Գեներալը գնաց

Գեներալը գնաց

Սեպտեմբերի 11-ին Արցախի նախագահը ստորագրել է գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու հրամանը, իսկ 2 օր անց հրամկազմին է ներկայացրել նոր նախարարին՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Նա 55 տարեկան է, ՊԲ-ում է 1992 թվականից, վերջին պաշտոնը ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետն է եղել։  
Բանակում Արցախի նոր նախարարին հարգում են, բայց համարում են, որ պարզապես լավ կատարող է` «գլուխը կախ»։ Նա ուժեղ առաջնորդ չէ, բայց ասում են` բանակը լավ գիտի, դիվիզիայի հրամանատարից բարձրացել է մինչեւ շտաբի պետ։

Գործող զինվորականներից ոմանք նրա նշանակումը բացատրում են պահի տրամաբանությամբ եւ Արցախի բանակի նոր դերով։ «Երեւի թե, մերոնք մտածում են, որ ՊԲ-ն այլեւս չունի այն կարեւորությունն ու բարդ խնդիրները, որ ուներ առաջ։ Դրա համար էլ ուժեղ անձնավորություն չեն ընտրել ՊԲ-ն ղեկավարելու համար»,- ասում է զինված ուժերի միջին հրամկազմի մեր աղբյուրը։
Գեներալ Արզումանյանը նախկին ազատամարտիկ, պատերազմների բովով անցած ձիգ զինվորական է, որին սիրում էր զորքը, նորանշանակի հակառակ կերպարն է։ Պատերազմի առաջին օրերին, երբ երեւաց, որ այն ժամանակվա ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը չափից դուրս համեստ է եւ դրանով իսկ թույլ` որպես ՊԲ ղեկավար, կարծիքներ կային, թե պետք է նրան արագ ազատել եւ նշանակել Միքայել Արզումանյանին։ Սակայն այդ նշանակումը կատարվեց շատ ուշ, հոկտեմբերի վերջին, երբ Ջալալը վիրավորվեց, եւ պետք էր նրան շտապ փոխարինել։ Պատերազմի ելքն այդ ժամանակ՝ հոկտեմբերի 26-27-ին, արդեն հնարավոր չէր փոխել։

Զինվորականների շրջանում տարածված տեսակետ կա, որ եթե Միշկան՝ Արցախում Արզումանյանին այդպես են կոչում, պատերազմի կեսից ստանձներ բանակի հրամանատարությունը, հնարավոր է այլ իրավիճակ լիներ մեզ համար, այդքան խայտառակ չլինեինք։ Թե՛ Արցախի քաղաքական շրջանակներում, թե՛ գեներալիտետը չեն ցանկանում Արզումանյանի պաշտոնաթողությունը հրապարակավ մեկնաբանել՝ սպասելով, որ նա ինքը կամ նրա շրջապատից որեւէ մեկը բացատրություն կտա։

«Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ պատասխանեց, որ քաղաքական դաշտում վերջին օրերին չի եղել որեւէ իրադարձություն, որի հետ հնարավոր լիներ կապել Արզումանյանի հեռացումը պաշտոնից։ «Միանգամից եղավ նրա հեռանալը։ Դա անսպասելի էր»,- ասաց նա։ Հնարավո՞ր է, որ այս կադրային փոփոխությունը տեղի ունեցավ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությունների ենթատեքստում, թե ուժայինները պետք է փոխվեն։ «Կարող է հիմա էլ փորձեն դրա հետ կապել, բայց դա չի վերաբերել Պաշտպանության բանակին»,- պատասխանեց պատգամավորը

։ Կամո Վարդանյանի՝ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին հարցին էլ պատասխանեց․ «Այդ նշանակումն անձով չէ պայմանավորված, կարծում եմ։ Ավանդաբար, շտաբի պետը փոխարինել է բանակի հրամանատարին։ Մովսես Հակոբյանը շտաբի պետն էր, դարձավ նախարար, Լեւոն Մնացականյանը շտաբի պետն էր, դարձավ նախարար, Ջալալ Հարությունյանը շտաբի պետն էր, դարձավ նախարար։ Արզումանյանին երբ բերեցին, այն ժամանակ Վարդանյան Կամոն էր շտաբի պետը, բայց պատերազմական իրավիճակը, հավանաբար, այլ էր, եւ այն ժամանակ Միքայել Արզումանյանին Հայաստանից բերեցին նշանակեցին։ Ամեն դեպքում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանձնյա ղեկավարում է իրականացնում, միանձնյա է որոշում, այդ թվում եւ կադրային հարցերը, ինչը ճիշտ չէ»։

Տեղեկությունը, որ Միքայել Արզումանյանը պատրաստվում է ազատման դիմում գրել, դեռ մի քանի ամիս առաջ էր դուրս եկել ԱՀ ՊՆ կուլիսներից։ Պատճառը, ըստ լուրերի, գեներալ Արզումանյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջեւ լարվածությունն էր։ Այն ոչ մի կերպ չէր կոտրվում անգամ այն բանից հետո, երբ Արզումանյանին Արցախի նախագահը թանկարժեք ծառայողական մեքենա հատկացրեց։ Ի՞նչ տարաձայնություններ է ունեցել Միքայել Արզումանյանն Արցախի նախագահի հետ։ Հարցը մնում է չպարզաբանված։ Ա. Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին խնդրեցինք հայտնել, թե որն է Միքայել Արզումանյանի հեռանալու պատճառը, եւ ինչ անհամաձայնություն ուներ նա նախագահի հետ։ Ասաց․ «Կարծում եմ՝ ավելի ճիշտ է այդ հարցն ուղղել պրն Արզումանյանին»։

Ամենահավանական վարկածն այն է, որ 91-92 թվականներից հաղթանակների օդը շնչած, վառ հրամանատար Միշկան չէր համապատասխանում այսօրվա հրամայականներին։ Արցախի բանակը խառն է, դիվիզիաների կրճատումներ են տեղի ունենում, հաստիքներ են վերացվում, պայմանագրայիններն ավելանում են, իսկ Հայաստանից «պրիզիվ» էլ չի գալիս, ռուս խաղաղապահների հետ ներքին տարաբնույթ հարցեր էլ կան։ Այս վերափոխված, վերաձեւված ու բովանդակային առումով նոր բանակը դժվար հոգեհարազատ լիներ Մարտակերտ, Ֆիզուլի, Ասկերան ու Քելբաջար ազատագրած նախկին ազատամարտիկին, ուստի նա գնաց։