Այդ վախն է մեր տունը քանդել
Երբ հույսդ կապում ես օտարների հետ, իսկ սեփական իշխանությունդ էլ ավելի շատ թշնամուն է ծառայում, քան քեզ, հայտնվում ես նման վիճակում: Ո՞վ կսպասեր, որ մի օր անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի իրավիճակին ենք երանի տալու` երբ Արցախի գոնե մի մասը պահպանված էր, անկախ էր, ինքնիշխան էր եւ մենք էլ ազատ ել ու մուտ ունեինք Արցախ:
Պարզվեց` վատից ավելի վատ կա եւ դրա հատակն էլ չի երեւում: Իսկ նոյեմբերի 9-ին մենք դեռ հույս ունեինք, որ Հադրութն ու Շուշին հնարավոր է հետ բերել եւ դեռ հնարավոր է ազատ Արցախի կարգավիճակն ամրագրել, որովհետեւ եթե պատերազմով հնարավոր լիներ հող նվաճել, ապա աշխարհն այդ պահին բոլորովին այլ տեսք կունենար եւ մենք էլ 1994-ից հետո կկարողանայինք Արցախի հարցը լուծել: Մենք հավատում էինք, որ պատերազմում պարտությունը դեռ պատճառ չէ, որ արցախցին չապրի իր հողում, չունենա իր պետականությունը եւ չտնօրինի իր ճակատագիրը:
Մեզ նաեւ թվում էր, թե ռուս զինվորի ներկայությունը բավարար է, որ ադրբեջանցիներն այլեւս չհամարձակվեն հարձակվել ու սպանել հայերին, իսկ միջազգային հանրությունն էլ հետեւողական կլինի իր պահանջներում եւ Արցախի հարցը կլուծվի դիվանագիտական ճանապարհով, բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի ֆորմատի շրջանակներում: Պարզվեց` այս բոլորը միֆ է: Պետք չէ հույս կապել ոչ ռուսական զինուժի, ոչ եւրոպական դիվանագիտության, ոչ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի, ոչ էլ մարդկային բարոյականության ու տարրական տրամաբանության կանոնների հետ: Հույս կարող ես կապել միայն ինքդ քեզ հետ, այն էլ` հանրության ոչ բոլոր անդամների կտրվածքով, որովհետեւ կան մարդիկ, ում համար իրենց անձնական կոմֆորտը պետության գոյությունից կարեւոր է եւ նրանք չեն գիտակցում, որ երբ պետությունը վտանգված է, վաղ թե ուշ իրենց անձնական կոմֆորտն էլ է վտանգվելու- ոչնչանալու: Այսինքն, եթե մենք պարտությունից հետո թույլ չտայինք, որ թշնամին ամեն օր փոքր-փոքր հաղթանակներ տանի եւ ի վերջո` դեկտեմբերի 12-ին էլ փակի Արցախի ճանապարհը, այլ ամեն անգամ դիմադրություն ցույց տայինք ու ետ շպրտեինք նրան, այսօր բոլորովին այլ վիճակում կլինեինք: Ասում եք պատերազմ կսկսվե՞ր, թշնամին կհարձակվե՞ր, այ հենց այդ վախն էլ մեր տունը քանդել է:
Կարծիքներ