Մենք՝ բանդերլոգներս

Մենք՝ բանդերլոգներս

Տեսաք, չէ՞, թե մենք ինչքան ենք ընկել: Տեսա՞ք: Մենք նշաձողը չենք իջեցրել, ոչ, մենք այն կորցրել ենք առհասարակ: Արժանապատվությունը՝ զրո, զրոյից էլ ներքեւ: Եվ սա է տասը հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդը: Զարմանում եմ արդեն՝ այդ մե՞նք ենք Արցախ ազատագրել ու Շուշի, այդ մե՞նք ենք աշխարհի պաշտոնապես առաջին քրիստոնյա ժողովուրդը, այդ մե՞նք ենք աշխարհին Վիկտոր Համբարձումյան տվել, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, մե՞նք ենք, որ Թումանյան ունենք, Տերյան, Չարենց ու Սեւակ, մե՞րն են աշխարհացունց հաղթանակներ կերտած մարշալները, գեներալներն ու զորահրամանատարները, սա՞ է այն սերունդը, որ իրեն պետք է ճանաչեր Սարդարապատից, Սասնա տնից ու Զեյթունից: Չէ, այդ ամենը միֆ չէ, ուղեղի մորմոք չէ…

Իրականություն է, որ մնացել է անցյալում: Մեր ներկան է, ավաղ, միֆ, ցնորք, դատարկություն… 
Կեսս փողոցներն ենք ընկել Ուկրաինայի ու ԵՄ դրոշներով՝ Հայաստանի ու Արցախի դրոշները տանը մոռացած. Պուտինն է գալիիիիիս… Մյուս կեսս Ռուսաստանի դրոշներով ենք ելել փողոց՝ Պուտինն է գալիիիիիս: Ու մեր կեսերից յուրաքանչյուրին թվում է՝ աշխարհ ենք զարմացնում, աշխարհը մեր շուրջն է պտտվում… Բայց ո՛չ վրիժառության կայծ կա մեր մեջ, ո՛չ գերի հետ բերելու շնորհք ունենք, ո՛չ էլ անգամ մարդկանց շարքում, մարդկանց հետ սեղան նստել-վեր կենալու հասարակ մշակույթ: Մենք նույնիսկ մեր հողի վրա ապրելու կամք չունենք: Մենք դեռ կանք, որովհետեւ մեզ դեռ չեն ոչնչացրել: Չեն հասցրել: Բայց դա արդեն ժամանակի հարց է:

Ես հայ եմ, չէ՞: Մենք այստեղ բոլորս հայ ենք, չէ՞: Հա, հայ ենք, բայց մենք մեզ այլեւս չենք ճանաչում: Մի բանդերլոգ հաղթեց Հայաստանին: Հիմա մենք՝ բոլորս, բանդերլոգներ ենք:

Կարճ կապեմ՝ ամոթ մեզ: