Ինչ է սպասվում Դոգին

Ինչ է սպասվում Դոգին

Երեկ ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Շնորհավորում ենք բոլորին, հատկապես նրանց, ովքեր եղել են մեր կողքին։ Վարդան Ղուկասյանի անվտանգության նկատառումներից ելնելով Որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում, քանի որ սխալ կընկալվի որոշ մարդկանց կողմից։ Այդ իսկ պատճառով չենք արել պաշտոնական հայտարարություն այն մասին, թե նա ազատության մեջ է, բայց կարճ ասած՝ մենք բոլորս հասել ենք կարևոր հաջողության, որն ապացուցում է, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ ուղով։ Այսօրվա նիստի ընթացքում դատարանը լսել է պաշտպանական կողմի դիրքորոշումը և գնացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ այս պահին դատական ակտ դեռ չկա։ Սպասեք մեր կողմից արած հայտարարություններին՝ մանրամասները ավելի ուշ»։ 

Փաստաբան Լևոն Բաղդասարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչի՞ մասին է խոսքը, Վարդան Ղուկասյանին չե՞ն արտահանձնելու Հայաստանին, տեղեկություններ են տարածվում, որ նրան ԱՄՆ-ում ապաստան են տալու` որպես հալածյալի: 

Փաստաբանը նշեց. «Դատավորը դատալսումներից հետո գնացել է խորհրդակացական սենյակ, և մինչ այս պահը դատական ակտը հրապարակված չէ, քանի դեռ այն չի հրապարակվել, ոչինչ չեմ կարող ասել»: Այդ դեպքում ինչո՞ւ է ԴՕԿ կուսակցությունը նման հայտարարություն տարածել և շնորհավորել կուսակցության աջակիցներին, Բաղդասարյանը նշեց. «Ես որպես Ղուկասյանի փաստաբան արդեն իսկ տվեցի իմ պաշտոնական պատասխանը: Կարգը այնպես է, որ եթե դատավորը օր ու ժամ չի նշում, խորհրդակցական սենյակից դուրս է գալիս մեկ-երկու օրվա ընթացքում»: