Հանրային ստատուս-քվո՝ հանձնել պետությունը մինչեւ վերջ

Հանրային ստատուս-քվո՝ հանձնել պետությունը մինչեւ վերջ

Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հերթական ձնհալը, Պուտին-Էրդողան պարբերական հանդիպումները եւ դրանց ընթացքում արծարծվող Արցախի հարցը Հայաստանում ազգային իշխանության չգոյության պայմաններում մեր պետությանն առաջիկայում հերթական ցավալի հանգրվանի առաջ են կանգնեցնելու։ Շուտով կլրանա երկու տարին, ինչ ուժային կենտրոնների ճնշման ներքո եւ թշնամական կողմերի փաստացի թելադրանքով Փաշինյանի վարչախումբը 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված տարածաշրջանային վիճակը փորձում է փաստաթղթավորել եւ արձանագրել՝ որպես չարիք այն պահ տալով ապագա իշխանությանն ու հայ ժողովրդի գալիք սերունդներին։ Արցախի կապիտուլյացիան առաջին արարն էր, հիմա զիջումների նոր փաթեթ է սեղանին՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական փոխշաղկապված մերձեցումներով։

Բնականաբար, միամտություն կլինի ենթադրելը, թե Փաշինյանից այս հարցում որեւէ բան է կախված։ Նա մատնված է կատարյալ ինքնահոսի եւ իր իշխանությունն ու անվտանգությունը պահելու համար պատրաստ է անգամ ամենաանհավանական զիջումների։ Պարբերաբար Մոսկվա կանչվող Փաշինյանը, պարզ է, ընդամենը տեղեկացվում է, ավելին՝ հանձնարարություններ է ստանում՝ ինչ եւ ինչպես անել։ Վերջին երկու տարում «ժողովրդավարության բաստիոնի տիրակալի» այցելած երկրների ցանկն, ընդհանուր առմամբ, խիստ ոչ տպավորիչ է։ Այլ հարց, որ իսպառ հանգած են նաեւ հանրային զգոնությունը, ինքնապահպանման հավաքական բնազդը, եւ ցավալիորեն՝ ո՛չ Արցախի մեծագույն մասի, ո՛չ էլ Սյունիքի սահմանների կորուստը զանգվածային ընդվզում չի հարուցում։ Այս ներհանրային ստատուս-քվոյի գինը Հայաստանի ինքնիշխանությունն է, անվտանգությունն ու սուբյեկտայնությունը՝ օր օրի զիջվող ու նվազող։

Ինչպես դեռեւս 2018-ի հունիսից հատուկենտ քաղաքական գործիչներ եւ ուժեր կանխատեսում էին վերահաս պատերազմը, այս անգամ եւս, արդեն շատ ավելի մեծ թվով հանրային գործիչներ, զգուշացնում են, որ Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան է նախապատրաստում, այս անգամ արդեն՝ ընդդեմ Հայաստանի։ Մինչդեռ պատկերացնել միայն կարելի է, թե հետպատերազմյան երկու տարում բանակի վերականգնումն իսպառ տապալած իշխանությունն ինչպես է նոր մարտական գործողություններ ղեկավարելու։ Եթե նույնիսկ որեւէ ագրեսիա չլինի, Հայաստանի սողացող զավթումը, ինչպես Սյունիքում եւ Գեղարքունիքում, անվերջ շարունակվելու է։ Քանի դեռ մեր օրացույցից նոյեմբերի 9-ի, ապա եւ հունիսի 20-ի էջերը ջնջված չեն, իսկ կապիտուլյացիոն վարչակարգն անարգել պաշտոնավարում եւ հարստանում է, անկումային ընթացքը շարունակվելու է։

Հայ-թուրքական հաշտեցման հետեւողական քարոզը տարվում է բոլոր մակարդակներում՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ անգամ հանրային-մարդասիրական։ Պատերազմից հետո եւ հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ՝ անձնատվության այդ ցցուն ջանքերը, սակայն, չարգելակեցին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Ճիշտ է, դա ոչ թե շնորհիվ, այլ ավելի շատ՝ ի հեճուկս Փաշինյանի վարչախմբի էր։ Այսօր արդեն միջազգային հանրությունը Մեծ եղեռնի թեմատիկան հմտորեն օգտագործում է հենց Փաշինյանի միջոցով։ Նա բարեհաջող հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղեգծից, իսկ Վաշինգտոնի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու այլ միջոցներ վստահաբար կգտնվեն։

Երբ արտաքին քաղաքական այս աղետին գումարում ենք ներհանրային պառակտումը, մարդկանց ճամբարավորումը, կառավարման համակարգի կազմաքանդված վիճակը, ներքաղաքական գործընթացների ստվերային բնույթը, պետության մոտալուտ ավարտի պատկերն ամբողջանում է։ Վստահաբար՝ այս պահին նույնիսկ որեւէ արտահերթ ընտրություն չի կարող հանգուցալուծել համակարգային ներքաղաքական ճգնաժամը, քանի որ որեւէ ուժ միանձնյա մեծամասնություն կազմել չի կարող։

Դավիթ Սարգսյան