Ինչո՞ւ է ուշանում Պուտինի շնորհավորանքը

Ինչո՞ւ է ուշանում Պուտինի շնորհավորանքը

Դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո 3-րդ օրն է, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը ընտրություններում փայլուն հաղթանակ տարած Հայաստանի առաջին դեմքին ուշանում է։ Այն դեպքում, երբ նախկին համապետական ընտրություննեի թոհուբոհից ու ձայների հաշվարկից հետո մարդիկ քնում-արթնանում էին՝ Պուտինն արդեն շնորհավորած էր լինում։ Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց վերլուծաբան Վիգեն Հակոբյանը, այս լռությունը որոշակիորեն «դիվանագիտական պաուզա» է, որն ինքնին խոսուն է։

«Ինչ-որ մի բան հասկացնում են, և նաև ասում են՝ ինչ պետք չէ անել Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, սա են հասկացնում։ Ես կարծում եմ, որ սա,այնուամենայնիվ, պայմանավորված է Քոչարյանի գործոնով։ Գուցե եղել է ինչ-որ խոսակցություն, որից երկու կողմերը տարբեր եզրակացությունների էին հանգել և Քոչարյանի գործոնը որոշակի սառնություն է մտցնում հարաբերություններում, բայց քանի որ երկրների միջև ստրատեգիական առումով մեծ պրոբլեմներ չկան, կան մարտավարական, որովհետև ով ասես՝ հասկացրեց» ,-նկատեց Վիգեն Հակոբյանը։

Նա կարծում է, որ շատ մոտ ժանակներս այդ շնորհավորանքը պետք է լինի։ Եվ դա կլինի դիվանագիտական լեզվով հարված-շնորհավորանք։ Ի"նչ է նշանակում հարված-շնորհավորանքը։ Քաղտեխնոլոգն, ի պատասխան, ասաց՝ կլինի շատ դիվանագիտական ու չոր լեզվով շնորհավորանք, դիվանագիտական ժեստ, որը կարող էր լինել ցանկացած այլ երկրի պարագայում։

Վիգեն Հակոբյանը նկատեց,որ հիմա այդ շնորհավորանքը պատրաստվում է, մի քանի տարբերակներ են ներկայացվելու, ու պաուզան էլ չի պահվի։ Իսկ եթե պաուզան պահպանվի, ապա Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ նրանք, որպես «ատմազկա» ներքին կարգով կպատճառաբեն, թե առանձնապես շնորհավորելու բան չկար, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետ չի ընտրվել և շնորհավորանքը կլիներ այն ժամանակ, երբ շնորհավորելու բան կլիներ։