Տանտերը հանել է տուն ներխուժածի դիմակն ու ճանաչել նրան

Տանտերը հանել է տուն ներխուժածի դիմակն ու ճանաչել նրան

Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկում է  ավազակային հարձակման փաստով դատաքննություն։ Մեղադրյալը  Դավիթ Սամվելի Գասպարյանն է, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք գործելով Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի 9-րդ շենքի 9-րդ հասցեում գտնվող, Կալեբսի  Ավետիսյանի պատկանող բնակարան, նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ իր ձեռքում գտնվող որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի գործադրմամբ պահանջել է գույք: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 24-ին' ժամը 22-ի սահմաններում։

Ըստ մեղադրանքի, երբ  բնակարան ներխուժած անձը տանտիրոջ՝  Կալեբսի Ավետիսյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել, իսկ մյուս ձեռքով փակել է վերջինիս բերանը՝ պահանջելով ձայն չհանել, հակառակ դեպքում սպառնացել է դանակով սպանել, ապա պահանջել է տանը եղած արժեքավոր գույքը, հանդիպել է Կալեբսի Ավետիսյանի դիմադրությանը, որի ընթացքում վերջինս հանել է Դավիթ Գասպարյանի դիմակը և ճանաչել նրան, ինչից հետո Դավիթ Դասպարյանը հեռացել է: