Անիմաստ նախաձեռնություն

Անիմաստ նախաձեռնություն

Երբ 2016-ի սեպտեմբերին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը՝ մտածեցի, որ Աբրահամյանից հետո վերջապես կունենանք նորմալ կառավարիչ: Հենց կառավարիչ, որովհետև նախագահական կառավարման համակարգում այդպիսին էր վարչապետի գործառույթը: Եվ իմ հաշիվներում չսխալվեցի, քանի որ հաջորդ տարվա սկզբից արդեն երևաց, որ դա հաջողված նշանակում էր (համենայն դեպս, իմ կարծիքով): Հաջողված էր գոնե այն առումով, որ կառավարության յուրաքանչյուր նիստում վարչապետն առանձին գերատեսչություններին ուղղված հանձնարարականներ էր հնչեցնում, իսկ հետագայում ստուգում կատարման ընթացքը: Դա անհրաժեշտություն էր, քանի որ եթե 2017 թվականի Հայաստանը համեմատենք որևէ մեխանիզմի հետ, ապա դրա բազմաթիվ դետալներ փոփոխության ենթակա էին: Ու Կարապետյանը՝ թևքերը քշտած, անցել էր այդ գործին: Ի գիտություն ասեմ, որ մեկ տարվա ընթացքում հանձնարարությունների քանակը գերազանցել էր 300-ը: Եվ այդ քանակից միայն մեկ տասնյակն էր, որ տարվա վերջին չէր կատարվել: Ինչն արձանագրվել էր այն ժամանակվա ընդդիմադիր թերթերից մեկի կողմից: Ի դեպ, 2018-ի իշխանափոխությունից հետո փորձեցի վարչապետ կարգված անձի ուշադրությունը սևեռել այդ երևույթի վրա, բայց բնական է՝ առանց որևէ հաջողության:

Հիշեցի ընդդիմադիր պարբերականն ու մտաբերեցի 2015 թվականից իմ «կիսաընդդիմադիր» կարգավիճակը: Չնայած մինչ այդ ես ընդդիմադիր էի շուրջ քսան տարի, և այն էլ արմատական ընդդիմադիր: Բայց այդ թվականից իմ և ընդդիմադիր ընկերներիս ճանապարհները սկսեցին բաժանվել: Քանի որ ես կողմ էի այդ թվականին անցկացվելիք սահմանադրական բարեփոխումներին, իսկ իրենք, բնականաբար, դեմ: Ես համոզված էի, որ դրանց արդյունքում թուլանալու է ավտորիտար կառավարման բրգաձև համակարգը, և այդ հիմքով գործող իշխանությունը կարող է հեշտությամբ հեռացվել: Սակայն դա չէր ընկալվում և դրանից 4 տարի անց միայն՝ երբ արդեն տեղի էր ունեցել 2018-ի գարնանային իշխանափոխությունը, ոմանք ընդունեցին, որ այն ժամանակ ես ճիշտ էի: իսկ 2015-ին ինձ համարում էին համարյա թե վաճառված: Այդ վերաբերմունքն ավելի ամրապնդվեց 2017-ին՝ երբ սկսեցի ֆեյսբուքում Կարեն Կարապետյանի գործունեության մասին դրական գրառումներ կատարել: Մարդիկ չէին կարողանում գիտակցել, որ, որպես պետական մտածողություն կրող անհատ, ես վարչապետի գործը գնահատում էի հենց այդ տեսակետից: Ի դեպ, այդ հարցում ևս ինձ ճիշտ եմ համարում, քանի որ երբեք չեմ առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» ընդդիմադիր սկզբունքով: Որը ձևակերպվել է դեռևս շուրջ 120 առաջ՝ ռուսական առաջին հեղափոխության օրերին:

Ընթերցողին, բնականաբար, կհետաքրքրի, թե ինչ իմաստ ուներ 2023 թվականի առաջին աշխատանքային օրն ընկնել կարապետյանախառը հիշողությունների մեջ: Պատասխանեմ՝ անմիջական: Վերջինս ցանկանում էր, որպեսզի Ամանորի տոնական օրերը կրճատվեն՝ այն, ինչ արվեց Նիկոլի կողմից: Արդեն առկա էր նաև համապատասխան օրինագիծը, բայց 2018-ի իշխանափոխությունը այն փոզմիշ արեց: Եվ 4 տարի անց Նիկոլը վերադարձավ կարապետյանական գաղափարին: Բայց եթե ես այն ժամանակ կողմ էի դրան, այսօր հաստատ այդպես չէ: Չնայած կարծես թե այսօր դա ինձ չպետք է հուզեր, քանի որ երկամյա գործազրկությունից հետո ես թոշակի եմ անցել: Բայց ես արդեն նշել եմ, որ միշտ առաջնորդվել եմ պետական մտածողությամբ: Իսկ այդ տեսակետից նախկինների օրոք տոնական օրերի կրճատումը տրամաբանված էր. գործում էին բազմաթիվ ձեռնարկություններ, և հունվարի 3-ից (կամ 4-ից) աշխատելն արդարացված էր: Բայց այսօր նրանց բացակայության պայմաններում լրացուցիչ աշխատանքային օրերը, բնականաբար, վերաբերելու են միայն պետական գերատեսչություններին ու կազմակերպություններին: Ինչը նիկոլական իշխանության այդ նախաձեռնությունը դարձնում է անիմաստ:

Հ. Գ. Առանց քննարկելու հիշեցնեմ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից նիկոլական նախաձեռնության՝ դպրոցական մակարդակի «հիմնավորումը»: Վերջինս ՀՆԱ-ի ծավալը բաժանում էր տարվա օրերի վրա ու բազմապատկում հունվարյան երեք օրվա վրա: Բայց արդեն չեմ հիշում՝ ՀՆԱ-ի ծավալը բաժանում էր 365-ի (կամ 366-ի), թե միայն աշխատանքային օրերի քանակի վրա: Այդ դեպքում, բնականաբար, օրական չափաբաժինը բավականաչափ կմեծանար: