Երկու տարի պայքարեցինք, որ Փաշինյանը հրաժարվի սուպերվարչապետական կոստյումից. Անի Սամսոնյան

Երկու տարի պայքարեցինք, որ Փաշինյանը հրաժարվի սուպերվարչապետական կոստյումից. Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք երկու տարի պայքարեցինք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվի Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական կոստյումից: Բայց Նիկոլ Փաշինյանը, ըստ էության հարմարավետ տեղավորվեց այդ համակարգում, իսկ այդ ընթացքում մեզ հայհոյեցին, վիրավորեցին ու ասում էին` թողեք հանգիստ աշխատի: Իսկ մենք շարունակաբար պնդում էինք, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն պետք է դուրս բերել վարչապետի անմիջական ենթակայությունից, որպեսզի դրանք չդառնան քաղաքական ջարդարարության և հաշվեհարդարի գործիքներ:

Նախորդ օրը ցուցարարների նկատմամբ սևազգեստ դիմակավորված` իբր թե ոստիկանների գործողությունները լրիվ համապատասխանում են իշխանությունը ամեն գնով պահող Նիկոլ Փաշինյանի նպատակներին:

Բայց դա չի նշանակում, որ այդ փաստի հետ պետք է հաշտվել:

Հարգարժա´ն պարոն Ղազարյան,
20.11.2020 թվականին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանությունն իրականացրել է հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ։
ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցում տարածվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունները կատարող ծառայողների լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևացող ծառայողների սև հանդերձանքի վրա առկա էր այլալեզու գրառում։
Այս կապակցությամբ Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր գործողություններին մասնակցել են բացառապես ոստիկանության ծառայողներ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը խնդրում եմ

1. Հստակ նշել, թե Ոստիկանության ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներ են նրանք,

2.Արդյո՞ք վերջիններս պարտավորություն չեն կրում ծառայողական պարտականությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու և այն կրելու կարգով սահմանված կանոնները։

3.Ինչո՞վ էր պայմանավորված խաղաղ ցուցարարներին հեռացնելու համար ոստիկանական նման համազգեստ կրելու անհրաժեշտությունը»: