Լավրովը և Սաֆադին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղին

Լավրովը և Սաֆադին անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղին

Նոյեմբերի 23-ին, հորդանանյան կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հորդանանի Հաշեմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի միջև:

Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջից։

Հորդանանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խնդրանքով Սերգեյ Լավրովը տեղեկացրել է նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների իրականացման նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերի մասին: Հորդանանի նախարարը ողջունել է Ռուսաստանի որոշիչ դերը հրադադարի համար պայմաններ ստեղծելու և երկարաժամկետ կարգավորմանն անցում կատարելու հարցում:

Զրույցի ընթացքում տեղի ունեցավ մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային օրակարգի հիմնական ասպեկտների վերաբերյալ: Վերահաստատվեցին միակողմանի մոտեցումների անընդունելիությունը և հնարավորինս շուտ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը ՄԱԿ-ի և Արաբական խաղաղության նախաձեռնության որոշումների հիման վրա պաղեստինա-իսրայելական ուղիղ երկխոսությունը վերսկսելու համար:

Նախարարները քննարկել են Սիրիայի և նրա շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ խաղաղ բնակչության խնդիրների լուծմանն օժանդակելու առաջադրանքները, այդ թվում` Նոյեմբերի 11-12-ը Դամասկոսում փախստականների և ներքին տեղահանվածների միջազգային խորհրդաժողովի համատեքստում: Ընդգծվել է սկզբունքային դիրքորոշումը Սիրիայի Արաբական Հանրապետությունում քաղաքական կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի և Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի որոշումների հիման վրա:

Անդրադարձ է կատարվել նաև ռուս-հորդանանյան գործարար կապերի խորացման արդիական խնդիրներին՝ շեշտը դնելով 2019 թ. Նոյեմբերի 13-14-ը Ամմանում Առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ հանդիպման որոշումների կատարման վրա: Քաղաքական փոխգործակցության բարձր մակարդակի պահպանման համար փոխադարձ տրամադրվածությունը հաստատվեց:

Նշենք, որ պաշտոնական այցով Հորդանան ժամանած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Հորդանանի թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի միջև  առանձնազրուց է եղել, որին հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի վարչապետ Բիշեր Խասավնեհը, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Մահա Ալին և այլ պաշտոնյաներ։