Տարածաշրջանում մասնակցություն ունենալու մեր գործիքը մարտունակ բանակն է

Տարածաշրջանում մասնակցություն ունենալու մեր գործիքը մարտունակ բանակն է

Զարմանալի է, բայց Հայաստանի Հանրապետության գոյության երեսուն եւ ավելի տարիները վկայում են, որ այս երկրի քաղաքական դասն այդպես էլ չի կարողանում քաղաքականապես հասունանալ:

Եվ երեւի թե հենց այդ քաղաքական հասունության բացակայության պատճառով է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու կամ դրանից դուրս գալու՝ մեզնից անկախ կարեւորված հանգամանքը փոխանակ որպես մեր բանակը սպառազինելու հնարավորություն դիտարկվի, փորձ է արվում արեւմտյան կամ ռուսական շահերի սպասարկման գործիք դարձնել:

Այս առումով, չգիտես թե ինչու, բայց այս երկրի քաղաքական դասին թվում է, թե մեր երկրի բոլոր ձախողումները կա՛մ ճիշտ դաշնակից չընտրելու, կա՛մ էլ մեր դաշնակցային պարտականությունները լավ չկատարելու հանգամանքով են պայմանավորված եւ ոչ մի աղերս չունեն երեսուն տարում մարտունակ բանակ կառուցելու մեր անկարողության հետ:

Այնինչ իրականությունն այն է, որ ե՛ւ Ռուսաստանը, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, ե՛ւ ԱՄՆ-ն, որին անընդհատ ձգտում են մեր հասարակության որոշակի շրջանակներ, կարող էին անգամ չնկատել, թե որտեղ` ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ դրանից դուրս է գտնվում իր էքզիստենցիալ մարտահրավերներին դիմակայող Հայաստանը, եթե, իհարկե, չլիներ նրանց միջեւ տարածաշրջանում ընթացող հակամարտությունը:

Հետեւաբար, պետք է արձանագրենք, որ նրանից, թե աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների համար այդքան կարեւորվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ.-ում լինել կամ չլինելու հանգամանքը, ամենեւին էլ չի փոխվում այն իրողությունը, որ այս տարածաշրջանում ավելի շատ բաներ արվում են առանց Հայաստանի, քան Հայաստանի հետ եւ նրա մասնակցությամբ:

Այս առումով այս երկիրն ու այս հասարակությունը, ի վերջո, պետք է հասկանան, որ միակ գործիքը, որով մենք կարողացել ենք, կարողանում ենք եւ կկարողանանք դերակատար լինել այս տարածաշրջանում, մարտունակ բանակն է: Եվ մենք՝ որպես երկիր ու պետություն, պետք է սովորենք բանակի եւ նրա մարտունակության համար ցանկացած գին վճարել:
Ահա հենց սա, անվտանգության համար ցանկացած գին վճարելու մեր պատրաստակամությունն է, որը, որպես սկզբունք, պետք է ընկած լինի այս երկրում կատարվող ցանկացած կանխատեսման ու վերլուծության, այս երկրում ընդունված ցանկացած որոշման հիմքում:

Այս առումով, անշուշտ, ոչ թե Ռուսաստանին կամ Արեւմուտքին սիրաշահելու նախատրամադրվածությամբ, այլ հենց այս մեկնակետից պետք է գնահատվի նաեւ ՀԱՊԿ-ում Հայաստանի մնալու կամ դրանից դուրս գալու հարցը, մանավանդ, որ այն բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու նոր հնարավորություններ է բացում:

Հարցն այն է, որ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման այս պայմաններում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալը կամ դրանից դուրս գալը կոնկրետ գին ունեցող որոշում է դարձել: Իսկ իր էքզիստենցիալ մարտահրավերներին դիմակայող Հայաստանի համար այդ որոշման գինը չի կարող հայկական բանակին ժամանակակից սպառազինությամբ սպառազինելու գնից ցածր գին ունենալ: Չի կարող, քանի որ այդ հարցը Հայաստանի համար այլեւս ոչ թե բարոյագիտական, այլ գոյապահպանական հարց է: Իսկ գոյապահպանական խնդիրներում անորոշություններն ու զիջումներն անթույլատրելի են:

Գալուստ Սարգսյան