկություններով, ապահովվում է իշխանության միջոցով։