Մամուլից եմ տեղեկացել իմ ազատման մասին

Մամուլից եմ տեղեկացել իմ ազատման մասին

Մենք գրել էինք, որ Արագածոտնի մարզպետարանում լարված մթնոլորտ է եւ ոչ աշխատանքային հարաբերություններ։ Իսկ օրերս մարզպետ Դավիթ Գեւորգյանը մարզպետարանի նիստի ժամանակ՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ, փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին «հոգեկան հիվանդ» էր անվանել եւ արգելել էր մասնակցել մարզպետարանի նիստին։

Մարզպետի եւ փոխմարզպետի միջեւ լարված հարաբերությունների հարցով մարզպետն ու փոխմարզպետն առանձին-առանձին դիմել էին նաեւ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին, որ վերջինս կարգավորի հարցերը եւ աշխատանքային փոխհարաբերություններ հաստատի։ Սակայն նախօրեին իրավիճակը հանգուցալուծվեց հօգուտ մարզպետի, ով կնոջը՝ փոխմարզպետին, հրապարակավ «հոգեկան հիվանդ» էր անվանել։ Երեկ վարչապետի որոշմամբ Անահիտ Սարգսյանն ազատվել է աշխատանքից։

Մենք կապվեցինք նրա հետ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել մարզում, եւ որն է իր եւ մարզպետի միջեւ նման լարված հարաբերությունների պատճառը։ Անահիտ Սարգսյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ այդ լարված հարաբերությունները պատճառ չունեն, ես դեռ պետք է խոսեմ ղեկավար մարմնի հետ, մամուլից եմ տեղեկացել, որ ազատված եմ, հետագայում նոր կպատասխանեմ Ձեր հարցերին։ Հավանաբար, այնտեղ տեղափոխության պայմանավորվածություն կա»։ Աշխատանքից ազատված փոխմարզպետն ասաց, որ իրեն չեն ծանուցել ազատման մասին, եւ նա, կարծես թե, վերականգնվելու հույսեր ունի։ Սարգսյանը չցանկացավ պարզաբանել, թե ինչու է Գեւորգյանն իրեն «հոգեկան հիվանդ» անվանել։ «Եկեք չմեկնաբանեմ դա, եկեք առայժմ ձեռնպահ մնանք, այնուհետեւ կխոսենք»,- ասաց նա։ Փորձեցինք կապվել նաեւ մարզպետի հետ, սակայն նա անջատում էր հեռախոսը։

Նկատենք, որ նոր Հայաստանում «ժողովրդի իշխանությունը», ինչպես հին Հայաստանում, մարդկանց ազատում է առանց տեղեկացնելու՝ պաշտոնյան մամուլից է իմանում իր ազատման մասին։