Արցախում եւ նրա շուրջ

Արցախում եւ նրա շուրջ

Արցախում արշալույսները խաղաղ են: Սեպտեմբերի սկզբին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Խորհրդարանն ընդունեց բյուջեի անցյալ տարվա կատարողականը եւ պատրաստվում է արձակուրդի: Ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Ֆուտբոլի մրցաշարն ավարտվեց, սպասվում են համահայկական խաղերը:

ՊԲ նախկին հրամանատարի աջակիցները շարունակում են ստորագրահավաքը: Ոչ ոք նրանց չի խոչընդոտում: Իշխանությունը վստահաբար վերահսկում է իրավիճակը: Տեղի ունեցան կադրային մի քանի նշանակումներ եւ փոխատեղումներ: Եւ դիսկուրսից թերևս պետք է  դուրս գա այն կաղապարը,  Հայաստանի իշխանությունները «վարկաբեկում են պատերազմ անցած գեներալներին, պարտադրում, որ Արցախի նախագահը նրանց հեռացնի»:

Ցավոք, հակառակ պատկերն ունենք: Ինչ-որ շրջանակների, երեւում է, ձեռնտու է Հայաստան-Արցախ «հակասությունների» թեման թեժ պահել, անգամ՝ բացահայտ սադրանքների եւ նենգափոխումների գնով:

Եւ հայաստանյան չորրորդ-հինգերորդական կարգի «քաղաքական»  գործիչը, որի միակ «վաստակն» այն է, որ երկու նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի «մրցակիցն» է եղել եւ ամեն ինչ արել, որ իրական ընդդիմադիր թեկնածուն հնարավորինս քիչ ձայներ ստանա, մամուլի ասուլիսում իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի ներքաղաքական իրավիճակը, ասել, որ նախագահական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը «խաղացնում է Արայիկ Հարությունյանին»՝ իրականում խաղադրույք դրած լինելով Մասիս Մայիլյանի վրա:

Ընդ որում, նա հղում է անում իր տեղեկացվածությանը: Ինչպե՞ս եւ որտեղի՞ց է նա «տեղեկացված»՝ մնում է անհասկանալի: Եւ ակամայից գալիս ես եզրակացնում ես, որ մարդը հերթական բանն է մոգոնում: Ոմանց խիստ անհրաժեշտ է, որ Արցախում կասկածեն Հայաստանի վարչապետին: Ծրագրված է հասնել նրան, որ վարչապետ Փաշինյանն Արցախում գործընկեր չունենա: Այդ իսկ պատճառով ասպարեզ է նետվում «խարդավանքի տեսությունը»:

Մեկ այլ լրատվամիջոցի վիզավին բացահայտ կշտամբում է Նիկոլ Փաշինյանին, թե ինչու՞ կտրուկ միջոոցների չի դիմում, չի վերացնում Արցախի «հակահեղափոխական օջախը»: Գործ ունենք նույն նպատակին հասնելու երկու տարբեր միջոցների հետ: Ի՞նչ է կատարվում Արցախի շուրջ: Ինչու՞ են որոշ շրջանակներ համառորեն «եզան տակ հորթ փնտրում»:

Արցախում, ինչ խոսք, խմորումների շրջան է սկսվել: Դա բնական է: Գործող իշխանությունը մի քանի ամսից կհեռանա: Խնդիրն այն է՝ ինչպե՞ս: Արցախի առաջատար քաղաքական ուժերը հասել են սկզբունքային կոնսենսուսի՝ իշխանափոխությունը պետք է տեղի ունենա սահմանադրությամբ սահմանված ժամկետում եւ ընթացակարգով: Այն է՝ հաջորդ տարի, նախագահական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններով:

Ո՞րն է այստեղ Հայաստանի իշխանությունների խնդիրը: Որպեսզի չմիջամտի, չփորձի կանխորոշել ընտրությունների ելքը: Չունենա նախընտրելի եւ ոչ ընդունելի թեկնածու: Իշխանափոխության հարցը պետք է լուծվի ընտրություններով՝ ինչպես կորոշեն Արցախի ավելի քան հարյուր հազար ընտրողները: Արցախի եւ Հայաստանի քաղաքական համակարգերը նույնական չեն, նույնը չէ նաեւ պետական կարգը: Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, Արցախը՝ կենտրոնացված-նախագահական:

Հանգամանք, որ բացառում է Հայաստանի իրավիճակի մեխանիկական ածանցումը Արցախում: Ի վերջո, պետք է առաջնորդվել ոչ թե զգացմունքներով կամ սույնրոպեական նպատակահարմարությամբ, այլ՝ իրական քաղաքական առաջնահերթությամբ: Իսկ դա պահանջում է Արցախի սուբյեկտության պահպանում եւ ամրապնդում: Կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցության ապահովման թերեւս ամենաիրատեսական հնարավորությունը հենց դա է՝ հասնել նրան, որ միջազգային հանրության համար տեսանելի եւ ընդունելի լինի, որ հայկական երկու պետությունները քաղաքական եւ իրավական տարբեր սուբյեկտներ են: Արցախի իշխանության վերջին մի քանի որոշումների արտաքին քաղաքական ուղերձը հենց դա է:

Ցավոք, որոշակի շրջանակների դա ձեռնտու չէ: Ի՞նչ են նրանք ուզում: Ի՞նչ շահեր են սպասարկում: Ընդորում՝ քողարկվելով «հայրենասիրական» զեղումներով: Արցախում, այդուհանդերձ, ոչ մի արկածախնդրություն, նույնիսկ եթե դա ներկայացվում է որպես Հայաստանի հետ միավորման «ամենակարճ ճանապարհ»՝ հանրային լուրջ աջակցություն չի գտնում:

Գերխնդիր է, որ նույն հասարակությունը, քաղաքական պատասխանատու ուժերը թույլ չտան, որ Արցախում «նավակ ճոճվի»: Արցախում ամեն ինչ կանխատեսվում եւ հմտորեն կառավարվում է: Արցախի շուրջ խարդավանքների շղթա է հյուսվում: Պետք է պատրաստ լինել եւ համախոհությամբ հաղթահարել սպասվող փորձությունները: