Շրջափակման մեջ հայտնված գյուղերում եղած աշխատատեղերն էլ են փակվել

Շրջափակման մեջ հայտնված գյուղերում եղած աշխատատեղերն էլ են փակվել

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման հետևանքով սոցիալական իրավիճակն անմիջապես վատացել է։ Տաքսի ծառայության սեփականատերը, օրինակ, չունի պատվերներ, չի աշխատում․ մարդիկ անվտանգությունից ելնելով գերադասում են ծայրահեղ սահմանափակել մեքենայով տեղաշարժերը։

ՄԻՊ գրասենյակի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վարչության պետ Տաթևիկ Թոխյանն արձանագրում է այն, ինչ պատմել են 6 գյուղերի բնակիչները։ «Այս պահին իրենց ասում են՝ ճանապարհը կա, այլընտրանքայինը ստեղծվում է, հացը մատակարարվում է (Գորիսի քաղաքապետարանի կողմից, ԱԻՆ-ի և կամ տարբեր այլ գերատեսչությունների, նաև մարզպետարանի), բայց իրենց խնդիրներն այնքան բազմազան են։

Առողջապահության հասանելությունը շատ վատ է։ Առհասարակ, ամեն տարի տարեկան զեկույցում գրում ենք, որ դժվարամատչելի ծառայություն է, թանկ է և հասանելի չէ ոչ մի ձևով։ Սա էլ հետը․․․ տեղ կա՝ շտապօգնության մեքենա չի գալիս, բժիշկ, սրանք խնդիրներ են, որ ․․․ որքան էլ մարդուն ասես դու պատրա՞ստ ես էս պայմաններում ապրել։ Իհարկե, մենք փորձում ենք խոսել և բացահայտել, թե ինչ կդառնա խնդիրը։ Այսինքն՝ ավելի կխորանա։ Չկա մանկական ստամոտոլոգիական ծառայություն։ Էսօր գիտենք դեպք, որ նույն քովիդի թեստը Սիսիանում չկա։ Ասում ա՝ պիտի ահագին տեղ գնամ, նոր հանձնեմ։ Այսինքն՝ եթե աշխատող ա, առանց այդ էլ իր ֆինանսական բեռը՝ թեստի գումարը, մի հատ էլ պետք է այլ բնակավայր գնա։ Կամ Որոտանի ու Ճակատենի դպրոցի ուսուցչուհին ի՞նչ պետք է անի, պետք է գնա․․․ իրենց որ ասում ես, ասում են՝ թող պատվաստվեն։ Այսինքն՝ խնդիրը էլի չի լուծվում»,-ասում է ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը։

Չհաշված այն, որ ձեթ, կարագ, առաջին անհրաժեշտության պարեն գնելու համար 150 կմ գնում են Մեղրի, հետ գալիս, դեռ ձեռքներին գումար չլինելու պատճառով այն փորձում են գնել ապառիկով։ Գորիսում սովորող ուսանողներն են անհասկանալի իրավիճակում․ չեն ցանկանում գնալ ամբողջությամբ անտառի միջով անցնող այդ ճանապարհով, որից ամեն վայրկյան կարող է դուրս գալ ադրբեջանցին և մեքենան կանգնեցնել։

Գյուղերից մեկում տան տղամարդը ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին պատմել է, որ պատրաստ է 10-15 օրով գնա աշխատի՝ Կապանում կամ այլընտրանքային ճանապարհի շինարարության վրա, փող աշխատի, բայց վախենում է գյուղում մնացած ընտանիքի համար։ «Բա որ մի բան եղավ, ադրբեջանցիք մտնեն գյուղ, իմ էրեխեքին ով պետք է պաշտպանի, ես ստիպված չեմ գնում»,-ասել է տղամարդը։