Երբ դու հայտնվում ես հրմշտոցի կիզակետում, հնարավոր է՝ տուժես
ՀՀ Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը, հետեւելով Ազատության հրապարակին հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման եւ դրա հետեւանքով քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ առաջացած բախումներին, «Ֆեյսբուք»-ի իր էջում արել է հետեւյալ գրառումը․ «Հետևում եմ, թե ինչ գրագետ, օրինապահ ձևով ու ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան են գործում Երևանի քաղաքապետարանն ու ոստիկանությունը՝ օպերայի շուրջն այլանդակող սրճարանները ապամոնտաժելիս: Կարևորը, թե որքան ճիշտ գործ են անում՝ քաղաքին վերադարձնելով կանաչ տարածքներն ու գեղեցկությունը: Երանի մարդու իրավունքների ներկայիս պաշտպանին, որ այսօր անելիք գրեթե չունի»:
Կարեն Անդրեասյանին ուղղեցինք հետեւյալ հարցերը։
-Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախման ժամանակ եղե՞լ է ուժի կիրառում։ Դուք Ձեր գրառման մեջ նշել էիք, որ մարդու իրավունքների ներկայիս պաշտպանը գրեթե անելիք չունի։ Հայտնի է, սակայն, որ ՄԻՊ ներկայացուցիչներն եղել են Ոստիկանությունում, քանի որ Ազատության հրապարակի հարակից տարածքից Ոստիկանության բաժին է տարվել 16 քաղաքացի՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Ստացվել են ահազանգեր ՄԻՊ աշխատակազմ։
-Ես գրել էի, որ գրեթե անելիք չունի։ Լավ է, որ բողոքներ կան ՄԻՊ աշխատակազմ, եւ նրանք ուշադիր են։ Իմ գնահատմամբ՝ ոստիկանությունը գործում է չափազանց կոռեկտ, օրենքի տառին համապատասխան, եւ այն բոլոր գործողությունները, որոնք իրականացնում են Ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը, իմ տեղեկություններով, օրենքի տառին համապատասխան են, եւ ոչ մի իրավունք չի խախտվում։
-Իսկ քաղաքացիները ադեկվա՞տ պահվածք են դրսեւորում։
-Ես կարծում եմ, որ քաղաքացիներից ոմանք իրենց պահում են օրինախախտ, դրսեւորում են ակնհայտ ապօրինի գործողություններ։ Ուրախ եմ, որ Ոստիկանությունը շարունակում է լինել համբերատար եւ հանդուրժող քաղաքացիների նկատմամբ։ Միեւնույն ժամանակ ես կարծում եմ, որ տուժող քաղաքացիների թիկունքում կանգնած են ուժեր, որոնք ամեն կերպ ուղղորդում եւ ամենավատ ձեւով փորձում են պրովոկացնել եւ՛ հասարակությանը, եւ՛ այդ քաղաքացիներին։
-Տուժել է նաեւ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
-Նաիրա Զոհրաբյանը եթե անիմաստ չմիջամտի հրմշտոցներին, չի տուժի։ Միաժամանակ, երբ դու հայտնվում ես հրմշտոցի կիզակետում, որտեղ պրովոկացնում են առանձին քաղաքացիների, հնարավոր է , որ տուժես։ Հույս ունեմ, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։
Կարծիքներ