Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին

Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին

 

Հունիսի 9-ին Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք համայնքներում տեղի ունեցան հերթական, Արարատի, Արմավիրի, Լոռու, Սյունիքի, Տավուշի որոշ համայնքներում էլ՝ արտահերթ ընտրություններ։
Առավել շատ քննարկվեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունը, որտեղ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը մոտ 400 քվեի տարբերությամբ պարտվեց գործող քաղաքապետ, անկուսակցական, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հովանավորությունը վայելող Վահագն Գեւորգյանին։ 
Ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեց խորհրդարանական երրորդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը»։ 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեցինք այն փաստի վրա, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական ուժերը կարեւորում են ՏԻՄ ընտրությունները, ակտիվ մասնակցում դրանց, ինչո՞ւ է մեր երկրում հակառակը։

«Մենք անչափ շատ ենք կարեւորում ՏԻՄ ընտրությունները, եւ կուսակցության ստեղծման օրվանից բոլոր այն տեղերում, որտեղ ունեցել ենք ռեալ, հաղթելու շանս ունեցող թեկնածուներ, միանշանակ մասնակցել ենք։ Այս փուլում ուղղակի մարզային կառույցների ուժեղացման, վերաձեւակերպման, նոր մարդկանց ներգրավվման փուլում ենք։ Մենք չենք մասնակցում ընտրություններին զուտ մասնակցելու համար, դրա կարիքը չունենք։ Եթե մենք մասնակցում ենք, ապա պետք է մասնակցենք հաղթելու համար, իսկ այս փուլում չունեինք համապատասխան թեկնածուներ»,- ասաց ԱԺ պատգամավորը։

Մեր դիտարկմանը, թե մինչեւ հաջորդ ԱԺ ընտրություններ չե՞ն պատրաստվելու ՏԻՄ համայնքներում իրենց թեկնածուներին առաջադրել, Գեւորգ Գորգիսյանն արձագանքեց․ «Ամեն ներկայացուցիչ չէ, որ կարող է դառնալ համայնքի ղեկավար։ Մենք ավելի պատասխանատու ենք մոտենում այդ հարցին։ Այս փուլում չունեինք համապատասխան թեկնածուներ, դրա համար էլ չմտանք պայքարի մեջ»։