«Զոդի կամուրջի» գործով նիստը հետաձգվեց, զոհերի հարազատները՝ բարկացան

«Զոդի կամուրջի» գործով նիստը հետաձգվեց, զոհերի հարազատները՝ բարկացան

Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց եւ  հետաձգվեց անցած տարվա հուլիսի 6-ին, Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով առաջին դատական նիստը։ 

Նիստը հետաձգվեց, քանի որ գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը չէր ներկայացել դատական նիստին՝ գերզբաղվածության պատճառով։ 

Նիստի հետաձգումը բորբոքեց տուժողների իրավահաջորդներին։ Լրագրողների հետ զրույցում տուժողներից մեկի իրավահաջորդը նշեց, որ, եթե կրկին հետաձգվի դատական նիստը՝ ապա բողոքարկելու են փաստաբանական պալատին։ 

Նշենք, որ նախորդ դատական նիստը կրկին հետաձգվել էր։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 11-ին։

Գործով ամբաստանյալը կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա, միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):