Պաշտոնատար անձինք կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում

Պաշտոնատար անձինք կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում

Սահմանադրական դատարանի որոշումները դեռեւս Գագիկ Հարությունյանի ժամանակներից անհասկանալի էին, եւ դրանք մարսելու համար առանձին «մեկնություններ» էին անհրաժեշտ լինում։ ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումը եւս բացառություն չէ, եւ տպավորություն է ստեղծվում, որ փորձառու իրավաբաններն ու սահմանադրագետներն էլ մինչեւ վերջ գլուխ չեն հանում․ ի վերջո, ինչի՞ մասին էր այս վճիռը, եւ ամենակարեւորը՝ Ռոբերտ Քոչարյանն ազա՞տ է արձակվելու, թե՞ ոչ։  Ճիշտ է՝ կողմնորոշվածների մի թիմը պնդում է, որ անհապաղ պետք է ազատ արձակվի, մյուս թիմը՝ հակառակը, բայց իրավական չեզոք կարծիք դեռեւս չի հնչել։

Մենք զրուցեցինք «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

- ՍԴ որոշումներում մշտապես այնպիսի խճողված ձեւակերպումներ են լինում, որ տարընթերցումների տեղիք են տալիս հենց իրավաբանների շրջանում։

- Սահմանադրական դատարանի գործառույթներն առանձնահատուկ են, ընդհանուր վեճ լուծող դատարան չլինելով՝ միայն ու միայն կարծիք է հայտնում տվյալ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Հիմա այս կարծիքը կարող է տվյալ գործով ազդեցություն ունենալ, կարող է՝ ոչ։ Բայց ընդհանուր պրակտիկայի վրա, միանշանակ, ազդեցություն ունի։ Կան երկրներ, որտեղ Սահմանադրական դատարանի որոշումն ինքնըստինքյան վեճի լուծում է, բայց մեր համակարգն այնպես է, որ ՍԴ որոշման հիման վրա դու միայն նորից կարող ես գնալ ընդհանուր իրավասության դատարան, որտեղ վեճը նորից քննվի, բայց արդեն այնպես, ինչպես բացատրել է Սահմանադրական դատարանը։ Սովորաբար, Սահմանադրական դատարանի որոշումներով պետք է վերականգնվի ստատուս քվոն, այսինքն՝ դատավարությունը պետք է գնա հետ՝ այն պահից առաջ, երբ խախտումը սկսվել է։ Սա նշանակում է, որ գործը պետք է վերաբացվի։ ՍԴ որոշմամբ անվերապահորեն պետք է գնալ գործի վերաբացման։ Դա 943 որոշման մեջ է նշված։

- Բայց հետ գնալ՝ քրեական գո՞րծը քննելու, թե՞ դատաքննության։

- Այն վարույթը, որի վերաբերյալ որոշումը կա։ Տվյալ դեպքում ոչ թե դատաքննությունն է, այլ կալանքի վարույթն է։ Փաստաբանները կալանքի վարույթի ժամանակ միջնորդություններ են ներկայացրել եւ ասել են՝ ազատեք կալանքից, որովհետեւ չկա կասկած, որովհետեւ նա անձեռնմխելի է, եւ հիմքն էլ 35-րդ հոդվածն է։ Հիմա նայում են 35-րդ հոդվածին՝ այնտեղ չկա նշված, բայց պետք է նշված լինի, եւ առաջանում է վեճ՝ 35-րդ հոդվածում պե՞տք է նշված լինի անձեռնմխելիությունը՝ որպես քրեական հետապնդումը բացառող հիմք, թե՞ ոչ։ Եթե Սահմանադրության մեջ կա, ուրեմն ինչ-որ մի տեղ օրենքում պետք է արտահայտվի։ Բայց օրենքում չկա։ Այսինքն՝  կա իրավունքի պատվիրանը, բայց օրենքում չկա արտահայտված այդ սահմանադրական սկզբունքը։ Հիմա պե՞տք է արտահայտված լինի, թե՞ չէ, Սահմանադրական դատարանը երեկ դրա մասին խոսեց։

- Իսկ կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ պետք է հետ գնա Դավիթ Գրիգորյանի՞ վարույթ։

- Ես չգիտեմ, դա արդեն իրենց պաշտպանները պետք է ասեն, թե որ վարույթում է․ կալանքի 4 վարույթ է եղել, ես չգիտեմ՝ կոնկրետ առաջինո՞վ, երկրորդո՞վ, երրորդո՞վ, թե՞ չորրորդով են դիմել։ Որով որ դիմել են, պետք է նայեն՝ այդ վարույթի վերջին որոշումը որն է եղել։ Եթե եղել է նախաքննության փուլում, ուրեմն պետք է որ վճռաբեկ դատարանի որոշում եղած լինի։ ՍԴ-ն մի առիթով ասել է՝ եթե ես համարել եմ որեւէ նորմ հակասահմանադրական, եւ այդ նորմը կիրառվել է որեւէ դատական ակտում, ապա անհնարին է, որ այդ դատական ակտը չվերաբացվի։ Այսինքն՝ մենք անվերապահորեն գիտենք, որ այդ գործը պետք է վերաբացվի, վերաբացվելուց հետո նոր քննություն պետք է արվի, եւ ընդհանուր իրավասության դատարանն արդեն նորովի որոշում կայացնի։

- Այսինքն՝ սա կարելի է դիտել որպես նոր ի հայտ եկած հանգամա՞նք։

- Ոչ թե նոր ի հայտ եկած, այլ նոր հանգամանք։ Դրանք տարբեր բաներ են՝ «նոր երեւան եկած» եւ «նոր հանգամանք»։ Մեր իրավաբանության մեջ միայն երկու բան է, որ նոր հանգամանք է տալիս՝ մեկը ՍԴ որոշումը, մյուսը՝ Եվրոպական դատարանի։ Հիմա հայցվորն ունի 3 ամիս, որ դիմի տվյալ դատարան, ըստ ամենայնի՝ վճռաբեկ, որպեսզի այն վարույթը, որը փակվել է արդեն, վերաբացվի, հետո վճռաբեկն ինքը կորոշի, թե որտեղ պետք է ուղարկել գործը։ Բեկանի առաջին ատյանի, վերաքննիչի բոլոր ակտերը, որտեղ այդ նորմը կիրառվել է, եւ ուղարկի կա՛մ առաջին ատյան, կա՛մ, միգուցե, ինքն էլ որոշում կայացնի եւ նորից կալանքի գործը քննի։
․․․Այնտեղ կալանքի, ասենք, 3 հիմք է եղել․ մեկը հակասահմանադրական է համարվել, կարող է դատարանը հենվել մյուս 2 հիմքերի վրա։  Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ քաղաքացու պրոցեսուալ իրավունքը խախտված է։ Այսինքն՝ երբ իր ազատության իրավունքը դատարանում պաշտպանելիս քաղաքացին դատարանին միջնորդություն է ներկայացնում, դատարանն այն մերժում է՝ հղում անելով մի այնպիսի հոդվածի, որը հետո ճանաչվում է հակասահմանադրական, նշանակում է՝ ինքնըստինքյան պրոցեսուալ իրավունքի խախտում կա։ Պրոցեսուալ իրավունքի խախտումն աներկբայորեն չի գալիս կալանքի վերացման, որովհետեւ այնտեղ այլ հանգամանքներ էլ կան, որ պետք է քննության առնել։

- Այսինքն՝ եթե ՍԴ որոշումը 10-օրյա ժամկետում հրապարակվում է ՍԴ կայքում, նոր դրանից հետո կարող են այդ ընթացակարգը սկսել։

- Տեքստը, այո, պետք է ամբողջությամբ լինի, որովհետեւ որքան կարեւոր է որոշման եզրափակիչ մասը, նույնքան կարեւոր է, թե միջնամասում ինչ կարծիքներ է արտահայտել, որովհետեւ դրանք հավասար իրավաբանական ուժ ունեն։ Եվ երբեմն շատ ավելի հետաքրքիր է ու իրավաբանորեն ուժեղ է, թե բովանդակության մեջ ինչ է գրել դատարանը, քան եզրափակիչ մասում, որովհետեւ ՍԴ-ն ընդհանրապես բացահայտում է տվյալ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը։ Օրինակ՝ կարող է հիմա ՍԴ-ն ասել, որ եթե 35-րդ հոդվածում շարադրում եք քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ցանկը, ապա անհնարին է, որ այնտեղ չլինի անձեռնմխելիությունը, որովհետեւ այդ գաղափարը Սահմանադրության մեջ նշված է։ Նշանակում է, որ օրենքում պետք է այդ գաղափարն արտահայտվի։ Մեր օրենքում չկար, բայց նախադեպում այդ գաղափարը  սահմանվել է դեռ 2012-ին։ Մենք ունեինք օրենքի եւ նախադեպի միջեւ հակասություն։

- Մեկ այլ հարց․ ՍԴ որոշումը վերաբերում էր Ռոբերտ Քոչարյանին, բայց մյուս ՀՀ քաղաքացիների պարագայում չի՞ կարող այլեւս կիրառվել ՍԴ որոշումից հետո։

- Կարող է կիրառվել այնպես, ինչպես Սահմանադրական դատարանը բացատրել է։ Այսինքն՝ եթե վաղը որեւէ քաղաքացի նույնանման միջնորդություն ներկայացնի եւ ասի՝ դադարեցրու քրեական հետապնդումը 35-րդ հոդվածով նշված անձեռնմխելիության հիմքով, դատավորը չի կարող ասել՝ այնտեղ գրված չէ։ Որովհետեւ արդեն կա Սահմանադրական դատարանի որոշում, որ այնտեղ պետք է գրված լիներ։ Սա առաջին ազդանշանն է դեպի օրենսդիր, որ պետք է շուտափույթ օրենքի բացը լրացնի։ ԱԺ-ն պետք է փոփոխություն կատարի, 35-րդ հոդվածը բարեփոխի եւ անի այն, ինչ ՍԴ-ն նշել է։ Նույնիսկ եթե չլրացնի էլ, քաղաքացիները կարող են ուղղակիորեն օգտագործել ՍԴ որոշումը։ Այլ կերպ ասած՝ կարող են տպել եւ դնել իրենց գրպանը եւ գնալ դատարան։ Պաշտոնապես հրապարակվելն արդեն իրավունք է տալիս։

- Ձեր գործընկեր Տիգրան Եգորյանը գրում է, որ գործադիրը չպետք է կատարի այդ որոշումը՝ սահմանադրական ճգնաժամի պատճառով։

- Ժողովրդավարական հասարակությունում չի կարող ՍԴ որոշումը չկատարվել եւ մի բան էլ՝ ցիտել Եվրոպական դատարանին։ Պաշտոնատար անձինք կարող են քննադատել ՍԴ որոշումը, բայց չեն կարող ասել՝ չենք կատարում։