Արմեն Սարգսյանը ցուցամոլ չէ, նրա այցերը Արցախ նպատակային են

Արմեն Սարգսյանը ցուցամոլ չէ, նրա այցերը Արցախ նպատակային են

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության արձագանքը՝ Hraparak.am-ի «Արմեն Սարգսյանը միակ պաշտոնյան էր, որ պատերազմի օրերին չայցելեց Արցախ» խորագրով հրապարակմանը 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս է այցելել Արցախ, երբեք դա չի արել ինքնանպատակ կամ ցուցադրության համար։ Առավել ևս պատերազմի օրերին Հանրապետության նախագահը չէր կարող այդ նպատակին ծառայեցնել պատերազմը և մարդկային դժբախտությունը: Նրա բոլոր այցերը եղել են խիստ նպատակային:
Պատերազմը պահանջում է կարգապահության և կազմակերպվածության բարձրագույն մակարդակ, պետական ինստիտուտների առավել արդյունավետ գործունեություն. ամեն մեկն իր տեղում պետք է ձգտի անել առավելագույնը:

Հանրապետության նախագահը պատերազմի օրերին շարունակել է ծանրաբեռնված կատարել իր սահմանադրական և աշխատանքային պարտականությունները։ Այդ շրջանակում Հանրապետության նախագահն ունեցել է բազմաթիվ հեռախոսազրույցներ արտերկրի իր գործընկերների հետ, հանդիպումներ հասարակայնության և քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ, բազմաթիվ հարցազրույցներ միջազգային հայտնի լրատվամիջոցներին, աշխատանքային այց կատարել Բրյուսել և Փարիզ, Արցախի դեմ ագրեսիան քննարկել Ֆրանսիայի նախագահի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵԽ պաշտոնյաների հետ, այցելել մի շարք արաբական երկրներ։

Տեղեկացնենք նաև, որ պատերազմի օրերին Հանրապետության նախագահի աշխատակազմն ընդհանուր առմամբ 81,3 մլն դրամ է հատկացրել Արցախի վերականգնման և անհրաժեշտ այլ կարիքների համար: Այդ գումարի մի մասը 2020թ. պետական բյուջեից Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից է, իսկ մյուս մասը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի հաշվեհամարին: Բացի այդ, Հանրապետության նախագահի աշխատակազմն աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիայի և ահաբեկչական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանած արցախցի բազմաթիվ ընտանիքների։ Այն եղել է ուղղակի, այսինքն՝ անմիջապես տվյալ ընտանիքներին, կամ միջնորդավորված՝ համապատասխան ֆինանսական աջակցություն հատկացնելով նրանց ապաստան տված կամ նրանց կարիքները հոգացող կազմակերպություններին։

Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստակամ է այս ծրագրերին ևս շարունակական բնույթ տալ։