«Վերնատունը» կարճ կյանք է ունենալու եւ վերջ

«Վերնատունը» կարճ կյանք է ունենալու եւ վերջ

Երևանում երեկ մեկնարկեց Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած կամ նախաձեռնած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը։

Հասարակական-քաղաքական ակումբը մտադիր է հանրային-քաղաքական արդիական թեմաներով քննարկումները պարբերական դարձնել։ Ակումբի մասնակիցները հիմնականում գործող իշխանությունների քաղաքականությունը չկիսող, կամ նախկին իշխանության ներկայացուցիչներ են։ Եւ չնայած, որ տարիուկես շարունակ գործող իշխանությունները տարբեր առիթներով հայտարարում են, որ նախկիններն այլեւս քաղաքականություն վերադարձի շանս չունեն, սակայն այսօր՝ հավաքը մեկնարկելուն պես բուռն արձագանքները չուշացան։ «Գոնե Հովհաննես Թումանյանի վաստակը ու հիշատակը հարգեին ու այդ բառը չարատավորեին....», իր էջում  գրեց Իմ Քայլի պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, Վահագն Թեւոսյանն էլ Թումանյանական Թումանյանի Վերնատան լուսանկաը դրեց ու գրեց․«Ինձ համար չկա այլ Վերնատուն ու չի կարող լինել»: ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանն էլ  ընդգծեց իրենց մեծահոգությունը․«Մարդիկ, ովքեր ամենախիստ քննադատությամբ են հանդես գալիս իշխանության հասցեին, մեղադրում են իշխանությանը խոսքի ազատության սահմանափակման, ռեպրեսիաների և բոլոր մահացու մեղքերի մեջ, նրանցից ոմանք նույնիսկ անցնում են կոռեկտության սահմանն իրենց հարցազրույցներում, այսօր համաժողով են անում մայրաքաղաքի ամենամեծ դահլիճում, որը լուսաբանվում է Հանրայինի եթերով»։ 

Իշխող խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը մանրամասն չէր հետեւել քննարկմանը, բայց ասաց, որ ունի ամբողջական պատկերացում հավաքի «մտքին ու բովանդակությանը»։ Պատգամավորը մեզ հետ զրույցում կնքեց ակումբի  դատավճիռը․«Երկար կյանք չի ունենա։ Ապա բացատրեց․«Ուզում եմ նշել, որ դա անբովանդակ կառույց է լինելու, անբովանդակ հետեւություններով, որովհետեւ երբ ուսումնասիրում ես, թե ովքեր են գլխավոր դերերում եւ ովքեր են կազմակերպիչները, հասկանում ես, որ դրանք մարդիկ են, ում քաղաքական հետագիծը ոչնչացված է հենց իրենց ձեռքով, ում քաղաքական հետագիծը ՀՀ քաղաքացուն ոչինչ չի կարող տալ, քանի որ, դրա առարկայական հնարավորությունն իրենք ունեցել, բայց մսխել են։ Ընդ որում, շատ վատ են իրենց դրսեւորել թե քաղաքական դաշտում, թե պետական համակարգում եւ ըստ էության ես ուզում եմ ուղիղ կերպով ասել, որ սա Ռոբերտ Քոչարյանի կողմից  նախաձեռնված եւս մեկ պրոյեկտ է, որը միանշանակ ձախողվելու է, որովհետեւ այն, ինչ ՀՀ-ում այսօր տեղի է ունենում, դա կոչվում է արդարադատություն։

Ես ուղղակի կոչ եմ անում մեր գործընկերներին, քաղաքական դաշտին, որպեսզի սպասենք, տեսնենք զարգացումները։ Վստահ եմ, որ սա շատ կարճ կյանք ունեցող կառույց է լինելու», ասաց նա։ Հակոբյանը չի բացառում, որ  ակումբում հայտնվել են նաեւ մարդիկ, որոնք նախապես տեղյակ չեն եղել կառույցի ստեղծման պատմությանը եւ իմանալուն պես, Հակոբյանի խոսքով, հաստատ հեռանալու են․«Ես կրկնում եմ՝ սա լինելու է հերթական անբովանդակ, անմիտք կառույցը, որը կարճ կյանք է ունենալու»։ Հիշեցրեցինք, որ ժամանակին նույն մեծամտությամբ էլ Հանրապետականներն էին տառապում, բանի տեղ չէին դնում իրենց ուղղված քննադատությունները, դասեր չէին քաղում, ինչու են հիմա իրենք գնում նույն ճանապարհով եւ դեռ չտեսած կառույցի գործունեությունը, նախապես գուժում են նրա մահը։ Հակոբյանն ասաց, որ ինքն ինչ որակում, որ ուզում էր տվեց կառույցին եւ չի պատրաստվում իր բոլոր գործընկերների անունից պատասխանել հարցին։ «Ես կրկնում եմ՝ վստահ եմ, որ կառույցը երկար կյանք չի ունենալու, որովհետեւ տեսնում եմ մասնակիցների եւ շահագրգիռ կողմերի անվանականությունը եւ դա ինձ տալիս է համոզմունք, որ շատ կարճ կյանք է ունենալու։ Եւ համոզված եմ, որ այնտեղ կան մարդիկ, որոնք հանդես են գալիս Ռոբերտ Քոչարյանի գծի եւ նրա պաշտպանի դիրքերից եւ դա ինձ տալիս է մտորելու, մտածելու առիթ, որ երկար կյանք չի ունենալու»։ Տեղեկացրեցինք, որ ակումբի մասնակիցներից մեկն էլ ավանդական կուսակցությունն է՝ ՀՅԴ-ն, որը հեղափոխությունից հետո կոալիցիոն կառավարության մաս է կազմել, ստացվում է, որ երբ ՀՅԴ-ն իշխանության հետ է՝ լավն է, երբ իշխանության հետ չէ՝ վա՞տն է։

Պատգամավորը չպատասխանեց այդ հարցին, ասաց, որ ինքն իր ասելիքն արդեն հայտնել է․«Ի՞նչ կապ ունի, թե կոնկրետ ովքեր են կառույցում, ինչո՞ւ եք անձնավորում՝ ՀՅԴ-ն կամ մյուսը, ես ասում եմ՝ կարճ կյանք է ունենալու եւ վերջ, որովհետեւ գլխավոր դերակատարները ինձ տալիս են մտածելու հնարավորություն, որ դրանք չեն կարող երկար գործունեություն ծավալել»։