Ինչու՞, ի վերջո, վերընտրվեց Նիկոլը

Ինչու՞, ի վերջո, վերընտրվեց Նիկոլը

Ինչո՞ւ, ի վերջո, վերընտրվեց Նիկոլը: Կարծես ամեն ինչ վկայում էր նրա պարտության մասին: Առաջինը դրա օգտին էր խոսում օբյեկտիվ իրականությունը՝ խայտառակ պարտություն պատերազմում, գերիներ վերադարձնելու անկարողություն, սահմանային խնդիրներ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում եւ այդ թվում՝ մեկ սպանված զինվոր եւ նոր գերիներ, արեւելքից հարեւան պետության ղեկավարի կողմից Նիկոլի եւ ողջ հայ ժողովրդի նվաստացում եւ այդ թվում Սյունիքի մարզում անցնելիք միջանցքն ուժով պարտադրելու հոխորտանք: Հետպատերազմյան ծանր իրավիճակին գումարվեցին սոցիալ-տնտեսական խնդիրներ՝ դրամի փոխարժեքի արժեզրկումը, առաջին սպառման առարկաների գների աճը (հիշենք զատկական ձվի պատմությունը՝ նման գնաճ վերջին 25 տարում չէր եղել), գործազրկության աճը եւ որպես հետեւանք՝ արտագաղթի աճը: 

Երկրորդ․ նախկին վարչապետներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ ընդդեմ կապիտուլյանտի փողոցային շարժումը: Ճիշտ է, այն պարտություն կրեց, սակայն իր դերը խաղաց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում պարտադրելու հարցում: Երրորդ․ քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր համախոհների՝ հարաբերականորեն բազմամարդ լինելը եւ հանդիպումների բարձր էներգետիկան:

Իմիջիայլոց, որպես ընդդիմության պարտության հիմնական պատճառներից մեկը՝ նշվում է դրա ոչ բավարար լինելը: Սակայն փիառ մասնագետների կողմից բարձր գնահատական էր ստացել «Հայաստան» դաշինքի թե՛ անվանումը, թե՛ կարգախոսը եւ թե՛ լոգոն (պատկերանշանը):

Չորրորդ․ հրապարակայնորեն միակ սոցիոլոգիական հարցումն անցկացնող կազմակերպության կողմից «Հայաստան» դաշինքի վարկանիշի անընդհատ բարձրացման ու քվեարկության շեմին Նիկոլի նկատմամբ գերազանցման վկայությունը:

Իսկ այժմ պարտության գլխավոր պատճառի՝ Նիկոլի կողմից ժողովրդի աչքում նախկինների կերպարի դիվականացման մասին: Այդ հարցում հռետորական ձիրքով օժտված իրական դիվահարը գերազանց կատարեց իր առջեւ դրված խնդիրը: Դրա վկայությունը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների հասցեին թե՛ իրական եւ թե՛ սոցցանցային տիրույթում բազմաթիվ արձագանքներն էին՝ վարկաբեկիչ բնույթի (հիմնականում՝ կեղծ) մեկնաբանություններն ու գրառումները: Սակայն նախկին նախագահների անվանարկման գործում Նիկոլն «առաջամարտիկ» չէր:

Հիմքը դրվել էր երկրի առաջին նախագահի կողմից, որին, ի դեպ, իր համախոհներն անվանում են հիմնադիր նախագահ՝ կարծես թե վերջինս ոչ թե հանրապետության, այլ սահմանափակ պատասխանատվությամբ կամ բաց (եւ կամ փակ) բաժնետիրական ընկերություն նախագահ է: Բայց դա ոչինչ, կարեւորը նրա խաղացած անսահման բացասական դերն էր իր հաջորդների անունը սեւացնելու հարցում: Բայց դա էլ դեռ ամենը չէ: Դրան պետք է գումարենք հենց մեր կողմից, այո, ֆեյսբուքյան ակտիվիստների կողմից նույն գործին լծվելը:

Վերջինս, իհարկե, ուներ օբյեկտիվ բնույթ, քանի որ մեր երկրի կյանքն իրենից ներկայացնում էր բազմաթիվ ու բազմապիսի անօրինականությունների շքերթ: Եվ մենք էլ փողոցում եւ Ֆեյսբուքում արձագանքում էինք բացասական երեւույթներին եւ մեր հերթին նպաստում գործող իշխանության կերպարի դիվականացմանը: 

Պարզ էր, որ 2012-ից (այդ տարուց է Ֆեյսբուքն ի ցույց դնում իմ նախկին գրառումները) կատարված աշխատանքը շատ խոր արմատներ էր գցելու մարդկանց գիտակցությունում: Դրան գումարենք 2012-ից Նիկոլի ելույթներն Ազգային ժողովում եւ 2018-ի ապրիլյան իրադարձությունները: Հավելենք նաեւ արդեն վարչապետ դարձած Նիկոլի պոպուլիզմն ու մեծաթիվ մարդկանց զոմբիացումը: Եվ ակնհայտ էր, որ այդ ամենը չէր կարող մաքրվել ընդամենը երկու շաբաթում եւ կամ թեկուզ մեկ-երկու եւ նույնիսկ հինգ-վեց ամսում: Դրա համար անհրաժեշտ էր շատ ավելի երկարատեւ աշխատանք՝ հատկապես որ Նիկոլի կողմից տարվող դիվականացումը շարունակվում էր: Իսկ դա օբյեկտիվորեն ավելի արդյունավետ էր, քան դրա դեմ տարվող աշխատանքը:

Ավելի արդյունավետ էր, քանի որ հողն արդեն վաղուց մշակված էր, եւ ատելության սերմերն էլ վաղուց ծիլ էին տվել բարեբեր այդ հողում: Այնպես որ, նիկոլիզմից մեր երկիրն ազատելու համար տարվող աշխատանքը չպետք է կանգնի թեկուզ մեկ շաբաթ, օր կամ ժամ, եւ միայն այդ դեպքում մոտ ապագայում մենք կունենանք քաղաքացիների այն համախմբումը, որը կուղղի սեփական սխալը եւ կվռնդի այն անձին, ում թվում է, թե իր իշխանությունն անսասան է: